Ու՞մ է Աստված փրկում

82 1% 1
Հուլիսի 29, 2020թ. Տիգրան

Ու՞մ է Աստված փրկում։ Նման ձևով է վերնագրված այս հոդվածը։ Եթե կա փրկության կարիք, ապա վստահաբար կա նաև վտանգ։ Համաձայն հայերեն բացատրական բառարանի վտանգները բնորոշվում են հետևյալ ընդհանրությամբ․ չարիքի՝ աղետի՝ դժբախտության սպառնալիք կամ հնարավորություն, հնարավոր չարիք՝ աղետ:

 

Մարդը իր կյանքի ընթացքում բախվում է տարբեր վտանգների․ լինեն դրանք մեծ, թե փոքր։ Վտանգ կարող է հանդիսանալ անգամ անսարք հեծանիվի անիվը, կամ մահացու հիվանդությամբ վարակվելու հնարավորությունը։ Այս բերված օրինակների մեջ վտանգված է մարդու առողջությունը, կամ վատագույն դեպքում կյանքը, սակայն Աստված իր խոսքով հռչակում է մի վտանգի մասին, որի սպառնալիքը չի սահմանափակվում այս կյանքով։

 

11 Եւ տեսայ մի սպիտակ մեծ աթոռ, եւ նորա վերայ նստողին. որի երեսից երկինքը եւ երկիրը փախան. Եւ տեղ չ’գտնուեցաւ նորանց համար։ 12 Եւ տեսայ մեռելները մեծ եւ փոքր կանգնած աթոռի առաջին. եւ գրքեր բացուեցան, եւ մի ուրիշ գիրք էլ բացուեցաւ, որ է կեանքի գիրքը, եւ մեռելները դատուեցան այն գրքերում գրուածներից իրանց գործերի համեմատ։ 13 Եւ ծովն իր մէջի մեռելները տուաւ, եւ մահը եւ դժոխքը իրանց մէջի մեռելները տուին. եւ ամեն մէկն իրանց գործերի համեմատ դատուեցան։ 14 Մահը եւ դժոխքը գցուեցան կրակի լճի մէջ. սա երկրորդ մահն է։ 15 Եւ եթէ մէկը գրուած չ’գտնուեցաւ կեանքի գրքի մէջ, կրակի լճի մէջ գցուեցաւ։

Հայտնություն 20․ 11 - 15

 

Հետևյալ համարներում Աստված բացահայտում է մարդկությանը համար ամենամեծ վտանգը։ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՍՏԱՆ ՄԱՐԴՈՒ ՉԱՐ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ։ Այո՛, Աստված մի օր է սահմանել երբ պետք է դատապարտվի մարդկությունը, բոլոր նրանք ովքեր մերժել են Աստծու փրկության ծրագիրը, այդ դատաստանից չկա ազատում և դատավարության վճիռն է՝ ծծումբով այրված կրակե լիճը։

 

Հետևյալ համարները կարդալով, գուցե որոշները մտածեն՝ «ես մեղավոր չեմ, քանի որ կատարում եմ Աստծո կամքը», շատերն են նման կերպ մտածում, սակայն իմանալու համար թե արդյոք կատարում եք Աստծո կամքը, նախ պիտի ճանաչել այդ կամքը։

 

Թյուր կարծիք կա, որ Աստված մարդկանց տվել է տասնաբանյա օրենքը և պատվիրել՝ ով պահի այդ օրենքը կգնա դրախտ։ Սա սու՛տ է, և ոչ մեկ օրենքը չի կարող կատարել ու փրկվել դատաստանից։

 

11 Չ’կայ իմացող, չ’կայ Աստուծուն խնդրող, 12 Ամենքը խոտորեցան, միասին անպիտան եղան. Չ’կայ բարութիւն անող, մինչեւ մէկն էլ չ’կայ։ 13 Նորանց կոկորդը բաց գերեզման է, եւ իրանց լեզուներովը նենգութիւն են անում. իժերի թոյն կայ նորանց շրթունքների տակ։ 14 Որոնց բերանը անէծքով եւ դառնութիւնով լիքն է։ 15 Որոնց ոտները շուտագնաց են արիւն թափելու համար։ 16 Կործանում եւ թշուառութիւն է նորանց ճանապարհներումը։ 17 Եւ խաղաղութեան ճանապարհը չ’ճանաչեցին։

Հռովմայեցիս 3․ 11 - 17

 

8 Եթէ ասենք թէ մեղք չ’ունինք, մեր անձերը խաբում ենք եւ ճշմարտութիւնը չ’կայ մեզանում։ 9 Ապա թէ մեր մեղքերը խոստովանենք, նա հաւատարիմ է եւ արդար որ մեր մեղքերը թողէ մեզ, եւ սրբէ մեզ ամեն անիրաւութիւնից։ 10 Եթէ ասենք թէ մեղք չ’գործեցինք, ստախօս ենք անում նորան, եւ նորա խօսքը մեզանում չէ։

Ա Հովհաննես 1․ 8 - 10

 

Աստված հռչակում է․ աշխարհում չկա մարդ ով մեղք չի գործում, բոլորը մեղք են գործում, քանի որ բոլորս մեր նախածնողներից՝ Ադամից ու Եվայից, ժառանգեցինք այդ բնությունը։

 

Աստված հռչակում է․ մեղքի հետևանքը մահն է, և մեղքը ճանաչվում է օրենքով։

 

56 Մահի խայթոցը մեղքն է, եւ մեղքի զօրութիւնը՝ օրէնքը։

1 Կորնթացիս 15․ 56

20 Որովհետեւ օրէնքի գործերիցը ոչ մի մարմին չի արդարանալ նորա առաջին. Որովհետեւ օրէնքովը լինում է մեղքի գիտութիւն։ 

Հռովմայեցիս 3․ 20

 

Աստված հռչակում է․ ինչպես Ադամական մեղքով ձրի բոլոր մարդիկ դատապարտվեցին ու փոքրիկ երեխան անգամ մեղավոր բնություն ունի (օր․՝  անձնասեր է՝ խլում է խաղալիքը եղբոր ձեռքից, որ միայն ինքը խաղա, կամ միայն ցանկանում է, որ մայրը իրեն սիրի), ՆՈՒՅՆՊԵՍ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԸ ՁՐԻ Է ՏՐՎՈՒՄ։

 

Ինչպես խոսվեց մեղքի դատաստանը մահն է, և սա չի նշանակում մահանալ և վերջանալ, այլ հավերժական մահ, հավիտենական բաժանում Աստծուց, հավիտենական տանջանքի վայր։ Աստված մարդու մեղք գործելուց հետո նրան չթողեց, որ մեռնի այլ հույս երևաց՝ զոհ կատարվեց, խոստացվեց փոխանորդական մահ, նրա մահը Աստված պիտի վերցներ իր վրա։ Եվ այս դեպքը կատարվեց Քրիստոսի խաչելությամբ, մարդացյալ Աստված, մարդու փրկության համար։

 

4 Յիրաւի՜ նա մեր ցաւերը վեր առաւ, եւ մեր վիշտերը բեռնեց իր վերայ, բայց մենք նորան պատուհարուած էինք համարում, Աստուածանից զարկուած եւ նկուն եղած։ 5 Բայց նա մեր մեղքերի համար վիրաւորուեցաւ, եւ մեր անօրէնութիւնների համար հարուածուեցաւ, մեր խաղաղութեան պատիժը նորա վերայ եղաւ, եւ նորա վէրքերովը մենք բժշկուեցանք։  6 Մենք ամենքս աչխարների պէս մոլորուեցանք, իւրաքանչիւրն իր ճանապարհին դառաւ. Եւ Տէրը նորա վերայ դրաւ մեր ամենի մեղքը։ 7 Նա անիրաւութիւն կրեց եւ չարչարուեցաւ, բայց իր բերանը չբացաւ, ինչպէս մի ոչխար որ մորթուելու է տարվում, եւ ինչպէս մի մունջ մաքի իր խուզողների առաջին, այնպէս իր բերանը չբացաւ։

Եսայիա 53. 4 - 7

 

Աստված նոր կյանքի հնարավորություն տվեց իր մահով և հարությունով՝ մարդ արարածին։ Նա մեր մեղքերը ու ցավերը իր վրա կրեց, որ ով հավատա և խոստովանի իր մեղավոր լինելը չմեռնի այլ փրկվի։

 

4 Վասնզի օրէնքի վախճանը Քրիստոսն է ամեն հաւատացողի համար դէպի արդարութիւն։

Հռովմայեցիս 10․ 4

 

16 Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ։ 17 Որովհետեւ Աստուած իր Որդին չ’ուղարկեց աշխարհքը, որ աշխարհքին դատէ, այլ որ աշխարհքը նորանով փրկուի։ 18 Նորան հաւատացողը չի դատապարտուիլ, իսկ չ’հաւատացողն արդէն դատապարտուած է. Որովհետեւ չ’հաւատաց Աստուծոյ միածին Որդու անունին։ 19 Եւ սա է դատաստանը, որ լոյսն եկաւ աշխարհքը, եւ մարդիկ խաւարն աւելի սիրեցին քան թէ լոյսը, որովհետեւ նորանց գործերը չար էին։

 Հովհաննես 3․ 16 - 19

 

Երբ մենք հավատում ենք այս ամենին ու ցանկանում ենք  ստանալ Աստծո ձրի պարգևը`  մեղքերի թողություն ու հավիտենական կյանք, կարող ենք պարզ աղոթքով Աստծուն դիմել, խոստովանելով մեր մեղավոր վիճակը, որ ես էլ մեղքեր եմ գործել մեծ ու փոքր, ես էլ ունեմ քո կարիքը, խնդրում եմ արի իմ կյանք ևս ու փոխիր այն քո կամքի համեմատ: Ահա նման մի աղոթքի օրինակ, որը կարող եք լսել սեղմելով [ԱՅՍՏԵՂ]:



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.