Սրբության կյանքը ապրելով

93 0% 0
Հուլիսի 30, 2020թ. Տիգրան

Վերստին ծնունդ ունենալուց հետո հավատացյալին Աստված չի ասում․ «գնա ապրիր աշխարհի մեջ, կարևորը փրկվեցիր», այլ հրամայում է սրբության կյանք ապրել։ Մեր վերստին ծնունդ ունենալով ծնվեց մեր մեջ նոր անձնավորություն, ու ինչպես մի նորածին երեխա կարիք ունի շնչելու և ուտելու, նույնպես մեր նորածին անձը։ Սակայն նորածին երեխան շնչում է օդ, իսկ նորածին հավատացյալը պետք է «շնչի» աղոթելով, և դարձյալ նորածին երեխան ուտում է կաթ, իսկ նորածին հավատացյալը պետք է «ուտի» Աստծո խոսքը՝ Աստվածաշունչը։ Տիրոջ պատգամն է նաև, որ մեկտեղ հավաքվելը չթողնենք, ու կանոնավոր եկեղեցի հաճախենք,  հանդիպելով այլ քրիստոնյաների հետ, ու փառաբանելով Աստծուն միասին։

 

Այս ամենի մեջ աճելով մենք պետք է նաև սկսենք պտուղ տալ, ու տարածել Տիրոջ խոսքը այլ մարդկանց։

 

1 Ես եմ ճշմարիտ որթը, եւ իմ Հայրը մշակն է։ 2 Ամեն ճիւղ, որ ինձանում է եւ պտուղ չէ բերում, Նա կտրում է նորան. Եւ ամեն պտուղ բերողին մաքրում է, որ էլ աւելի պտղաբեր լինի 3 Դուք արդէն մաքուր էք այն խօսքի համար, որ ձեզ հետ խօսեցի։ 4 Կացէք ինձանում՝ եւ ես ձեզանում. Ինչպէս որ ճիւղն իր անձիցը կարող չէ պտուղ բերել, եթէ որթումը չ’մնայ, այսպէս ոչ էլ դուք՝ եթէ ինձանում չ’մնաք։ 5 Ես որթն եմ՝ դուք ճիւղերը. Նա որ ինձանում մնում է, եւ ես նորանում, նա շատ պտուղ է բերում. Որովհետեւ առանց ինձ չէք կարող ոչինչ անել։ 6 Եթէ մէկն ինձանում չէ մնում, նա դուրս կ’գցուի ինչպէս ճիւղը, եւ կ’չորանայ. Եւ ժողովում են նորանց եւ կրակի մէջ գցում, եւ այրվում է։

Հովհաննես 15․ 1 - 6

 

Հավատացյալները պետք չէ երբեք չարաշահեն Աստծու բարությունը, այլ զգուշանան, քանի որ Բարի Աստված հավասարաչափ Արդար Աստված է։ Մենք երբեք չպիտի խառնվենք աշխարհին, այլ նայենք Քրիստոսին ու մինչև նրա սրբությանը հասնելու աստիճանին վազենք։ Հիշե՛նք, մեր հավատակից եղբայրները և քույրերը՝ սպանվում են, այրվում, ծեծվում, գլխատվում, աշխարհի շատ այլակրոն երկրներում, միթե մենք պիտի չնչին նեղություններից խույս տալու համար ուրանանք Աստծուն մեր հանգիստ կյանքի համար։

 

11 Մինչեւ այս օրուայ ժամը սովում էլ ենք՝ ծառաւում էլ, մերկ էլ գնում ենք եւ գլխներս զարկվում էլ է եւ աստանդական ման ենք գալիս։ 12 Եւ աշխատում ենք մեր ձեռքերովը գործելով. բամբասում են մեզ, իսկ մենք օրհնում ենք. Հալածում են եւ մենք համբերում ենք. 13 Հայհոյում են, մենք աղաչանք ենք անում. ինչպէս աւելուք եղանք աշխարհքին՝ ամենի ջնջոց լինելով մինչեւ հիմա։

1 Կորնթացիս 4․ 11 - 13

 

Հավատացյալը պետք է զտվի աշխարհից ապրելով սրբության կյանք, հիշե՛նք՝ մենք կանգնելու ենք Քրիստոսի ատյանի առաջ և քննվելու են մեր բոլոր գործերը, որ կատարել ենք հավատքի գալուց ՀԵՏՈ։ Ուստի ամեն օր սրբացնենք մեր անձերը ինչպես մեր հավատքի առաջնորդն էլ Սուրբ է։

 

17 Արդ սա եմ ասում եւ վկայում Տէրով, որ դուք այլ եւս չ’գնաք ինչպէս ուրիշ հեթանոսներն են գնում իրանց մտքի ունայնութիւնովը, 18 Որ խաւարուած են մտքով, եւ օտար՝ Աստուծոյ կեանքիցը, այն տգէտութեան պատճառովը որ նորանցում է. իրանց սրտերի կուրութեան համար։ 19 Որ անզգայացած՝ իրանց անձերը մատնեցին անառակութեան ամեն պղծութեան գործերի մէջ ագահութիւնով։ 20 Բայց դուք Քրիստոսին այսպէս չ’սովորեցիք. 21 Եթէ նորանից լսեցիք, եւ նորանով սովորեցիք՝ ինչպէս որ ճշմարտութիւնն է Յիսուսումը. 22 Որ ձեզանից դուրս հանէք առաջի գնացքի պէս եղող հին մարդը որ խաբեբայութեան ցանկութիւնովն ապականուած է. 23 Եւ ձեր մտքի հոգովը նորոգուէք. 24 Եւ նոր մարդին հագնէք՝ որ Աստուծոյ պատկերին պէս ստեղծուած է՝ ճշմարտութեան արդարութիւնովը եւ սրբութիւնովը։ 25 Նորա համար դէն գցելով ստութիւնը՝ խօսեցէք ճշմարտութիւնն ամեն մարդ իր ընկերի հետ, վասնզի իրար անդամ ենք։ 26 Բարկանաք՝ մի մեղանչէք. Թող արեգակը ձեր բարկութեան վերայ չ’մտնէ։ 27 Եւ տեղի չ’տաք սատանային։ 28 Նա որ գողանում էր, թող էլ չ’գողանայ, այլ մանաւանդ աշխատէ իր ձեռներովը բարին գործելով. որ ունենայ տալու՝ պէտք ունեցողին։ 29 Ոչ մի գէշ խօսք չ’դուրս գայ ձեր բերանիցը. բայց այն՝ որ բարի է՝ շինութեան համար հարկաւոր, որ շնորհք տայ լսողներին։ 30 Եւ մի տրտմեցնէք Աստուծոյ Սուրբ Հոգին, որով կնքուեցաք փրկութեան օրուայ համար։ 31 Ամեն դառնութիւն եւ բարկութիւն եւ սրտմտութիւն եւ աղաղակ եւ հայհոյութիւն թող վեր առնուի ձեզանից՝ ամեն չարութեան հետ։ 32 Եւ իրար հետ քաղցր եղէք, գթած՝ իրար ներելով, ինչպէս Աստուած էլ Քրիստոսով ձեզ ներեց։

Եփեսացիս 4․ 17 - 32

 

7 Ուրեմն մասնակից մի լինիք նորանց։ 8 Վասնզի մի ժամանակ խաւար էիք, իսկ հիմա լոյս էք Տէրումը. լոյսի որդիների պէս գնացէք։ 9 Որովհետեւ Հոգու պտուղը ամեն բարութիւնով է, եւ արդարութիւնով, եւ ճշմարտութիւնով։ 10 Փորձեցէք թէ ինչ է հաճոյ Տիրոջը։ 11 Եւ մասնակից մի լինիք խաւարի անպտուղ գործերին. այլ մանաւանդ յանդիմանեցէք։

Եփեսացիս 5․ 7 - 11

 

 



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.