Հավատացած անտեսանելիին
38 8% 3
Օգոստոսի 17, 2020թ. Տիգրան

Անհավատ մարդը հաճախ արդարացնում է իր անհավատությունը՝ տեսնենք կհավատանք, խոսքերով։ Երբ խոսքը գնում է տեսնելու մասին, միանշանակ ակնկալվում է որևէ տեսանելի հրաշքի կամ նշանի, սակայն չստանալով նման մի բան, ավելի են խորասուզվում ունեցած անհավատության մեջ։

Մարդը ցանկանում է Աստծուն ճանաչել իր կամքի համեմատ, սակայն Աստված իր խոսքում բազմիցս ասում է՝ խոնարհվիր, որ հասկանաս։

 

Այս «նշանամոլությունը» մարդկանց մեջ դեռ շատ վաղուց էր տարածված։ Նման նշանների ակնկալիքով մարդիկ շատ հաճախ գալիս էին անգամ Տեր Հիսուսին։

 

38 Այն ժամանակ դպիրներիցը եւ Փարիսեցիներիցը ոմանք պատասխան տուին եւ ասեցին. Վարդապետ, ուզում ենք քեզանից մի նշան տեսնել։

Մատթեոս 12․ 38

 

1 Եւ Փարիսեցիները եւ Սադուկեցիները նորա մօտ եկան, եւ փորձելով նորանից ուզում էին որ երկնքիցը մի նշան ցոյց տայ նորանց։

Մատթեոս 16․ 1

 

Հնարավոր է  անհավատ մի մարդ այժմ մտածի, բայց ի՞նչ վնաս բան կա նշան խնդրելու մեջ։ Պատասխանը հետևյալն է․ հավատքը չտեսած բաների վրա է, ինչը և Աստված է պահանջում, սակայն անհավատ մարդուն նշանները բավարար չեն լինում երբեք։

 

37 Եւ թէպէտ նա այնքան նշաններ արել էր նորանց առաջին, նորանք չէին հաւատում նորան. 38 Որ Եսայիա մարգարէի խօսքը կատարուի, որ ասեց. Տէր, ո՞վ հաւատաց մեր լուրին, եւ Տիրոջ բազուկը ո՞ւմ յայտնուեցաւ։ 39 Նորա համար չէին կարողանում հաւատալ. Որ Եսայիան դարձեալ ասում է. 40 Նորանց աչքերը կուրացրեց, եւ նորանց սրտերը թմրացրեց, որ աչքով չ’տեսնեն, եւ սրտով չիմանան, եւ դառնան՝ եւ ես բժշկեմ նորանց։

Հովհաննես 12․ 37 - 39

 

 Եթե անհավատների դեպքում հասկանալի է նրանց նշաններ խնդրելու հանգամանքը, ապա ինչու են իրենց կյանքում երևելի նշաններ, հրաշքներ, երազներ ու նման բաներ, փնտրում հավատացյալները։ Այս «երազամոլությունը» և «տեսիլքամոլությունը» ևս հանդիսանում են նշաններ փնտրելու ձևեր։ Սրանք բոլորն էլ դատապարտելի են Աստծու առաջ, և եթե անհավատը դրանով արդարացնում է իր վիճակը, հավատացյալը սրանով փորձում է մեծ մեկը իրեն ցույց տալ հավատակից եղբայրների ու քույրերի մեջ, սրանով պատճառ դառնալով մարդկանց Աստծուց շեղելուն։

 

«Աստված ինձ ասաց, որ Ձեզ գամ ասեմ․․․», այս նախաբան ունեցող հավատացյալներից փախեք, նրանց փրկությունը անգամ մեծ հարցականի տակ է, քանի որ իրենց կյանքի ընթացքով չեն ապացուցում փրկված լինելու հանգամանքը։ Երազներ, տեսիլքներ, լեզուներով խոսել․․․

 

Երևույթների ետևից լինելը խոսում է հավատացյալի տկար հոգևոր գիտություն ունենալու փաստի մասին։ Եվ քանի որ սատանան վարպետ է մարդկանց խաբելու լուսավոր հրեշտակի կերպարանքով «ՄԵԾ-ՄԵԾ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՏԱԼԻՍ»։

 

Նյութի ծավալուն լինելու պատճառով, առաջարկում եմ ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալ դիտելով (սեղմեք դիտելու համար) => [ ԱՅՍ ՔԱՐՈԶԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ]