ՆԵՐԵԼ։ Դժվա՛ր է, բայց ու՞մ համար

118 1% 1
Մարտի 8, 2021թ. Տիգրան

Ներել․ ո՞վ չի ներում խնդրել կա՛մ ներել։ Վստահ եմ շատերս անգամ մանուկ հասակից առնչվել ենք այս գործողության հետ։ Թեպետև այս երկուսն էլ մեր ամենօրյա կյանքում հաճախ պատահող երևույթներ են, սակայն պարզվում է բավականին սխալ հասկացված են դրանց իսկությունը (բովանդակությունը)։

 

Մասնավորապես․ համաձայն՝ Ս․ Մալխասեանցի հայերէն բացատրական բառարանի, ներել նշանակում է՝ թողուլ, արձակել, թոյլատրել, արտօնել, շնորհել, հանդուրժել, խնայել։

 

Բանից պարզվում է մարդիկ ոչ միայն այսպիսի բացատրություն են տալիս ներելուն, այլ նաև առաջնորդվում են այս սկզբունքներով, ներել՝ ուրեմն թուլություն անել դիմացինի առաջ, նրա զանցանքները հանդուրժել և ինքնազոհությունների գնալ։ Իրապե՛ս՝ խիստ դժվար մի բան է մարդու համար ներելը, առանձին պարագաներում անգամ անհնարին, քանի որ ո՛չ մի ադամորդի չի ցանկանում իր անձը ստորադասել դիմացինի առաջ, չէ որ անսխալական ԵՍ-ը և ներքին հպարտությունը ստիպում են բոլորի հանդեպ գերազանցություն զգալ։

 

Ոմանք կան, խոստովանում են անգամ․ «ուզում եմ ներել, բայց չեմ կարողանում»։

Այո՛, հավատում ենք, քանի որ բոլորս էլ ներելու այդ «օրգանը» չունենք, սակայն Սուրբ Հոգու միջոցով ստանում ենք, երբ Աստծուն ենք հանձնում մեր կյանքը։

 

Սիրելինե՛ր, եթե աշխարհը չի կարողանում ներել, քանի որ չունի Սուրբ Հոգին ու վերստին ծնված չէ, ապա իր զավակներին Աստված խիստ հրաման ունի տված․

14․ Որովհետև եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների։

Մատթեոս 6․ 14

Մենք վիճակի սրբություն ունենալու համար միշտ ապաշխարում ենք (որպեսզի ներում ստանանք առօրյա գործած մեղքերի համար), բայց Աստված ասում է․ նախ դու ներիր քո հանդեպ մեղք գործածին, հետո խնդրի՛ր ինձնից քեզ ներել։

12․ Եվ ների՛ր մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին։

Մատթեոս 6․ 12

 

ԱՍՏՎԱԾ ՄԻԱԿ ԱՆՍԽԱԼԱԿԱՆՆ Է․

Աստված զորեղ ու սուրբ է, սակայն չնչին ու աննշան մարդուն սիրով ներեց.

16. Տեր Աստված պատվիրեց մարդուն՝ ասելով. «Պարտեզի բոլոր ծառերից համարձակ կե՛ր, 17. բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կեր, որովհետև այն օրը, երբ նրանից ուտես, անպայման կմեռնես»։

ԾՆՆԴՈՑ 2. 16 - 17

Աստված մարդու հնազանդությունը փորձելու համար մի պարզ հրաման տվեց՝ չուտել պարտեզում գտնվող ընդամենը մի պտղից, բայց․․․

4․ Օձը կնոջն ասաց. «Բնավ չեք մեռնի. 5․ այլ Աստված գիտե, որ այն օրը, երբ դրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն, և աստվածների նման կլինեք՝ բարին և չարն իմացող»։

ԾՆՆԴՈՑ 3․ 4 - 5

Այլ կերպ ասած․ «այդ Աստվածը, որ պաշտում եք Ձեզ խաբեց ու Ձեր վրա տիրում է, որպես բռնապետ», և մարդը հավատաց ու Աստծուն հենց այդ կերպով էլ ընդունեց՝ ուտելով արգելված պտուղը։

 

Հաջորդ համարներում կարդում ենք, թե ինչպես ճղճիմ մի էակ՝ քիչ առաջ ԱՍՏԾՈՒՆ ԱՆԱՐԳԱԾ, ներում է ստանում Տիրոջ կողմից։

21․ Եվ Տեր Աստված Ադամի ու նրա կնոջ համար կաշվից հանդերձներ պատրաստեց և հագցրեց նրանց։

ԾՆՆԴՈՑ 3․ 21

Մարդու մեղքի պատիժը՝ մահը, կրելու համար խորհրդանշական զոհ կատարվեց, հագուստ պատրաստվեց անմեղ կենդանու կաշվից, որպեսզի փակի նրանց ամոթալի մերկությունը։ Անմեղ կենդանու զոհը խորհրդանշում էր գալիք միակ սուրբ Զոհին՝ Աստծու Որդուն՝ Տեր֊Հիսուսին։

 

ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔՈՒՄ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՇԱՏ ԵՆ ՏԻՐՈՋ ՍԵՐԸ ՈՒ ՆԵՐՈՂԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏՈՂ ՀԱՄԱՐՆԵՐԸ, ԴՐԱՆՑԻՑ ՄԻ ՔԱՆԻՍԸ ԵԿԵՔ ԿԱՐԴԱՆՔ․

18․ “Տերը համբերատար է և բազումողորմ, անօրենությունն ու հանցանքը ներող, բայց ամենևին անպատիժ չի թողնի հանցավորին՝ հայրերի անօրենությունը հատուցել տալով նրանց զավակներին՝ մինչև երրորդ և չորրորդ սերունդը”։

ԹՎԵՐ 14․ 18 

18․ Քեզ նման Աստված ո՞վ կա, անօրենություն ներող և իր ժառանգության մնացորդի հանցանքն անտեսող, որ իր բարկությունը հավիտյան չի պահում, որովհետև նրան հաճելի է ողորմությունը։

ՄԻՔԻԱ 7․ 18 

5․ Որովհետև դու, Տե՛ր, բարի ես և ներող և ողորմությամբ հարուստ բոլոր քեզ կանչողների համար։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 86․ 5

 

Սիրելի ընթերցո՛ղ, այսօր ՀԵՆՑ ԴՈՒ, ունես Աստծուց ներում ստանալու կարիք, և դու հիմա կասես․ «էտ ինչ եմ արել», իսկ Աստված ասում է․

23․ Որովհետև բոլորը մեղանչեցին ու զրկվեցին Աստծու փառքից։

Հռոմեացիներին 3․ 23

8․ Եթե ասենք, թե մեղք չունենք, ինքներս մեզ ենք խաբում, և մեր մեջ ճշմարտություն չկա։ 9․ Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից։ 10․ Եթե ասենք, թե մեղք չենք գործել, նրան ստախոս ենք հանում, և նրա խոսքը մեր մեջ չէ։

Ա Հովհաննես 1․ 8 - 10

ԲՈԼՈՐԸ ԱՆԽՏԻՐ ՄԵՂԱՆՉԵԼ ԵՆ՝ մեկ անգամ ստել, մտքում հիմար անվանել որևէ մեկին, խախտել Աստծու օրենքը, և բոլորս էլ կարիք ունենք ներում ստանալու։

Աստված այսօր մարդկության համար որպես փրկիչ է, երբ հավատանք ու մեր կյանքը հանձնենք նրան, սակայն եթե այսօր Աստծուն չգաս, ՔՈ մահից հետո Նա ՔՈ արդար դատավորն է, ու պիտի դատի քեզ քո բոլոր մեղքերի և գլխավորապես ԻՐ ՈՐԴՈՒՆ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԱՄԱՐ։ Անգամ դատաստանի վճիռը մեզ հայտնի է՝ դժոխք ապա հավիտենական կրակե լիճ։

Որովհետև մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։

Հռոմեացիներին 6․ 23

 

Խույս տալու միջոցը Հիսուս Քրիստոսին ընդունելն է, Աստված քո համար մեռավ, որպեսզի եթե հավատաս արդարանաս ու ներում ստանաս քո մեղքերից։

Պետք չունես մարդուն գնալու ու մարդուն խնդրելու, քո տանը պարզ աղոթքով անգամ սեփական բառերով Տեր֊Հիսուսին դիմիր ու ասա․

«Տեր֊Հիսուս խնդրում եմ ներիր իմ մեղքերս, օգնիր ճանաչեմ՝ որ դու իմ փրկիչն ես, փոխիր իմ կյանքը ու այն դու ղեկավարիր քո փառքի համար»։

 

Եթե գիտակցաբար, աղոթքը աղոթեցիր, ապա Աստված հավատարիմ է և քեզ ո՛չ միայն մեղքերի թողություն տվեց, այլ նաև հավիտենական կյանք, և Իր զավակը լինելու արտոնություն։

18․ Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծու միածին Որդու անվանը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 3․ 18



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.