ԱՄԵՆՈՒՐԵՔ ՍԱՐՍԱՓ։ ԻՆՉՈՒ՞

130 1% 1
Դեկտեմբերի 15, 2020թ. Տիգրան

Որքա՞ն մեծ պատասխանատվություն է մի ժողովրդի համար՝ լինել Աստծու ընտրյալը։ Մարդկային պատմության մեջ մի պետություն է եղել այս կարգավիճակով և կոչվում է Իսրայել։

Վստահ եմ, որ զարմացած մարդիկ կարող են հարցում տալ՝  «իսկ հայե՞րը», սակայն Տիրոջ Խոսքը միայն Աբրահամի սերունդն է երկրավոր ժողովրդի կարգավիճակով բնորոշում, ուստի թե՛ հայերը, թե՛ հույները, թե՛ իսմայիլյանները սոսկ հավակնություններ են անում։

 

Անշուշտ օրհնություն է՝ տնօրինվել Աստծու կողմից, քայլել Տիրոջ պատգամների և խոստումների մեջ, ունենալ Նրա օրենքը և ուխտերը, սակայն ի սկզբանե ասացինք զուգակշիռ պատասխանատվության մասին, ինչը Իսրայելը հաճախ մոռանում էր։

12․ Գնա՛ և այս խոսքերը հայտարարի՛ր դեպի հյուսիս և ասա՛. “Հե՛տ դարձիր, ո՛վ ուխտադրուժ Իսրայել,- ասում է Տերը,- իմ բարկությունը ես ձեզ վրա չեմ թափի, որովհետև ես ողորմած եմ,- ասում է Տերը,- հավիտյան ոխ չեմ պահի։ 13․ Միայն թե ճանաչի՛ր քո անօրինությունը, որ ապստամբեցիր քո Տեր Աստծու դեմ և ճանապարհներդ փռեցիր օտարների առաջ ամեն կանաչ ծառի տակ, և իմ ձայնին չանսացիք,- ասում է Տերը։-

ԵՐԵՄԻԱ 3․ 12 - 13

 

Աստված համակ (ամբողջապես) սեր է (տես՝ Ա Հովհաննես 4․8) և չի ցանկանում՝ մարդը մեղանչի ու կրի մեղքի հետևանքը։ Տերը ուզում է բոլորը ապաշխարեն մեղքից ու իրեն գան։

21․ Լերկ բլուրների վրա մի ձայն է լսվում՝ Իսրայելի որդիների լացն ու աղաչանքը, որովհետև նրանք թեքել են իրենց ճանապարհը, մոռացել են իրենց Տեր Աստծուն։

22․ «Վերադարձե՛ք, ո՛վ ուխտադրուժ որդիներ, ես ձեր ուխտադրժությունը կբժշկեմ»։

ԵՐԵՄԻԱ 3․ 21 - 22

 

Հավանաբար նկատեցիք, որ երկու բերված համարներն էլ Երեմիայի մարգարեությունից էին, ու պատահական չէ՛ր, քանի որ այս հոդվածում պիտի քննենք այդ գրքում գրված մի դեպք, երբ Իսրայելի վրա հասավ իրենց գործերի հատուցումը՝ Տիրոջը թողելու, ու հեթանոսների վարքը կրկնօրինակելու համար։

Նյութը խիստ արդիական է, ինքներս այժմ գտնվում ենք նման մի իրավիճակում՝ Տիրոջ անունը կրող, բայց սրտով հեթանոս ժողովուրդ հանդիսանալով։

 

Հովսիա, Հովակիմ ապա Սեդեկիա թագավորների օրերում՝ Տերը ապաշխարություն էր պահանջում իր ժողովրդից, քանի որ ընտրված ժողովուրդը այնպիսի մեղքերի մեջ էր հայտնվել ու կատարում էր այնպիսի գործեր, որ հեթանոսներին էր բնորոշ։

17․ Մի՞թե դու չես տեսնում՝ նրանք ինչ են անում Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի փողոցներում։ 18․ Որդիները փայտ են հավաքում, իսկ հայրերը կրակ են վառում, կանայք խմոր են հունցում, որ երկնքի թագուհու համար բլիթներ շինեն և թափելու նվերներ մատուցեն ուրիշ աստվածների, որպեսզի իմ բարկությունը գրգռեն։

ԵՐԵՄԻԱ 7․ 17 - 18

 

Հասարակ ժողովուրդը, քահանաները, թագավորները և կարծես բոլորը մոռացել էին Աստծու գոյությունը՝ ապրելով ինչպես միայն մարմին, թեև հպարտացած էին՝ «ընտրված ժողովուրդ» տիտղոսով։

8․ Քահանաները չասացին. "Որտե՞ղ է Տերը", և օրենքի ուսուցիչներն ինձ չճանաչեցին, հովիվներն ապստամբեցին իմ դեմ, մարգարեները Բահաղով մարգարեացան և անպիտան բաների հետևից գնացին”։

ԵՐԵՄԻԱ 2․ 8

 

Մարդիկ պարզապես չէին հավատում, որ իրենց արարքների համար կարող է ինչ որ ժամանակ Աստծու բարկությունը վրա հասնել։

12․ Նրանք ուրացան Տիրոջը և ասացին. «Նա չէ. մեզ վրա չարիք չի գա, և սուր ու սով չենք տեսնելու։ 13․ Եվ մարգարեները քամի են, և Տիրոջ խոսքը նրանց մեջ չէ. այսպես է լինելու նրանց»։

ԵՐԵՄԻԱ 5․ 12 - 13

 

Ապաշխարություն քարոզվեց, բայց ժողովուրդը ու մեծերը մերժեցին, և ի վերջո հասավ Տիրոջ արդարությունը՝ Իսրայելի վրա հարձակվեց Բաբելոնը․ ժողովուրդը սպանվեց կամ գերեվարվեց, քաղաքը այրվեց, տաճարը քանդվեց․․․

11․ Դրա համար Տերն այսպես է ասում. «Ահա ես նրանց վրա չարիք եմ բերելու, որից նրանք չեն կարողանա խուսափել. կկանչեն ինձ, բայց ես նրանց չեմ լսի։ 12․ Եվ Հուդայի քաղաքներն ու Երուսաղեմի բնակիչները կգնան և կկանչեն այն աստվածներին, որոնց իրենք խունկ էին ծխում, բայց նրանք բոլորովին չեն ազատի նրանց իրենց դժբախտության ժամին։

ԵՐԵՄԻԱ 11․ 11 - 12

5․ Ո՞վ պիտի գթա քեզ, ո՛վ Երուսաղեմ, և ո՞վ ցավակից պիտի լինի քեզ, և ո՞վ պիտի կանգնի՝ հարցնելու քո որպիսության մասին։ 6․ Դու ինձ լքեցիր,- ասում է Տերը,- հետ ընթացար, ես էլ իմ ձեռքը երկարացնելու եմ քեզ վրա և քեզ կործանելու. ես հոգնել եմ գթալուց։

ԵՐԵՄԻԱ 15․ 5 - 6

 

 

ԱՅՍՕՐ ԱՍՏՎԱԾ ԻՐ ԱՆՈՒՆԸ ԿՐՈՂ, ԲԱՅՑ ՀԵԹԱՆՈՍԻ ՎԱՐՔԸ ՈՒՆԵՑՈՂ ԺՈՂՈՎՐԴԻՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ԱՍՈՒՄ Է ԱՊԱՇԽԱՐԻՐ․

Ապաշխարել նշանակում է․ այսքան տարի՝ ինքդ քո համար ապրելուց, մեղք գործելուց հետո, կյանքդ հանձնես Տեր֊Հիսուսին։

Դադարի՛ր՝ տրնդեզ, ջրոցի տոնելուց, մի համբուրիր՝ սրբապատկերները, մասունքները ու մետաղները, ավանդույթներով Աստծու կամքը չեն կատարում (տես․՝ Մատթեոս 15․ 3)։

 

Աստված բոլորին կանչում է իրեն․ ազգերին, անհատներին, բոլորի՛ն։ Եթե ընդունես այս հրավերը՝ Տերը կգա ու կբնակվի քո սրտի մեջ, կփոխի կյանքդ, կմաքրի մեղքերդ ու հավիտենական կյանք կտա։

48․ Ով ինձ անարգի ու իմ խոսքերը չընդունի, կա մեկը, որ նրան կդատի. այն խոսքը, որ ես խոսեցի, դա է դատելու նրան վերջին օրը։ 49․ Որովհետև ես ինքս ինձնից չեմ խոսել, այլ Հայրը, որ ինձ ուղարկեց, նա՛ է ինձ պատվիրել, թե ի՛նչ պետք է ասեմ և ի՛նչ պետք է խոսեմ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 12․ 48 - 49

 

Դատաստանից խույս տալու միջոցը Հիսուս Քրիստոսին ընդունելն է, Աստված քո համար մեռավ, որպեսզի եթե հավատաս արդարանաս ու ներում ստանաս քո մեղքերից։

Պետք չունես մարդուն գնալու ու մարդուն խնդրելու, քո տանը պարզ աղոթքով անգամ սեփական բառերով Տեր֊Հիսուսին դիմիր ու ասա․

«Տեր֊Հիսուս խնդրում եմ ներիր իմ մեղքերը, օգնիր ճանաչեմ՝ որ դու իմ փրկիչն ես, փոխիր իմ կյանքը ու այն դու ղեկավարիր քո փառքի համար»։

 

Եթե գիտակցաբար, աղոթքը աղոթեցիր, ապա Աստված հավատարիմ է և քեզ ո՛չ միայն մեղքերի թողություն տվեց, այլ նաև հավիտենական կյանք, և Իր զավակը լինելու արտոնություն։

18․ Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծու միածին Որդու անվանը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 3․ 18



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.