ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ։ Հոգևոր և մարմնավոր

220 0% 1
Հունվարի 26, 2021թ. Տիգրան

Աստծու կողմից հաստատված մի երևույթ է ամուսնությունը (տես Ծննդոց 2․ 22 - 24)։ Սրա գլխավոր նպատակն ընտանիք ստեղծելն է, որով էլ սահմանվում են ամուսինների իրավունքներն ու պարտականությունները միմյանց, զավակների և հասարակության նկատմամբ։

Այս աշխարհում շատերն են փորձում կյանքը իմաստավորել հենց ամուսնության միջոցով, ցանկանալով իրենցից հետո ժառանգ ունենալ՝ տոհմածառը շարունակելու համար։

Աստվածաշնչում բազմաթիվ անգամ հանդիպում ենք ամուսնությունների։ Կարող ենք հիշել Իսահակի ամուսնությունը, Հակոբինը և այլն։ Սրանք բոլորն էլ երկրավոր սկզբունքներով ամուսնություններ էին, որ տեղի ունեցան մարդ-մարդ հարաբերությամբ։ Սակայն Աստծու Խոսքում կա գրված մեկ ամուսնության մասին, որը չունի իր համեմատականը և չի էլ ունենա երբևիցե․
 

7․ Ուրախանանք և ցնծանք ու փառք տանք նրան, որովհետև Գառան հարսանիքը հասավ, և նրա կինը պատրաստեց ինքն իրեն։ 8․ Նրան տրվեց, որ հագնի սպիտակ, մաքուր և լուսափայլ բեհեզ», որովհետև բեհեզը սրբերի արդարությունն է։ 9․ Եվ ինձ ասաց. «Գրի՛ր. "Երանելի են Գառան հարսանիքի ընթրիքին կանչվածները"»։ Եվ ինձ ասաց. «Սրանք Աստծու ճշմարիտ խոսքերն են»։ 

Հայտնություն 19․ 7 – 9

 

Գառան հարսանիքը խորհրդանշում է Հիսուս Քրիոստոսի և իր եկեղեցու միությունը։

Մենք ավելի պարզ հասկանալու համար, ունենք երկրավոր օրինակը, երբ նշանված անձնավորությունները երկար ժամանակ հանդիպելուց հետո վերջապես ամուսնանում են և սկսում ապրել միասին։

Նույնպես մեր օրինակում մենք «նշանված ենք», բայց ոչ թե երկրավոր մետաղով, այլ Սուրբ Հոգիով (տես՝ Գործք Առաքելոց 2․ 38), սակայն պիտի գա այն սպասված օրը, որ եկեղեցին կբնակվի Հիսուս Քրիստոսի հետ։
 

 

Հրեական ավանդական հարսանիքներում սովորություն կար՝ վճարել հարսի համար, այսպիսի օրինակ մեր հայկական հարսանիքներում էլ տեսնում ենք, երբ հարսի փոքր եղբայրը գումար է վերցնում քրոջը դուրս թողնելուց առաջ։ Զուգահեռներ տանելով հոգևոր հարսանիքի հետ մենք տեսնում ենք․ Տեր Հիսուս մեզ համար վճարեց իր կյանքը, որպեսզի մենք ապրենք իր հետ։
 

7. Նրանով փրկություն ունենք իր արյան միջոցով, մեղքերի թողություն՝ համաձայն իր շնորհի առատության

Եփեսացիներին 1. 7

 

Եթե աշխարհիկ հարսանիքներին չգնալով կարող ենք ամենաշատը նեղացնել որևէ անձնավորության, ապա Գառնուկի հարսանիքին հրավիրված չլինելը նշանակում է դուրս մնալ կյանքից (տես՝ Մատթեոս 22․ 13)։

 

Աստված այսօր մարդու առջև է դրել ընտրություն անելու հնարավորությունը (տես՝ Բ ՕՐԵՆՔ 30․ 19), դու կարող ես ընտրել կյանքը՝ Հիսուսին, կամ մնալ սատանայի հետ։

Բայց իմանանք՝ պիտի գա ժամանակը, երբ Աստված կմաքրի աշխարհը մեղքից՝ դատապարտելով այն հավիտենական տանջանքի կրակե լճում։

14․ Մահն ու դժոխքը հրե լիճը գցվեցին. սա է երկրորդ մահը։ 15․ Եվ ով կենաց գրքի մեջ գրված չգտնվեց, նա հրե լիճը գցվեց։

Հայտնություն 20․ 14 - 15

 

Աստված իր միածին Որդին ուղարկեց, որպեսզի մեր մեղքերի պատիժը կրի, և մեր փոխարեն գերեզմանը դրվի։

5․ Բայց նա մեր հանցանքների համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց. պատիժը, որ մեզ բարօրություն բերեց, նրա վրա ընկավ, և նրա վերքերով մենք բժշկվեցինք։

ԵՍԱՅԻ 53․ 5

 

Տեր Հիսուս չմնաց գերեզմանում, նա հարություն առավ և մեզ էլ այսօր առաջարկում է հոգևոր հարություն․

Սրտովդ հավատա բերանովդ խոստովանիր ու կփրկվես։

9․ Որովհետև եթե Հիսուսին քո բերանով Տեր դավանես և քո սրտում հավատաս, որ Աստված նրան մեռելներից հարություն տվեց, կփրկվես. 10․ քանի որ սրտով հավատում են արդարանալու համար և բերանով դավանում են փրկության համար։ 11․ Որովհետև Գիրքն ասում է. «Ամեն ոք, ով նրան հավատա, չի ամաչելու» (Ես. 28.16)։

Հռոմեացիներին 10․ 9 – 11

 

ԱՍՏԾՈՒ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՊԱՐԶ Է․

ՏԵՐ֊ՀԻՍՈՒՍԻՆ ԱՐԻ, ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵՍ ՄԱՐԴՈՒՆ ԳՆԱԼՈՒ,  ՔՈ ՏԱՆԴ ՄԵՋ  ՊԱՐԶ ԱՂՈԹՔՈՎ ԱՍՏԾՈՒՆ ԴԻՄԻՐ ՈՒ ԿՅԱՆՔԴ ՆՐԱՆ ՏՈՒ՛Ր։

Ահա նման աղոթքի օրինակ․

«Տեր֊Հիսուս ես ընդունում եմ, որ մեղավոր եմ։ Խնդրում եմ ներիր իմ մեղքերը, արի իմ կյանքի մեջ և փոխիր այն քո կամքի համեմատ։ Տեր ի՛մ դարձրու ինձ քո որդին, և օգնիր որ ճանաչեմ՝ դու իմ Փրկիչն ու Աստվածն ես»։ Այս ամենը քո թանկագին անունից կխնդրեմ։ Ամեն։

 

Աստված քննում է մարդկանց սրտերը և չի նայում նրանց ճոխ նախադասություններին, եթե հավատքով աղոթեցիր ապա Տերը հավատարիմ է՝ քո մեղքերդ ներեց և հավիտենական կյանք տվեց։

Հիմա եկե՛ք վիճաբանենք,- ասում է Տերը,- եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն. եթե դրանք որդան կարմիրի նման են, բրդի պես սպիտակ կդառնան։

ԵՍԱՅԻ 1. 18 



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.