ԻՆՉՊԵ՞Ս ԴԺՈԽՔ ՉԳՆԱԼ։ Լուծումը պարզ է!
117 1% 1
Փետրվարի 10, 2021թ. Տիգրան

Ո՞վ չի լսել դժոխքի մասին։ Դժոխք բառը լսելիս արդեն իսկ շատ մարդկանց մտքում առաջանում են հրեշավոր պատկերներ։ Այն բնորոշվում է ցավի ու տանջանքի իրական մի վայր, ուր գնում են Աստծու կամքը արհամարողները։

Հետաքրքրական է այն փաստը, որ թեև դժոխքի գոյությանը աշխարհում շատերն են ընդունում, բայց քչերն են իրո՛ք ցանկանում իմանալ, Աստված ինչ սկզբունքով է որոշում ովքեր են գնալու այնտեղ։

 

Սակայն եկեք նախ սկսենք սկզբից․ ի՞նչ ապացույցներ ունենք, որ դժոխքը իրապես նյութական տանջանքի մի տեղ է։

Աստծու Խոսքում, բազմաթիվ են այս իրողությունը հաստատող համարները, սակայն մենք պետք է կարդանք դրանցից ընդամենը մի քանիսը։

 

Առաջին ապացույցը կարող ենք հանդիպել՝ «Աղքատ Ղազարոս»-ի առակում․

22․ Երբ աղքատը մեռավ, հրեշտակները նրան Աբրահամի գոգը տարան. հարուստն էլ մեռավ ու թաղվեց։ 23․ Եվ դժոխքում, մինչ տանջանքների մեջ էր, բարձրացրեց իր աչքերը, հեռվից տեսավ Աբրահամին, Ղազարոսին էլ՝ նրա գրկում։ 24․ Նա աղաղակեց ու ասաց. "Հա՛յր Աբրահամ, ողորմի՛ր ինձ և ուղարկի՛ր Ղազարոսին, որ իր մատի ծայրը ջրով թրջի և լեզուս հովացնի, որովհետև այս կրակի բոցի մեջ տանջվում եմ"։ 25․ Իսկ Աբրահամն ասաց. "Որդյա՛կ, հիշի՛ր, որ դու ստացար քո բարիքները քո կյանքի ընթացքում, իսկ Ղազարոսն էլ՝ չարիքները։ Հիմա սա այստեղ մխիթարվում է, իսկ դու տանջվում ես։

Ղուկաս 16․ 22 – 25

Տեր Հիսուսի պատմած այս առակից, մենք կարող ենք բավականին տեղեկություններ քաղել դժոխքի մասին։

1․ Մեռնելուց հետո դժոխք կամ դրախտ տանում են հրեշտակները՝ չարի կամ բարու,

2․ Դժոխքում հարուստ մարդը տապ էր զգում։ Նա հիշում էր որ երկրավոր կյանքի ընթացքում ջուրը հագեցրել է իր ծարավը, սակայն այնտեղ ջուրը բացակայում էր,

3․ Հարուստը ճանաչեց իր դռան առաջ ընկած Ղազարոսին, ճանաչեց նաև Աբրահամին՝ այսինքն գիտակից էր,

4․ Հարուստը հստակ չէր գիտակցում իր մեղավոր լինելը և կարծում էր դեռ կարող է հրամաններ արձակել ու Ղազարոսին ուղարկել իր կարիքները հոգալու համար, կարող ենք եզրակացնել, որ չէր մասնակցել ՃԵՐՄԱԿ ԱԹՈՌԻ դատաստանին (այս մասին մեկ այլ անգամ)

 

Ամփոփելով ասենք․ դժոխքում հարուստը տանջվում էր տենդից, նա գիտակից էր ու լավ չէր պատկերացնում ինչու է հայտնվել այդտեղ։
 

 

Մեկ այլ ապացույց հանդիպում ենք Հայտնություն գրքում, ուր ներկայացվում է նեռի դրոշմը ընդունած անձնավորությունների վախճանը․

10․ նա Աստծու ցասման գինուց պիտի խմի, որ անխառն լցված է նրա բարկության բաժակի մեջ, և պիտի տանջվի սուրբ հրեշտակների ու Գառան առաջ կրակի և ծծմբի մեջ։

Հայտնություն 14․ 10

Եվ այսպիսի օրինակներ բազմաթիվ կան (տես նաև՝ ԵՍԱՅԻ 30:33, Մարկոս 9։43;45, Հայտնություն 20:9-10)։

 

ԵՐԲ ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐ ԴԺՈԽՔԻ ՈՒ ԴՐԱԽՏԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱԿԱՆ Է, ԱՊԱ ԱՌԱՋ Է ԳԱԼԻՍ ՀԱՋՈՐԴ ՏՐԱՄԱԲԱՆԱԿՆ ՀԱՐՑԸ․

 

ԻՆՉՊԵ՞Ս ՉԳՆԱԼ ԴԺՈԽՔ․

Աստծու Խոսքը մեզ բացահայտում է, որ դժոխքը մարդու համար չի պատրաստվել, այլ այն նախատեսված էր սատանայի համար․

41․ Այդ ժամանակ ձախ կողմում կանգնածներին կասի. "Անիծյալնե՛ր, ինձանից հեռո՛ւ գնացեք, հավիտենական կրակի մեջ, որ սատանայի ու նրա հրեշտակների համար է պատրաստված։

Մատթեոս 25․ 41

Սակայն մարդը իր ամբողջ կյանքի ընթացքում պաշտում է սատանային, կամա թե ակամա նա դրանով հաստատում է, որ ցանկանում է իր հավիտենականությունը անցկացնել սատանայի հետ։
 

Եդեմական պարտեզում մարդը մեղանչեց, այսպիսով հեռացավ Աստծուց։ Մարդ և Աստված հարաբերությունը խզվեց մեղքի պատնեշով, և այսօր բոլորս մեղավորներ ենք ու արժանի մահվան։
 

Աստծու փրկության ծրագիրը կայանում է նրանում, որ մեր մահը Տեր Հիսուս կրեց։ Աստծու Որդին մեր փրկության համար վճարել է և հիմա հնարավորություն ունենք փրկվել դժոխք գնալուց ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՄԻՋՈՑՈՎ։

Փրկվել՝ դժոխքից, փրկվել՝ Աստծու հետ հավիտենական բաժանումից, փրկվել՝ սատանայի իշխանությունից։

21․ Եվ ձեզ էլ, որ մի ժամանակ օտարացած էիք ու թշնամի ձեր մտադրությունը ցույց տվող չար գործերով, 22․ հիմա որպես մարդ իր մարմնով մեռնելով՝ հաշտեցրեց, որպեսզի ձեզ սուրբ, անբիծ ու անմեղադրելի ներկայացնի նրա առաջ, 23․ որպեսզի հավատի մեջ հիմնավոր ու հաստատուն մնաք՝ առանց կտրվելու Ավետարանի հույսից, որ լսեցիք, որ երկնքի տակ եղող բոլոր արարածներին քարոզվեց, և որին ես՝ Պողոսս, սպասավոր դարձա։

Կողոսացիներին 1․ 21 – 23

ԽՈՍՏՈՎԱՆԻ՛Ր ՈՐ ԴՈՒ ԷԼ ԲՈԼՈՐԻ ՆՄԱՆ ՄԵՂԱՎՈՐ ԵՍ՝ ԱՅՍԻՆՔՆ ՄԵՂՔ ԵՍ ԳՈՐԾԵԼ ԹԵԿՈՒԶ ՄԵԿ ԱՆԳԱՄ, ԵՎ ԽՆԴՐԻՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍԻՆ, ՈՐՊԵՍԶԻ ԻՐ ԱՐՅԱՄԲ ՄԱՔՐԻ ՔՈ ՄԵՂՔԵՐԸ։
 

Ամեն բան այսքան հեշտ է․․․ Կարիք չունես մարդուն դիմելու, կարիք չունես գործեր անելու, այլ միայն հավատա և խոստովանիր ու կստանաս հավիտենական կյանք, մեղքերի թողություն, Աստծու որդի լինելու արտոնություն և ազատագրում դժոխք գնալուց։

 

Ահա նման աղոթքի օրինակ․

«Տեր֊Հիսուս ես ընդունում եմ, որ մեղավոր եմ։ Խնդրում եմ ներիր իմ մեղքերը, արի իմ կյանքի մեջ և փոխիր այն քո կամքի համեմատ։ Տեր ի՛մ դարձրու ինձ քո որդին, և օգնիր որ ճանաչեմ՝ դու իմ Փրկիչն ու Աստվածն ես»։ Այս ամենը քո թանկագին անունից կխնդրեմ։ Ամեն։

 

18. Հիմա եկե՛ք վիճաբանենք,- ասում է Տերը,- եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն. եթե դրանք որդան կարմիրի նման են, բրդի պես սպիտակ կդառնան։

ԵՍԱՅԻ 1. 18 

Աստված քննում է մարդկանց սրտերը և չի նայում նրանց ճոխ նախադասություններին, եթե հավատքով աղոթեցիր ապա Տերը հավատարիմ է՝ քո մեղքերդ ներեց և հավիտենական կյանք տվեց։