Հավատացյալները ովքե՞ր են։ ԱՍՏԾՈՒ ՉԱՓԱՆԻՇԸ
84 1% 1
Փետրվարի 15, 2021թ. Տիգրան

Որքա՞ն սխալ հասկացված մի բառ է հավատացյալը։ Հավատացյալ անվանում են կրոնասերներին, բարեպաշտներին, եկեղեցասերներին և այլն։ Եթե ընդհանրական ներկայացնենք․ հավատացյալներ են անվանում որևէ կրոնական դավանութեան պատկանող անձանց։

Հայկական իրականության մեջ հավատացյալ բառի հոմանիշը շատ հաճախ համարվում է աղանդավոր բառը, եթե հավատացյալ է ուրեմն աղանդավոր է սկզբունքով։

 

 

Զավեշտալի է՝ ներկայացված բոլորը իմաստներից ոչ մեկն էլ չեն մատնանշում բառի իրական իմաստը, ներկայացված բնորոշումները մարդահնար են և չեն համապատասխանում Աստծու բնորոշմանը։

Հարցի պատասխանը իմանալու համար կարդանք Աստվածաշնչից, որպեսզի հասկանանք՝ Աստված ում է համարում հավատացյալ։

4․ Սակայն խոսքը լսողներից շատերը հավատացին, և հավատացյալների թիվը շուրջ հինգ հազար եղավ։

Գործք Առաքելոց 4․ 4

Շատ պարզ է․ Աստված հավատացյալներ կոչեց նրանց, ովքեր Աստծու խոսքը լսեցին ու հավատացին, մի փոքր տրամաբանություն գործածելով կեզրակացնենք՝ ովքեր էլ չհավատացին անհավատներն են։

 

Հավատացյալ լինել նշանակում է․ հավատալ Աստծու Խոսքին, անկեղծորեն ընդունել այդ խոսքը և կատարել այն։

19․ Դու հավատում ես, որ Աստված մեկ է, լավ ես անում. դևերն էլ են հավատում և սարսափում են։ 20․ Բայց ուզո՞ւմ ես իմանալ, ո՛վ փուչ մարդ, որ հավատն առանց գործերի անիմաստ է։ 

Հակոբոս 2․ 19 – 20

Եվ գուցե հիմա որոշ մարդիկ հարց տան․ «իսկ ի՞նչ գործեր է Աստված ցանկանում, որպեսզի ես կատարեմ», պատասխանը Տեր Հիսուս ինքն է տալիս․

29․ Հիսուսը պատասխանեց նրանց. «Աստծու գործն այն է, որ հավատաք նրան, ում նա ուղարկել է»։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 6․ 29

 

 

Մինչ Նոյի օրերում տեղի ունեցած ջրհեղեղը՝ Նոյը քարոզում էր ապաշխարություն, նույնն է պարագան և այսօր։ Աստծու Խոսքը մեզ հայտնում է՝ շուտով Տեր Հիսուս 2-րդ անգամ է գալու, և Տերը իր գալուստով կործանելու է այն մեղավոր ընթացքը, որ այսօր որդեգրել է մարդկությունը։

Հարցերի հարցը կայանում է նրանում, դուք ազատագրված ե՞ք այս դատաստանից։

 

Նոյը ջրհեղեղի սկսվելուց առաջ իր ընտանիքի հետ մտավ տապան, Ղովտը Սոդոմի և շրջակա քաղաքների ավերումից առաջ դուրս եկավ քաղաքից, և այսօր Աստված առաջարկում է դուրս գալ մեղավոր մարդկանց շարքից, ընդունել Հիսուս Քրիստոսին քո կյանքի մեջ, ստանալ մեղքերի թողություն և հավիտենական կյանք։

Ինչպե՞ս,  ՇԱՏ ՊԱ՛ՐԶ․

Աստծու առաջ բոլորս մեղավորներ ենք․ Ադամը և Եվան միայն 1 մեղք գործեցին ու վտարվեցին Եդեմից, իսկ դու քանի՞ մեղքեր ես գործում, եթե գեթ մեկ անգամ ստել ես՝ արդեն մեղավոր ես ու պիտի գնաս դժոխք։

Աստծու փրկության ծրագիրը կայանում է նրանում, որ քո մեղքերի համար վճարվեց, որպեսզի եթե դու հավատաս այդ իրողությանը թողություն ստանաս։

16․ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ 17․ Որովհետև Աստված իր Որդուն աշխարհ չուղարկեց՝ դատելու աշխարհը, այլ որպեսզի նրա միջոցով աշխարհը փրկվի։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 3․ 16 – 17


 

Ամեն բան այսքան հեշտ է․․․ Կարիք չունես մարդուն դիմելու, կարիք չունես գործեր անելու, այլ միայն հավատա, որ Տեր Հիսուս քո մեղքերը խաչի վրա կրեց, քո համար տանջվեց ու քեզ արդարացնելու համար հարություն առավ, պարզ աղոթքով Աստծուն դիմիր ու խոստովանիր քո բառերով այս ամենը, և Աստված քեզ կշնորհի հավիտենական կյանք, մեղքերի թողություն, Աստծու որդի լինելու արտոնություն և ազատագրում դժոխք գնալուց։

 

Ահա նման աղոթքի օրինակ, այսպիսի պարզ աղոթքով դիմիր Տիրոջը, կարևոր չեն բառերը այլ քո սրտի դիրքը Աստծու առաջ․

«Տեր֊Հիսուս ես ընդունում եմ, որ մեղավոր եմ։ Խնդրում եմ ներիր իմ մեղքերը, արի իմ կյանքի մեջ և փոխիր այն քո կամքի համեմատ։ Տեր ի՛մ դարձրու ինձ քո որդին, և օգնիր որ ճանաչեմ՝ դու իմ Փրկիչն ու Աստվածն ես։ Այս ամենը քո թանկագին անունից կխնդրեմ։ Ամեն»։

 

18. Հիմա եկե՛ք վիճաբանենք,- ասում է Տերը,- եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն. եթե դրանք որդան կարմիրի նման են, բրդի պես սպիտակ կդառնան։

ԵՍԱՅԻ 1. 18 

Աստված քննում է մարդկանց սրտերը և չի նայում նրանց ճոխ նախադասություններին, եթե հավատքով աղոթեցիր ապա Տերը հավատարիմ է՝ քո մեղքերդ ներեց և հավիտենական կյանք տվեց ու շնորհեց Իր Սուրբ Հոգին։