Թողեց, վեր կացավ և նրա հետևից գնաց․․․․

132 5% 7
Փետրվարի 24, 2021թ. Տիգրան

Աստծու խորհուրդները այնքան բարձր են մեր խորհուրդներից, որքան երկինքը երկրից։ Մեր որոշումների հիմքում շատ հաճախ ընկած են այս կամ այն փորձառությունը, այլոց տեսակետը, հասարակության համար ընդունելի չափանիշները, սակայն Աստված այսպես չի գործում։ Տերը դեռ տեղի չունեցած բաները եղածի պես է կանչում, ու գիտի մարդու սիրտը, խորհուրդները և մտածումները։

 

Ներկայացված նախաբանի վառ ապացույցն է Մատթեոս/Ղևի անունով մի մաքսավորի ապաշխարությունը՝ անարգված և մերժված հասարակությունից, ով ողորմություն գտավ Աստծու՛ կողմից։

9․ Հիսուսը, այնտեղից առաջ անցնելով, տեսավ Մատթեոս անունով մի մարդու, որ նստած էր մաքսատանը։ Նրան ասաց. «Արի՛ իմ հետևից»։ Նա վեր կացավ, գնաց նրա հետևից։

Մատթեոս 9․ 9

 

Փարիսեցիները, որոնց Տեր Հիսուս բազմիցս այպանեց կեղծավորության համար, մաքսավորներին համարում էին մեղավոր մարդիկ (տես՝ Ղուկաս 18.11), այսպիսի մարդիկ հարգված չէին անգամ ժողովրդի կողմից, քանի որ հրեաներից մաքսահարկ էին հավաքում հօգուտ հռոմեացիներին։

Հետաքրքիր է ինքը Մատթեոսը իր գրչով գրված ավետարանում չի նշում թե ինչ կարևոր զոհաբերություն էր ենթադրում Հիսուսին հետևելը, սակայն այդ մասին կարող ենք կարդալ Ղուկասի ավետարանում․

27․ Դրանից հետո Հիսուսը դուրս ելավ ու մի մաքսավորի տեսավ՝ Ղևի անունով, որ նստած էր մաքսատանը, և նրան ասաց. «Իմ հետևի՛ց արի»։ 28․ Նա ամեն բան թողեց, վեր կացավ և նրա հետևից գնաց։ 

Ղուկաս 5․ 27 – 28

 

«Նա ամեն բան թողեց, վեր կացավ և նրա հետևից գնաց․․․․»։

Մաքսավորի գործը բավականին շահութաբեր մի բան էր, բայց Մատթեոսը հոժար էր զրկվել այս ամենից, վտանգել կյանքը հրեաների մեջ, միայն թե հետևի իրեն կանչող Փրկչին։

 

Այս առիթով Պողոս առաքյալը, ով ինքն էլ մի ժամանակ փարիսեցի էր՝ Բենիամինի ցեղից, այսպես է վկայում․

7․ Բայց այն, ինչ ինձ օգուտ էր, Քրիստոսի համար վնաս համարեցի։ 8․ Եվ ամեն ինչն էլ վնաս եմ համարում իմ Տեր Հիսուս Քրիստոսին գերազանց ճանաչելու համեմատ։ Նրա համար զրկվեցի ամեն ինչից, որ աղբ եմ համարում, որպեսզի Քրիստոսին շահեմ 9․ և նրա մեջ գտնվեմ ու ոչ թե իմ արդարությունն ունենամ, որ օրենքից է, այլ այն, որ Քրիստոսի հավատից է, այն արդարությունը, որ Աստծուց է հավատով

Փիլիպպեցիներին 3․ 7 – 9

 

Մենք կարող ենք այս բերված օրինակը մեր կյանքի մեջ վերցնել ու փոխաբերական իմաստով մաքսատունը վերագրել աշխարհին։ Հիսուս մեզ կանչեց աշխարհից դուրս որպեսզի հետևենք իրեն, իսկ մե՞նք․ արդյո՞ք թողել ենք ամեն ինչ ու գնացել Աստծու հետևից, թե փորձում ենք մեզ հետ քարշ տալ նաև «մաքսատան եղածը»։ Հիշենք ևս մի կարևոր պատվիրան, որ ասաց մեր Տերը․

4․ Շնացողնե՛ր, չգիտե՞ք, որ աշխարհի հանդեպ սերն Աստծու դեմ թշնամություն է։ Արդ ով ուզում է աշխարհին բարեկամ լինել, իրեն Աստծուն թշնամի է դարձնում։

Հակոբոս 4․ 4

 

Այս ասվածը չի նշանակում, որ հավատքի գալուց հետո պետք է ատենք բոլորի անհավատներին ու պարփակվենք մի անկյունում, սակայն թե՛ մեր կենցաղը, թե՛ մեր միտքը և թե՛ մեր վարքը պետք է որ 180 աստիճանով փոխվեն։ Մի ժամանակ թշնամի էինք Աստծուն, սակայն հիմա Որդի ենք՝ Աստծու Որդի, և պարտավոր ենք պայքարել մեղքի դեմ։

Թողնենք ամեն բան, որի մեջ մեղք կա և մեր Փրկիչ Աստծու՝ Հիսուս Քրիստոսի, հետևից գնանք․․․

14․ հնազանդ զավակների պես մի՛ համապատասխանեք ձեր անգիտության ժամանակվա նախկին ցանկություններին, 15․ այլ ձեզ կանչող Սրբի պես դուք էլ ամբողջ վարքով սո՛ւրբ եղեք, 16․ քանի որ գրված է. «Սո՛ւրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ» (Ղևտ. 11.44-45, 19.2)։ 17․ Եվ եթե Հայր եք կոչում նրան, որ առանց աչառության դատաստան է անում յուրաքանչյուրին՝ համաձայն իր գործի, ապա ձեր պանդխտության ժամանակը երկյուղո՛վ անցկացրեք՝ 18․ իմանալով, որ ձեր հայրենավանդ ունայն կյանքից ոչ թե արծաթով կամ ոսկով փրկվեցիք, 19․ այլ Քրիստոսի պատվական արյունով՝ իբրև անբիծ ու անարատ գառան

Ա Պետրոս 1․ 14 - 19



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.