Արդյոք Հիսուս գնա՞ց դժոխք

210 3% 7
Փետրվարի 27, 2021թ. Տիգրան

Հարց՝ Արդյոք Հիսուս գնա՞ց դժոխք Իր մահվան ու հարության միջև ընկած ժամանակահատվածում:

Պատասխան՝ Քրիստոնեական աշխարհում մեծ շփոթմունք կա այս հարցի առումով։ Հիսուսի դժոխք գնալու գաղափարը բխում է հիմնականում Առաքելական հանգանակից, որտեղ էլ ասվում է, որ «Նա դժոխք է գնացել»։ Մի քանի աստվածաշնչյան հատվածներ տարբեր թարգմանություններում ունեն Տեր Հիսուսի «դժոխք» գնալու ձևակերպումը։ Այս հարցի ուսումնասիրության ժամանակ կարևոր է նախ հասկանալ, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը մահացածների իրողության վերաբերյալ։ 

Եբրայերեն բնագրերում մահացածների գտնվելու իրողությունը նկարագրող բառը շեոլն է։ Այն ուղիղ իմաստով նշանակում է հենց «վայր, որտեղ մահացածներին են» կամ «հոգիների բնակության վայր»։ Նոր Կտակարանում այս բառի հունարեն համարժեքը հադեսն է, որը նույնպես կրում է «մահացածների վայր» նշանակությունը։ Նոր Կտակարանում կան նաև հատվածներ, որոնք խոսում են այն մասին, որ շեոլ/հադես վայրը ժամանակավոր մի իրողություն է, որտեղ մարդկային հոգիները սպասում են վերջնական հարությանն ու դատաստանին։ Հայտնություն 20․11–15 հատվածը հստակ տարանջատում է հադեսն ու կրակե լիճը։ Կրակե լիճը չփրկվածների դատաստանի վայրն է։ Հետևաբար, հադեսը ժամանակավոր մի իրողություն է։ Շատերը հադեսն ու կրակե լիճը բնութագրում են որպես դժոխք, և սա է հենց շփոթմունքի առիթ հանդիսանում։ Տեր Հիսուս Իր մահից հետո չի գնացել տանջանքի վայր, այլ եղել է հադեսում։ 

Շեոլ/հադես վայրը երկու իրականություն է իր մեջ պարփակում՝ օրհնության վայր և դատաստանի վայր (Մատթեոս 11․23, 16․18, Ղուկաս 10․15, 16․23, Գործք 2․27–31)։ Աստվածաշնչում թե՛ փրկվածների և թե՛ չփրկվածների հոգիների գտնվելու վայրը նկարագրվում է հադես բառով։ Փրկվածների գտնվելու վայրը կոչվում է նաև «Աբրահամի գոգ»՝ Ղուկաս 16․22 խոսքում և «դրախտ»՝ Ղուկաս 23:43 խոսքում։ Չփրկվածների հոգիների գտնվելու վայրը կոչվում է «դժոխք» կամ «հադես»՝ Ղուկաս 16․23 խոսքում։ Փրկվածների և չփրկվածների գտնվելու վայրերը միմյանցից բաժանված են «մեծ անդունդով» (Ղուկաս 16․26)։ Երբ Հիսուս մահացավ, Նա գնաց շեոլի օրհնված մասը, որտեղից վերցրեց հավատացյալներին ու Իր հետ Երկինք տարավ (Եփեսացիս 4․8–10)։ Շեոլ/հադեսի դատաստանի մասում ոչ մի փոփոխություն տեղի չունեցավ։ Բոլոր անհավատ մահացողները գնում են այնտեղ և սպասում իրենց վերջնական դատաստանին։ Արդյոք Հիսուս գնա՞ց շեոլ/հադես։ Ըստ Եփեսացիս 4․8–10 և Ա Պետրոս 3․18–20 հատվածների՝ այո։ 

Շփոթմունքի առաջացման հարցում որոշակի ներդրում ունեն Սաղմոս 16․10–11 խոսքերի նման հատվածները․ «Որովհետև իմ անձը չես թողնի գերեզմանում և քո հավատարիմին ապականություն տեսնել չես տա։ Դու ճանաչեցնում ես ինձ կյանքի ճանապարհը․․․», որը որոշ թարգմանություններում գերեզմանի փոխարեն օգտագործում է դժոխք բառը, ինչը ճիշտ թարգմանություն չէ։ Հիսուս խաչի վրայի ավազակին ասաց․ «այսօր Ինձ հետ դրախտում կլինես» (Ղուկաս 23․43)։ Նա չասաց․ «կտեսնվենք դժոխքում»։ Հիսուսի մարմինը գերեզմանում էր, իսկ Նրա հոգին՝ շեոլ/հադեսում։ Ցավալիորեն, Աստվածաշնչի շատ թարգմանություններ ճիշտ չեն թարգմանում «շեոլ», «հադես» և «դժոխք» բառերը։ 

Որոշ ուսումնասիրողներ հարում են այն տեսակետին, որ Հիսուս գնաց «դժոխք» կամ շեոլ/հադեսի տանջանքի մասը, որպեսզի ավարտին հասցնի մեր մեղքերի համար պատիժ կրելը։ Այս գաղափարն ամբողջովին հակաաստվածաշնչյան է։ Խաչի վրա Քրիստոսի մահը բավարար վճար էր մեր փրկագնման համար։ Նրա թափած արյունն է, որ սրբում է մեզ մեր մեղքերից (Ա Հովհաննես 1․7–9)։ Խաչի վրա Նա Իր վրա վերցրեց մարդյության մեղքերի ողջ բեռը։ Նա մեր փոխարեն մեղավոր դարձավ․ «Որովհետև Աստված Նրան, որ մեղքը չէր ճանաչում, մեզ համար մեղավոր արեց, որպեսզի մենք Նրանով Աստծու արդարները լինենք» (Բ Կորնթացիս 5․21)։ Մեղքի այս փոխադրումը օգնում է մեզ ըմբռնել Քրիստոսի տառապանքը Գեթսեմանի պարտեզում, որը մեղքը բաժակն էր, որ Նա խմելու էր խաչի վրա։ 

Մահից առաջ Նա բացականչեց․ «Կատարվե՛ց» (Հովհաննես 19․30)։ Մեր փոխարեն Նրա վրա հասած տանջանքներն ավարտվեցին։ Նրա հոգին գնաց հադես (մահացածների վայր)։ Հիսուս չգնաց «դժոխք» կամ հադեսի տանջանքի վայրը։ Նա գնաց «Աբրահամի գոգ» կոչվող վայրը կամ հադեսի օրհնյալ մասը։ Նրա տանջանքներն ավարտվեցին Նրա մահով։ Մեղքի գինը վճարված էր։ Նա սպասեց մարմնով հարությանը և փառքով Երկինք համբարձվելուն։ Արդյոք Հիսուս գնա՞ց դժոխք։ Ո՛չ։ Արդյոք Նա գնա՞ց շեոլ/հադես։ Այո՛։

 

Աղբյուր՝ GotQuestions.org



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.