Այս անգամ Աստված կրակով պիտի այրի աշխարհը

544 1% 6
Մարտի 3, 2021թ. Տիգրան

Աստծու խոսքը սուրբ է և կատարյալ։ Թեև այն գրվեց մարդկային գրչով, սակայն գրվեց՝ Սուրբ Հոգու ներշնչմամբ և թելադրանքով։ Տիրոջ խոսքից մենք տեղեկանում ենք՝ մեր նախածնողների, առաջին գործված մեղքի, Աստծու դատաստանների, ծրագերի և այլ իրողությունների մասին։

Մեր Աստված սիրո Աստված է, ուստի երբ խոսում ենք դատաստանների մասին․ դրանք իրենցից ենթադրում են արդար և իրավացի հատուցումներ, որոնց միշտ նախորդում է ապաշխարության կոչը։
 

Այդպիսի մի կոչ արվեց Նինվե քաղաքին՝ Հովնան մարգարեի օրերում․

4․ Հովնանը քաղաքին մոտեցավ, մեկ օրվա ճանապարհից շրջելով քարոզում էր ու ասում. «Եվս քառասուն օր կա, ու Նինվեն պիտի կործանվի»։ 5․ Եվ Նինվեի մարդիկ հավատացին Աստծուն և ծոմ հայտարարեցին ու մեծերից մինչև փոքրերը քուրձեր հագան։ 6․ Խոսքը հասավ Նինվեի թագավորին։ Նա վեր կացավ իր գահից և իր վրայից հանեց պատմուճանը, քուրձ հագավ և նստեց մոխրի վրա։

․․․․

10․ Եվ Աստված տեսավ նրանց գործերը, որ ետ դարձան իրենց չար ճանապարհից, և Աստված զղջաց այն չարիքի համար, որ ասել էր, թե պիտի անի նրանց. ու չարեց։

ՀՈՎՆԱՆ 3․ 4 – 6 ; 10

 

Այո՛ Աստված մեղավոր մարդկությանը մշտապես զգուշացնում էր մինչ արդար հատուցումը, սակայն շատ հաճախ այդ զգուշացումները մնում էին արհամարված, ինչին էլ հաջորդում էր դատավճիռը։

7․ Տերն ասաց. «Երկրի երեսից վերացնելու եմ մարդուն, որին ստեղծեցի, մարդուց մինչև անասունը, մինչև սողունն ու մինչև երկնքի թռչունը, որովհետև զղջում եմ, որ ստեղծել եմ նրանց»։ 8․ Բայց Նոյը շնորհ գտավ Տիրոջ առաջ։

ԾՆՆԴՈՑ 6․ 7 - 8

 

1․ Եվ Տերն ասաց Նոյին. «Մտի՛ր տապանի մեջ, դու և քո ամբողջ տունը, որովհետև այս դարի մեջ քեզ արդար տեսա իմ առաջ։

․․․․

19․ Երկրի վրա ջրերն ավելի ու ավելի սաստկացան ու ծածկեցին ամբողջ երկնքի տակ գտնվող բոլոր բարձր սարերը։ 20․ Ջրերը տասնհինգ կանգուն վեր բարձրացան, և սարերը ծածկվեցին։ 21․ Երկրի վրա շարժվող ամեն մարմին՝ թե՛ թռչուն, թե՛ անասուն, թե՛ գազան և թե՛ երկրի վրա սողացող ամեն սողուն և ամեն մարդ մեռավ։ 22․ Ցամաքի վրա եղած ամեն բան, որ կենդանության շունչ ուներ իր ռունգերի մեջ, մեռավ։

ԾՆՆԴՈՑ 7․ 1 ; 19 – 22

 

Նման մեկ այլ դեպք գտնում ենք Ղովտի հետ պատահած, երբ Սոդոմը, Գոմորը և նրանց շրջակա քաղաքները Աստված այրեց, քանի որ այնտեղ երեխայից մինչև ծերունի համասեռամոլության և շատ այլ ծանր մեղքերի մեջ էին։ Աստված գործածեց հրեշտակների և փրկեց Ղովտին՝ հանելով նրան Սոդոմից։

12․ Մարդիկ ասացին Ղովտին. «Ուրիշ էլ ո՞վ ունես այստեղ. փեսա, որդիներ, դուստրեր և քաղաքում ով որ ունես, այստեղից դո՛ւրս հանիր, 13․ որովհետև մենք կործանելու ենք այս տեղը, քանի որ սրանց աղաղակը մեծ է Տիրոջ առաջ, և Տերն ուղարկել է մեզ, որ կործանենք այն»։ 14․ Ղովտը դուրս ելավ և իր աղջիկների փեսացուների հետ խոսեց ու ասաց. «Վե՛ր կացեք, դո՛ւրս եկեք այստեղից, որովհետև Տերը կործանելու է այս քաղաքը»։ Սակայն փեսացուներին թվաց, թե նա կատակ է անում։ 15․ Երբ առավոտ եղավ, հրեշտակները շտապեցրին Ղովտին՝ ասելով. «Վե՛ր կաց, ա՛ռ կնոջդ և այստեղ գտնվող երկու աղջիկներիդ, որպեսզի չկորչես այս քաղաքի անօրենության հետ»։

․․․․

23․ Արևը ծագում էր երկրի վրա, երբ Ղովտը մտավ Սեգոր։ 24․ Տերը Սոդոմի ու Գոմորի վրա ծծումբ և կրակ թափեց Տիրոջ կողմից՝ երկնքից։ 25․ Կործանեց այն քաղաքները, ամբողջ դաշտավայրը, այդ քաղաքների բոլոր բնակիչներին և երկրի ամբողջ բուսականությունը։

ԾՆՆԴՈՑ 19․ 12 – 15 ; 23 – 25


 

Սիրելինե՛ր, այսօր ի համեմատություն բերված օրինակների, մարդկությունը հասել է այնպիսի իրավիճակի, որ անգամ ծիծաղելի կթվար պատկերացնել 1 դար առաջ՝ խարխլված են բոլոր տեսակի բարոյական նորմերը, գիտությունը մարդկության մեջ բորբոքել է հպարտությունը, երկրները ունեն բոլոր անհրաժեշտ միջոցները մեկ այլ պետություն մոլորակի վրայից ջնջելու կամ առավել՝ հենց մոլորակը վերացնելու համար։ 1961թ․-ի հոկտեմբերի 30-ին ԽՍՀՄ-ում հաջող փորձարկեցին 50 մեգատոն հզորության ջրածնային ռումբը, ինչին հաջորդեց 101․5 մեգատոնը, թե ինչեր կան հիմա ու կլինեն դրանց մասին գաղափար էլ չունենք։

 

Այս ամենը մեզ հիշեցնում է Տեր Հիսուսի խոսքերը․

7. Երբ լսեք, որ պատերազմներ են լինում կամ պատերազմներ են նախապատրաստվում, մի՛ խռովվեք, որովհետև դրանք պետք է լինեն։ Բայց դեռ վերջը չէ։ 8. Որովհետև ազգը ազգի դեմ կելնի, թագավորությունը՝ թագավորության դեմ, տեղ առ տեղ երկրաշարժեր կլինեն, սով ու խռովություններ կլինեն։ Սակայն սրանք նեղությունների սկիզբն են։

Մարկոս 13. 7 – 8

Ես վստահ եմ, որ 20-րդ դարում 2 համաշխարհային պատերազմներ տեսած քրիստոնեական աշխարհը պատմության մեջ ամենաշատն էր սպասում Տիրոջը, սակայն ինքը Տերը իր գալստյան հաջորդ պայմանը դրեց․

10․ Նախ Ավետարանը պետք է քարոզվի բոլոր ազգերին։

Մարկոս 13․ 10

Այսօր համաշխարհային ցանցի՝ ինտերնետի, գոյությունը հնարավորություն է բացել Աստծու խոսքը հասցնել աշխարհի գրեթե բոլոր անկյուններում։ Ամենուրեք մարդկանց խոսվում է Խոսքը, և երբ լրանա Աստծու ժողովրդի թիվը կկատարվի նաև եկեղեցու հափշտակությունը ու աշխարհի դատաստանը։

 

Աստված բոլորին է հրավիրում փրկության։ Այս անգամ Աստված կրակով պիտի մաքրի երկիրը մեղքից։ Փրկություն նշանակում է ազատագրվել մեղքից ու դրա դատապարտությունից։

Մեկ միջոց ու փրկություն կա այդ ամենից և նա Հիսուս Քրիստոսն է։ Դու կարիք ունես Տեր Հիսուսին գալու։

Ինչպե՞ս․

Աստված իր միածին որդին տվեց մեր մեղքերի համար, որպեսզի ով որ նրա կատարած գործին ու անձին հավատա չդապարտվի, այլ հավիտենական կյանք ստանա Հիսուս Քրիստոսի արյան արժանիքով։ Տերը մեր մեղքերը Իր միածին Որդու վրա դրեց՝ մեր հանցանքների համար Հիսուս Քրիստոսը վճարեց, մեզանից պահանջվում է միայն հավատալ և ի նշան սեփական հավատքի խոստովանել ու հանձնել սեփական կյանքը Հիսուս Քրիստոսին։
 

Աստծուն կյանքը հանձնելու համար պետք է պարզապես մի պարզ աղոթք անել, խնդրելով որպեսզի Տերը Քո կյանքի մեջ էլ գա ու փոխի այն իր կամքի համեմատ։

 

Ահա նման աղոթքի պարզ օրինակ․

«Տեր֊Հիսուս ես ընդունում եմ, որ մեղավոր եմ։ Խնդրում եմ ներիր իմ մեղքերը, արի իմ կյանքի մեջ և փոխիր այն քո կամքի համեմատ։ Տեր ի՛մ դարձրու ինձ քո որդին, և օգնիր որ ճանաչեմ՝ դու իմ Փրկիչն ու Աստվածն ես։ Այս ամենը քո թանկագին անունից կխնդրեմ։ Ամեն»։

 

18. Հիմա եկե՛ք վիճաբանենք,- ասում է Տերը,- եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն. եթե դրանք որդան կարմիրի նման են, բրդի պես սպիտակ կդառնան։

ԵՍԱՅԻ 1. 18 

Աստված քննում է մարդկանց սրտերը և չի նայում նրանց ճոխ նախադասություններին, եթե հավատքով աղոթեցիր ապա Տերը հավատարիմ է՝ քո մեղքերը ներեց և հավիտենական կյանք տվեց ու շնորհեց Իր Սուրբ Հոգին։



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.