ԻՆՉՈՒ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

228 2% 4
Մարտի 4, 2021թ. Տիգրան

Մարդկությունը իր գոյության ընթացքում մշտապես կարիք է ունեցել խաղաղության։ Որքա՞ն փափագելի մի բան է խաղաղությունը․ այն փնտրել են, փնտրում են ու պիտի փնտրեն։ Սրա հակառակ կողմն էլ կա, որոշները տանել չեն կարողանում հանգիստ ու խաղաղ իրավիճակը և մշտապես ձգտում են այս կամ այն փոփոխությանը հասնել, եթե անգամ դա մեծ գին է պահանջում։

Մեկ այլ հետաքրքիր փաստ՝ Jackson R. J.-ի կողմից ներկայացված “NATO and Peacekeeping” 1997թ․-ի աշխատությունում․ «1945 թվականից աշխարհում եղել են ընդամենը 26 խաղաղ օրեր»։ Անշուշտ 1945թ․-ից առաջ էլ պատկերը շատ տարբեր չէր, ինչևէ 1945-ը արձանագրված թվականն է։

 

Իսկ ինչու՞ աշխարհում չկա խաղաղություն, ինչու՞ մարդիկ չեն կարող ապրել կողք֊կողքի համերաշխաբար․ մարդիկ ցանկանում են սպանել միմյանց։ Պատասխանը աշխարհի համար ունի փիլիսոփայական բնույթ, սակայն մենք այն գտնում ենք Աստծու Խոսքից․

 

44․ Ձեր ունեցած հայրը սատանան է, և ինչ ձեր հայրը ցանկանում է, այդ եք ուզում կատարել։ Նա սկզբից ևեթ մարդասպան էր և ճշմարտության մեջ չմնաց, որովհետև նրա մեջ ճշմարտություն չկա․․․․

ՀՈՎՀԱՆՆԵՍ 8․ 44

 

Ես մի այսպիսի գաղափար եմ լսել․ «առաջ Աստված էր կառավարում երկիրը, իսկ ներկա ժամանակներում (սերունդին) սատանան»։ Իրականում այս գաղափարը սխալ է, մարդկությունը առաջնորդվում է սատանայի կողմից (տես՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ 14:30, Ա Կորնթացիներին 2:12, ՀՈՎՀԱՆՆԵՍ 12:31) դեռ վաղ Եդեմական պարտեզից սկսած՝ երբ առաջին անգամ մեր նախածնողները մեղանչեցին։

Արդյո՞ք սա նշանակում է, որ մարդը երբեք չի կարող տեսնել խաղաղություն, ու մենք դատապարտված ենք անընդհատ տառապանքների, պատասխանը ո՛չ է։

Աստված մեղանչած մեր նախածնողներին և նրանց սերունդին՝ մեզ, հնարավորություն տվեց գտնել այն կորցրած խաղաղությունը, որ ունեինք մինչ մեղքով վարակվելը․ Տերը Փրկիչ խոստացավ մարդկային ցեղի համար։
 

6․ Որովհետև մեզ մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, և իշխանությունն իր ուսերի վրա կլինի, և կկոչվի Սքանչելի Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենականության Հայր և Խաղաղության Իշխան։

ԵՍԱՅԻ 9․ 6 


 

Այսօր ազգերը փորձում են փոխզիջողությունների միջոցով խաղաղության հասնել, սակայն սա միայն ժամանակավոր ու տեղական բնույթ է կրում՝ մարդը չի կարող ապրել խաղաղ առանց Աստծու։

Մենք շատ հաճախ աղոթում ենք տերունական աղոթքը՝ «Հայր Մեր»֊ը, սակայն աղոթքի ժամանակ չհասկանալով ենք խնդրում․ «Տեր թող քո թագավորությունը գա», եթե խնդրում ենք որպեսզի գա այդ թագավորությունը, ապա ընդունում ենք որ այն դեռ չի եկել։ Ապագայում այդ խաղաղության թագավորությունը պիտի գա, բայց այնտեղ կմտնեն միայն նրանք, ովքեր նախ ունեցել են Աստծու հետ խաղաղություն։

Տեր Հիսուսի հենց այս նպատակով եկավ Երկիր, Նա չեկավ մեզ աշխարհում հանգիստ կյանք պարգևելու, այլ խաղաղություն ու հաշտություն՝ նախ Աստծու, ապա նաև մեր նմանակների հետ․

1․ Արդ մենք, հավատով արդարացած լինելով, Աստծու հետ խաղաղություն ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։

Հռոմեացիներին 5․ 1


 

Սիրելինե՛ր, Աստծու հետ խաղաղություն ունենալ նշանակում է՝ ազատվել մեղքից և դրա դատապարտությունից, մարդու համար անհնարին է ջանք գործադրել ու մեղքերի համար թողություն ստանալ (տես՝ ԱՌԱԿՆԵՐ 20:9), սակայն Աստված փրկության ճանապարհ պատրաստեց մարդկային ցեղի համար, որպեսզի ով որ հավատա փրկվի մեղքի դատապարտությունից, խաղաղություն գտնի Աստծու հետ, հավիտենական կյանք և առավել կյանք ունենա Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։

23․ Որովհետև մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։

Հռոմեացիներին 6․ 23

 

Աստված այսօր բոլորին է հրավիրում այս խաղաղությունը գտնելու, այն խաղաղությունը որ Տերն է տալիս վեր է ամեն մտքից ու տրամաբանությունից։ Տերը իր միածին Որդին տվեց քո փրկության համար, հարցը այժմ կայանում է դու ընդունել ե՞ս Նրա զոհը։

Եթե քրիստոնեա երկրում ես ծնվել ու մտածում ես թե ընդունել ես, ասենք․ դա բավարար չէ, եթե ծնողներդ են քրիստոնեաներ՝ դա էլ բավարար չէ։ Հավիտենական կյանք ստանալու և դժոխքից խույս տալու համար մեկ միջոց կա՝ անձնապես դիմել Հիսուս Քրիստոսին, ինչպե՞ս․ պարզ աղոթքի միջոցով։

 

Ահա նման աղոթքի մի պարզ օրինակ․

«Երկնավոր հայր, շնորհակալ եմ որ ինձ համար Տեր Հիսուսի արյունն ես թափել խաչի վրա, խնդրում եմ Տեր ներիր ամեն գործած մեղքերս և ջնջիր դրանք իմ Փրկչի արյամբ։ Ես ընդունում եմ Տեր Հիսուսին որպես իմ կյանքի Տերը և Աստվածը ու խնդրում եմ, որ Քո խոստումի համաձայն իմ կյանք ևս գաս և փոխես այն քո կամքի համաձայն։ Այս ամենը Տեր Հիսուսի անունից եմ խնդրում։ Ամեն։»

 

18. Հիմա եկե՛ք վիճաբանենք,- ասում է Տերը,- եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն. եթե դրանք որդան կարմիրի նման են, բրդի պես սպիտակ կդառնան։

ԵՍԱՅԻ 1. 18 

Աստված քննում է մարդկանց սրտերը և չի նայում նրանց ճոխ նախադասություններին, եթե հավատքով աղոթեցիր ապա Տերը հավատարիմ է՝ քո մեղքերը ներեց և հավիտենական կյանք տվեց ու շնորհեց Իր Սուրբ Հոգին։



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.