Ընտրված Աստծուց

221 2% 5
Մարտի 10, 2021թ. Տիգրան

Մարդը իր կյանքի ընթացքում կատարում է բազմաթիվ ընտրություններ։ Դեռ չծնված մեր ծնողները ընտրություն են կատարում մեզ համար․ ի՞նչ անունով կոչել, ինչպիսի՞ կենցաղային պայմաններ պատրաստել և այլն։ Առհասարակ ընտրել բառը նշանակում է․ ջոկել՝ զատել որևէ հատկանիշի՝ հատկության համաձայն, միատեսակ բաների մեջ առանձնացնել ցանկացածը։ Կարծում եմ համաձայն պիտի լինեք, որ չկա երկիր մոլորակի վրա մարդ ով երբևէ ընտրություն չի կատարել՝ անգամ աննշան բաների միջև։ Հատկանշական է ևս մի փաստ՝ մարդը իր ընտրության մեջ հաճախ սխալվում է, ինչի հետևանքով առաջ են գալիս ափսոսանք և հիասթափություն։

Աստված նույնպես ընտրություններ է կատարել։ Ի տարբերություն մարդու, Աստծու ընտրությունները կատարվում են ո՛չ թե իրավիճակի առաջացման պահին կամ հաջորդող ակնթարթներին, այլ մինչ աշխարհի արարումը։ Այդ ընտրությունները սուրբ են, արդար և անսխալական։


 

Այսպիսի ընտրություններից մեկն էր Աստծու երկրավոր ժողովուրդը։ Երկիր մոլորակում բազմաթիվ ժողովուրդներ են ապրում, բայց Տերը մի ազգ ստեղծեց, որ Աստծու երկրավոր ժողովուրդը պետք է լիներ։

Իսկ հիմա ակա՛նջ դիր, ո՛վ իմ ծառա Հակոբ, և դու, ո՛վ Իսրայել, որին ես ընտրել եմ։

ԵՍԱՅԻ 44:1

 

Աստված կանչեց Իսրայելին ազգերի միջից, սակայն նրանք ձախողեցին իրենց առաքելությունը՝ դարձյալ խառնվեցին ազգերին, սպանեցին ղրկված մարգարեներին, խաչեցին՝ Քրիստոսին։ Ի՞նչ է նշանակում սա․ Աստված սխալ է՞ր ընտրել նրանց․․․ Անշուշտ ո՛չ․ Աստված գիտեր այդ ընթացքի մասին դեռ մինչ կատարվելը, դեռ ավելին․ Աստված իր ընտրած ժողովրդին չթողեց հավիտյանս կործանվել (տես՝ Մարկոս 13:20) անգամ երբ նրանք հեռացան Աստծուց։


 

Աստվածային ընտրության մասին խոսելիս կարևոր է հասկանանք մի կարևորդ բան․ մարդկային տրամաբանությամբ հնարավոր չէ քննել Աստծու միտքը և ամբողջությամբ հասկանալ Աստծու գործերը (ԺՈՂՈՎՈՂ 8։17), ուստի մեր տեսածը իրականության զուտ մակերեսային պատկերն է։ Այս առումով մենք ևս մի հետաքրքիր երկրավոր օրինակ ունենք. գոյություն ունեն գունային ֆիլտրով անալգիֆ ակնոցներ (Anaglyph glasses), որոնք թույլ են տալիս տեսնել պատկերը այն գույներով ինչպիսի գույնով դիտում ենք տվյալ պահին։ Աստծու գործերը քննելիս մենք պետք է նայենք սիրո «գույներով»․․․


 

Աստծու մեկ այլ ընտրության արդյունք իր հեթանոսներից հավաքած ժողովուրդն է՝ բոլոր լեզուներից ու ազգերից, նրանցից ովքեր մի ժամանակ բարկության որդիներ էին․

27․ Բայց Աստված ընտրեց նրանց, որոնց այս աշխարհում հիմարներ են կարծում, որպեսզի իմաստուններին ամաչեցնի, իսկ աշխարհի տկարներին Աստված ընտրեց, որպեսզի հզորներին ամաչեցնի։ 28․ Աստված ընտրեց աշխարհի ոչ ազնվականներին ու անարգվածներին, ինչպես նաև ոչինչ համարվողներին, որպեսզի ոչինչ դարձնի ինչ-որ բան համարվողներին

Ա Կորնթացիներին 1․ 27 – 28

 

Լսե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ, չէ՞ որ Աստված այս աշխարհի աղքատներին ընտրեց, որոնք հավատով հարուստ են ու ժառանգորդները այն արքայության, որ Աստված խոստացավ իրեն սիրողներին։ 

Հակոբոս 2:5

 

Այո՛ Տերը ընտրեց այս աշխարհի խոնարհներին ու հիմար համարվողներին, որպեսզի նրանք ովքեր կարծում են թե զորավոր են, ոչինչ դառնան կորցնելով կյանքը։ Այս ընտրությունը կամ ավելի ճիշտ այդ ընտրության կատարվելը, մենք արդեն տեսնում ենք շուրջ 2000 տարի։ Մեզ նախորդող սերունդներից Աստված հավաքեց իր ժողովուրդը ու շարունակում է հավաքել այսօր՝ մինչ կամբողջանա ընտրված թիվը։ 

 

Այսօր մեզ տրվող արդիական հարցը սա է․ դու մաս և բաժին ունե՞ս այդ ընտրության մեջ։ Եթե ցանկանում ես ունենալ, բայց չգիտես ինչպես, ասենք․ հարկավոր է պարզ աղոթքով Տեր Հիսուսին դիմել․ Տերը իր միածին Որդին տվեց քո փրկության համար, որպեսզի դու մեղքերի թողություն ու հավիտենական կյանք ստանալու միջոց ունենաս։ Քեզ պետք է անձնապես դիմել Հիսուս Քրիստոսին, եթե Տեր Հիսուսի առաջ չխոնարվես քո երկրավոր կյանքի ընթացքում, դա ստիպողաբար պիտի անես մահից հետո, սակայն այն ժամանակ քո հավիտենական կեցության վայրը կլինի՝ ծծումբով այրված կրակե լիճը։

Փրկությունը շատ պարզ է և ջանքեր չի պահանջում մարդուց, Աստված ինքը լրացրեց բոլոր պայմանները, որպեսզի դու կարողանաս հավիտենական կյանք ունենալ Տեր Հիսուսի միջոցով։ 

 

Ահա Աստծուն գալու համար աղոթքի մի պարզ օրինակ․

«Երկնավոր հայր, շնորհակալ եմ որ ինձ համար Տեր Հիսուսի արյունն ես թափել խաչի վրա, խնդրում եմ Տեր ներիր ամեն գործած մեղքերս և ջնջիր դրանք իմ Փրկչի արյամբ։ Ես ընդունում եմ Տեր Հիսուսին որպես իմ կյանքի Տերը և Աստվածը, խնդրում եմ որ Քո խոստումի համաձայն իմ կյանք ևս գաս և փոխես այն քո կամքի համաձայն։ Այս ամենը Տեր Հիսուսի թանկագին անունից եմ խնդրում։ Ամեն։»

 

18. Հիմա եկե՛ք վիճաբանենք,- ասում է Տերը,- եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն. եթե դրանք որդան կարմիրի նման են, բրդի պես սպիտակ կդառնան։

ԵՍԱՅԻ 1. 18 

Աստված քննում է մարդկանց սրտերը և չի նայում նրանց ճոխ նախադասություններին, եթե հավատքով աղոթեցիր ապա Տերը հավատարիմ է՝ քո մեղքերը ներեց և հավիտենական կյանք տվեց ու շնորհեց Իր Սուրբ Հոգին։



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.