Արդյոք փրկությունը միայն հավատո՞վ է

222 1% 3
Մարտի 19, 2021թ. Տիգրան

Հարց՝ Արդյոք փրկությունը միայն հավատո՞վ է, թե՞ հավատով և գործերով:

Պատասխան՝ Սա, հավանաբար, քրիստոնեական աստվածաբանության ամենակարևոր հարցերից մեկն է։ Այս հարցի պատճառով տեղի ունեցավ Մեծ բարեփոխումը՝ Բողոքական և Կաթոլիկ եկեղեցիների բաժանումը։ Այս հարցն է բացահայտում աստվածաշնչյան քրիստոնեության և «քրիստոնեական» աղանդների հիմնական տարբերությունը։ Արդյոք փրկությունը միայն հավատո՞վ է, թե՞ հավատով և գործերով։ Արդյոք փրկվում են միայն Հիսուսին հավատալո՞վ, թե՞ պետք է հավատալ Նրան և որոշակի գործեր անել փրկվելու համար։

 

Միայն հավատով կամ հավատով ու գործերով փրկության հարցը բարդանում է աստվածաշնչյան որոշ հատվածների պատճառով, որոնք իրար հանդեպ համահունչ լինելու հարցում արտաքին դժվարություններ ունեն։ Համեմատենք Հռոմեացիս 3․28, 5․1 և Գաղատացիս 3․24 հատվածները Հակոբոս 2․24 խոսքի հետ։ Ուշադրություն դարձրեք Պողոս առաքյալի (միայն հավատով փրկություն) և Հակոբոս առաքյալի (հավատով և գործերով փրկություն) մոտեցումների տարբերությանը։ Պողոս առաքյալը դոգմատիկ կերպով պնդում է, որ մարդը միայն հավատի շնորհիվ է արդարանում (Եփեսացիս 2․8-9), մինչ Հակոբոս առաքյալն ասես պնդում է, որ մարդն արդարանում է հավատով և գործերով։ Այս ակնհայտ խնդրի պատասխանը ի հայտ է գալիս, երբ հասկանում ենք, թե ինչի մասին է խոսում Հակոբոս առաքյալը։ Նա խոսում է այն հավատի մասին, որը մարդը կարող է ունենալ՝ չդրսևորելով այդ հավատի պտուղ հանդիսացող որևէ բարի գործ (Հակոբոս 2․17-18)։ Հակոբոսը շեշտադրում է Տեր Հիսուսի հանդեպ անկեղծ հավատի պտուղները․ դրանք անպատճառ կյանքի փոփոխության են հանգեցնելու և դրսևորվելու են բարի գործերի մեջ (Հակոբոս 2․20-26)։ Հակոբոսը չի ուսուցանում հավատով և գործերով արդարանալու մասին, այլ ավելի շուտ շեշտադրում է, որ հավատի շնորհիվ ճշմարտապես արդարացած մարդը, անկասկած, բարի գործեր է ունենալու իր կյանքում։ Եթե որևէ մարդ պնդում է, որ ինքը հավատացյալ է, սակայն չունի բարի գործեր, ապա, ամենայն հավանականությամբ, նրա հավատը Քրիստոսի հանդեպ անկեղծ հավատ չէ (Հակոբոս 2․14,17,20,26)։

 

Պողոս առաքյալը նույն ճշմարտությունն է ուսուցանում իր գրվածքներում։ Բարի պտուղը, որը հավատացյալները պետք է ունենան իրենց կյանքում, թվարկված է Գաղատացիս 5․22-23 հատվածում։ Հենց անմիջապես այն բանից հետո, երբ Պողոս առաքյալը պնդում է, որ մենք միայն հավատով ենք փրկված, այլ ոչ թե գործերով (Եփեսացիս 2․8-9), նա մեզ տեղեկացնում է, որ մենք ստեղծված ենք բարի գործերի համար (Եփեսացիս 2․10)։ Պողոս առաքյալը նույնքան փոխված կյանք է ակնկալում հավատացյալներից, որքան որ Հակոբոս առաքյալը․ «Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նոր ստեղծված է. հներն անցան, ահա ամեն բան նոր եղավ (Բ Կորնթացիս 5․17)։ Հակոբոս և Պողոս առաքյալները իրար չեն հակասում փրկության վարդապետության հարցում։ Նրանք միևնույն խնդրին տարբեր կողմերից են մոտենում։ Պողոս առաքյալը շեշտադրում է, որ փրկությունը միայն հավատով է, իսկ Հակոբոս առաքյալը շեշտադրում է, որ ճշմարիտ հավատքը Քրիստոսի հանդեպ չի կարող լինել առանց բարի գործերի պտուղների։ 

 

Աղբյուր՝   https://www.gotquestions.org/Armenian/Armenian-faith-alone.html



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.