ԶԱՏԻԿ: Իրական իմաստը

520 0% 2
Ապրիլի 3, 2021թ. Տիգրան

Թե՛ մեծերի և թե՛ փոքրերի սիրելի տոներից է զատիկը։ Հայաստանում՝ ժողովրդի մեջ, ընդունված է այն տոնել ձու ներկելով, ձուկ և փլավ եփելով, երբեմն նաև եկեղեցի այցելություններով։ Եթե ցանկանում եք ճշմարտությունը իմանալ․ այս սովորությունները առկա են նաև այլ ազգերի մոտ, օրինակ՝ զրադաշտական Նովրուզում, ուստի այն կարծիքը որ այս սովորությունները քրիստոնեական են՝ չունի որևէ աղերս իրականության հետ։

Զատիկ (פסח) նշանակում է անցում, զատում. տոնը ունի հրեական ծագում, երբ Աստված Իսրայելին ազատվեց Եգիպտական ստրկությունից ու նոխազի արյամբ զատեց՝ փրկելով գալիք անդրանիկների մահից։

 

Ի՞նչ կապ ունի տոնը քրիստոնեության հետ․

Այս նախաբանից հետո հարց է ծագում․ իսկ ի՞նչ կապ ունի տոնը քրիստոնեության հետ։ Պատասխանը հասկանալու համար, մենք պետք է գիտակցենք թե ինչ կատարվեց մոտ 2000 տարի առաջ խաչի վրա։ Ամբողջ հրեական զոհերն ու պատարագները խորհրդանշում էին գալիք լավագույն Զոհը։ Հիսուս Քրիստոս՝ Աստված մարմնով հայտնված, մարդկության մեղքը իր վրա վերցրեց և զատիկի օրը իբրև միակ և մեծագույն զոհ եղավ խաչի վրա։ Տեր Հիսուսի կատարած գործից հետո մարդկությունը հնարավորություն ստացավ ունենալ հավիտենական կյանք և մեղքերի թողություն։ Մինչ այդ մարդիկ միայն դրա հույսը ունեին և ննջում էին սպասելով Փրկչին, իսկ այժմ այս ամենը իրողություն է բոլոր հավատացողների համար։
 

3․ Նրանց թվում նաև մենք բոլորս մի ժամանակ ապրում էինք մեր մարմնական ցանկություններով՝ մարմնի ու մտքի կամքը կատարելով, և էությամբ բարկության արժանի որդիներ էինք մյուսների պես։ 4․ Բայց Աստված, որ հարուստ է ողորմությամբ, իր առատ սիրո համար, որով մեզ սիրեց, 5․ մինչ մեռած էինք մեղքերի հետևանքով, մեզ Քրիստոսի հետ կյանք տվեց։ Դուք շնորհով եք փրկված։ 6․ Նրա հետ մեզ հարություն տվեց և նրա հետ նստեցրեց երկնքում՝ Քրիստոս Հիսուսով, 7․ որպեսզի գալիք դարերում հավիտյան ցույց տա իր շնորհի գերազանց մեծությունը Քրիստոս Հիսուսով մեր հանդեպ ունեցած քաղցրությամբ։

Եփեսացիներին 2։3-7

 

16․ Աստվածապաշտության խորհուրդը հայտնապես մեծ է. Աստված մարմնով հայտնվեց, Հոգով արդարացավ, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, հավատով ընդունվեց աշխարհում ու փառքով համբարձվեց։

Ա Տիմոթեոսին 3:16

 

Այսօր մարդիկ հարցումներ են տալիս, ի՞նչ ուտել, ի՞նչ եփել։ Հիսուս ասաց․

53․ ․․․․«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե Մարդու Որդու մարմինը չուտեք և նրա արյունը չխմեք, ձեր մեջ կյանք չեք ունենա։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:53


 

Մենք կյանք ենք ունենում ո՛չ թե ուտեստի կամ խմելիքի միջոցով, այլ Տեր Հիսուսի հետ հաղորդությամբ։ Հաղորդություն նշանակում է անձնական սերտ հարաբերություն Աստծու հետ։ Հաղորդություն նշանակում է Տիրոջը քո կյանքում ունենալ ամեն օր։

Բավարար չէ միայն մտքով համաձայնվել այս ամենին, մենք ի նշան մեր հավատքի պիտի սեփական բառերով խոստովանենք, որ ցանկանում ենք ետ դառնալ հին կյանքից և այսուհետ ապրել Աստծու հետ։ Աստված հավատարիմ է և նրանք ովքեր իրեն կգան, չեն կորսվի այլ կստանան մեղքերի թողություն և հավիտենական կյանք․․․
 

Այսօր սիրե՛լի ընթերցող, Աստված հենց քեզ առաջարկում է մեղքերի թողություն և հավիտենական կյանք։ Աստված քո և իմ մեղքերի համար Իր Որդին տվեց, նա չարչարվեց ու ծեծվեց իմ ու քո անօրենությունների համար, որպեսզի եթե խոստովանենք մեր մեղավոր լինելը ու խնդրենք որ Տերը մեզ փրկի՝ ՓՐԿՎԵՆՔ։

 

Քո բառերով և անկեղծ սրտով Աստծուն հենց դու ինքդ դիմի՛ր և Աստված քեզ էլ պիտի Իր Որդին դարձնի։

Ահա նման աղոթքի մի պարզ օրինակ․

«Երկնավոր հայր, շնորհակալ եմ որ ինձ համար Տեր Հիսուսի արյունն ես թափել խաչի վրա, խնդրում եմ Տեր ներիր ամեն գործած մեղքերս և ջնջիր դրանք իմ Փրկչի արյամբ։ Ես ընդունում եմ Տեր Հիսուսին որպես իմ կյանքի Տերը և Աստվածը, խնդրում եմ որ Քո խոստումի համաձայն իմ կյանք ևս գաս և փոխես այն քո կամքի համաձայն։ Այս ամենը Տեր Հիսուսի թանկագին անունից եմ խնդրում։ Ամեն։»

 

18. Հիմա եկե՛ք վիճաբանենք,- ասում է Տերը,- եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն. եթե դրանք որդան կարմիրի նման են, բրդի պես սպիտակ կդառնան։

ԵՍԱՅԻ 1. 18

Աստված քննում է մարդկանց սրտերը և չի նայում նրանց ճոխ նախադասություններին, եթե հավատքով աղոթեցիր ապա Տերը հավատարիմ է՝ քո մեղքերը ներեց և հավիտենական կյանք տվեց ու շնորհեց Իր Սուրբ Հոգին։



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.