ՎԵՐԱՓՈԽՎԵՆՔ ՄԵՐ ՄՏՔԻ ՆՈՐՈԳՈՒԹՅԱՄԲ

118 2% 2
Ապրիլի 24, 2021թ. Տիգրան

Աշխարհի համար մարդու միտքը (մտածելու՝ դատելու կարողությունը) մատնանշում է նրա մտավոր զարգացածության աստիճանը։ Եթե անձնավորությունը կարողանում է արագ և ճիշտ լուծումներ գտնել կամ հնարագետ է, ապա համարվում է բարձր մտավոր կարողությունների տեր մեկը։

 

Աստծու Խոսքում գրված է․

2․ Եվ մի՛ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծու կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը։

Հռոմեացիներին 12:2

Աստված մեզ պատվիրում է վերափոխվել մտքի նորոգությամբ։ Այսինքն փոխել աշխարհընկալումը, ինչն էլ կառաջացնի մեր վերափոխումը։ Առաջ մենք աշխարհին նայում էինք՝ համաձայն մեր ցանկությունների (մարմնի ու աչքերի ցանկություն և այս կյանքի ամբարտավանություն - Ա Հովհաննես 2:16), իսկ հիմա պետք է փոխվի այս ամենը։

Երբ մենք խոսում ենք աշխարհընկալման փոփոխության մասին, բնականոն հարց է ծագում․ «իսկ ի՞նչ չափանիշների համաձայն փոխենք մեր միտքը»։ Հարցի պատասխանը ինքը՝ Աստված, Իր Խոսքով տալիս է․

130․ Խոսքերիդ հայտնությունը լույս է տալիս և իմաստուն դարձնում պարզամիտներին։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:130

Այո՛ միակ չափանիշը/լույսը, որ պետք է գործածել՝ Աստծու Խոսքն է։

 

Ա Պետրոս թղթի 1-ին գլխում ասվում է․

14․ հնազանդ զավակների պես մի՛ համապատասխանեք ձեր անգիտության ժամանակվա նախկին ցանկություններին, 15․ այլ ձեզ կանչող Սրբի պես դուք էլ ամբողջ վարքով սո՛ւրբ եղեք, 16․ քանի որ գրված է. «Սո՛ւրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ» (Ղևտ. 11.44-45, 19.2)։

Ա Պետրոս 1։14-16

Մենք պարտավոր ենք ամեն օր սրբության կյանքով ապրել, պարտավոր ենք սնել Աստծու Հոգին մեր մեջ և հետամուտ լինել հոգևոր պարգևների հասնելուն։

 

Գիտակցենք ևս մեկ բան․ թեև մենք փրկված ենք, բայց պիտի գա մի օր, երբ ներկայանալու ենք Հիսուս Քրիստոսի առջև մեր «տնտեսության» հաշիվը տալու համար․․․

17․ Եվ եթե Հայր եք կոչում նրան, որ առանց աչառության դատաստան է անում յուրաքանչյուրին՝ համաձայն իր գործի, ապա ձեր պանդխտության ժամանակը երկյուղո՛վ անցկացրեք՝

Ա Պետրոս 1։17

 

 

Նրանք ովքեր Աստծուն չեն հանձնել իրենց կյանքը՝ վերստին ծննդյան փորձառություն չունեն, ազատված են այս ատյանից, սակայն սա ոչ թե ուրախանալու այլ լացելու առիթ է, քանի որ արդեն դատապարտված են և պիտի գնան ծծումբով այրված կրակե լիճը։

Այսօր Աստված բոլորին է ցանկանում ազատել դժոխքից և դրա դատապարտությունից։ Աստված մարդկության համար Իր միածին Որդին տվեց ու Նրա վրա դրեց մարդկության մեղքերը։

Հիսուս Քրիստոսը չարչարվեց, մեռավ ու հարություն առավ բոլոր մարդկանց մեղքերի համար, նրանք ովքեր կհավատան ու ի նշան սեփական հավատքի Աստծուն կգան՝ կփրկվեն մեղքերից ու կստանան Աստծու Որդի կոչումը։

Աստծուն գալու համար կարող ես պարզ աղոթքով հենց դու դիմել Աստծուն, քո և Աստծու միջև միջնորդը միայն Հիսուս Քրիստոսն է և ոչ թե մարդը։

 

Ահա նման աղոթքի մի պարզ օրինակ․

«Երկնավոր հայր, շնորհակալ եմ որ ինձ համար Տեր Հիսուսի արյունն ես թափել խաչի վրա, խնդրում եմ Տեր ներիր ամեն գործած մեղքերս և ջնջիր դրանք իմ Փրկչի արյամբ։ Ես ընդունում եմ Տեր Հիսուսին որպես իմ կյանքի Տերը և Աստվածը, խնդրում եմ որ Քո խոստումի համաձայն իմ կյանք ևս գաս և փոխես այն քո կամքի համաձայն։ Այս ամենը Տեր Հիսուսի թանկագին անունից եմ խնդրում։ Ամեն։»

 

18. Հիմա եկե՛ք վիճաբանենք,- ասում է Տերը,- եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն. եթե դրանք որդան կարմիրի նման են, բրդի պես սպիտակ կդառնան։

ԵՍԱՅԻ 1. 18

Աստված քննում է մարդկանց սրտերը և չի նայում նրանց ճոխ նախադասություններին, եթե հավատքով աղոթեցիր ապա Տերը հավատարիմ է՝ քո մեղքերը ներեց և հավիտենական կյանք տվեց ու շնորհեց Իր Սուրբ Հոգին։



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.