ԴԱՐԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ԾԱԾԿՎԱԾ ԽՈՐՀՈՒՐԴԸ

172 2% 3
Մայիսի 8, 2021թ. Տիգրան

Կարդալով Աստծու Խոսքը մենք հաճախ հանդիպում ենք դժվարըմբռնելի հատվածների, այսպիսի դեպքերում մեր ուսուցիչը և առաջնորդը Սուրբ Հոգին է, ով աղոթքի և հարատև սերտողությունների արդյունքում Իր կամքի համաձայն բացահայտում է Աստվածային Խորհուրդները։ Այսօրինակ դեպքերը երբեմն մեզ համար կարող են բացահայտվել տևական ժամանակ անց, իսկ առանձին դեպքերում՝ մնալ փակված մինչև այս կյանքի ավարտը (Ա Կորնթացիներին 13:9-10)։

Բոլորս կարող ենք մեր անձնական սերտողության օրինակով փորձել առանձնացնել Աստվածպաշտության ամենախորը գաղտնիքը, սակայն Աստծու Խոսքում կա գրված մի խորհուրդի մասին, ինչը բնորոշվում է՝ դարեր շարունակ ծածկված Աստծու մեջ։

8․ Այս շնորհը տրվեց ինձ՝ բոլոր սրբերից հետինիս, որպեսզի Քրիստոսի անքննելի հարստությունը հեթանոսների մեջ ավետարանեմ 9․ և բոլորին լուսավորեմ, թե ի՛նչ է այն խորհրդի տնտեսությունը, որ դարեր շարունակ ծածկված էր Աստծու՝ տիեզերքի արարչի մեջ, 10․ որպեսզի այժմ եկեղեցու միջոցով երկնային իշխանություններին և պետություններին հայտնվի Աստծու բազմատեսակ իմաստությունը՝ 11․ համաձայն այն հավիտենական ծրագրի, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով իրագործեց։ 

Եփեսացիներին 3։8-11

 

Այս խորհուրդը ոչ այլ ինչ է, քան իմ ու քո փրկության ծրագրի իրագործման բնույթը։ Աստված աշխարհի ստեղծումից առաջ նախասահմանել էր մարդկության փրկության ծրագիրը, այդ ծրագրի անբաժանելի հատվածն է կազմում անմեղի միջոցով մեղավորների քավությունը, ինչի օրինակը կար հին ուխտում (նոխազների և զվարակների արյունը)։ Աստված իր Որդու միջոցով Հեթանոսներից ու Հրեաներից ժողովուրդ պիտի կազմեր, որ կանվանվեր ԵԿԵՂԵՑԻ։
 

ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ մարդկության փրկության իրագործման համար ՀԱՅՏՆՎԵՑ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՎ ԵՎ ՔԱՅԼԵՑ ԵՐԿՐԻ ՎՐԱ։ Աստված մարդու մեղքերի համար խաչափայտին գամվեց, ՏԵՐԸ ՄԵՐ ՓՈԽԱՐԵՆ ՕՐԻՆԱԶԱՆՑԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԿՐԵՑ՝ ԱԶԱՏԵԼՈՎ ՄԵԶ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋԻՑ։

Աստվածապաշտության խորհուրդը հայտնապես մեծ է. Աստված մարմնով հայտնվեց, Հոգով արդարացավ, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, հավատով ընդունվեց աշխարհում ու փառքով համբարձվեց։

Ա Տիմոթեոսին 3:16

 

Մենք բոլորս այսօր կանգնած ենք ընտրության առաջ, կարող ենք ընտրել ԲԱՐԻՆ՝ ՔՐԻՍՏՈՍԸ, կամ չարը՝ սատանային, չենք կարող ընտրություն չկատարել, քանի որ եթե մերժենք ՔՐԻՍՏՈՍԻՆ, դա կհամարվի մեր ընտրությունը։

 

Աստծուն գալու համար բավական է պարզ աղոթքով Նրան դիմել։ Մենք մեր փրկությունը իբրև նվեր ստանում ենք, երբ գիտակցաբար ու հոժարաբար հանձնում ենք մեր կյանքը Հիսուս Քրիստոսին։ Տերը այսօր բոլորին է կանչում, ասելով․ «Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ։» Մատթեոս 11:28

Հենց այսօր դիմիր Աստծուն և մի հետաձգիր այդ որոշումը՝ չգիտես երբ կլքես այս կյանքը։

Ահա նման աղոթքի պարզ օրինակ․


 

«Տեր֊Հիսուս ես ընդունում եմ, որ մեղավոր եմ։ Խնդրում եմ ներիր իմ մեղքերը, արի իմ կյանքի մեջ և փոխիր այն քո կամքի համեմատ։ Տեր ի՛մ դարձրու ինձ քո որդին, և օգնիր որ ճանաչեմ՝ դու իմ Փրկիչն ու Աստվածն ես։ Այս ամենը քո թանկագին անունից կխնդրեմ։ Ամեն»։
 

18. Հիմա եկե՛ք վիճաբանենք,- ասում է Տերը,- եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն. եթե դրանք որդան կարմիրի նման են, բրդի պես սպիտակ կդառնան։

ԵՍԱՅԻ 1. 18 

Աստված քննում է մարդկանց սրտերը և չի նայում նրանց ճոխ նախադասություններին, եթե հավատքով աղոթեցիր ապա Տերը հավատարիմ է՝ քո մեղքերը ներեց և հավիտենական կյանք տվեց ու շնորհեց Իր Սուրբ Հոգին։



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.