Աստված օգտագործու՞մ է քեզ իր գործում

169 1% 2
Սեպտեմբերի 5, 2021թ. Տիգրան

Մարդը իր նպատակները ու փափագները ի կատար ածելու համար հաճախ կազմում է ծրագրեր։ Մենք երբեմն ունենում ենք տարբեր մեխանիզմներ ու գործիքակազմ այս կամ այն նպատակին հասնելու համար, սակայն փափագած նշաձողերին հասնելուց հետո՝ մեզ զգում ենք դատարկ և պակասավոր։

 

Ի տարբերություն աշխարհի ունայն և անցողիկ ծրագրերի, Աստված նույնպես կազմել է ծրագիր, այդ ծրագիրը կազմվել է դեռ աշխարհի արարումից առաջ, և այն սիրո ծրագիր է։

3․ Օրհնյալ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ մեզ Քրիստոսով օրհնեց երկնքում ամեն հոգևոր օրհնությամբ, 4․ ինչպես որ մեզ նրա միջոցով ընտրեց աշխարհի ստեղծումից առաջ, որպեսզի մենք սուրբ և անարատ լինենք նրա առաջ սիրո մեջ։ 5․ Մեզ նախասահմանեց, որ Հիսուս Քրիստոսի միջոցով իրեն որդեգիր լինենք՝ ըստ իր կամքի հաճության, 6․ որպեսզի գովերգվի նրա շնորհի փառքը, որ մեզ շնորհվեց իր Սիրելիի միջոցով։

Եփեսացիներին 1։3-5

 

Այո՛ Աստված իր ամենագիտությամբ նախասահմանեց նրանց, ովքեր պետք է լսեին խոսքը, հավատային ու ապաշխարեին։

Առավել․ նրանց ում Աստված կանչեց նաև սահմանեց իր դաշտում գործելու համար, որպեսզի այն ավետիսը որ ձրի ստացանք, բաժնեկցենք ուրիշների հետ։

 

Սակայն հակառակ Աստծու կամքի մենք՝ հավատացյալներս, հաճախ խուսափում ենք ապրել Աստծու ծրագրի համաձայն, խաբվելով չարից՝ մենք հարմարավետ տեղ ենք զբաղեցնում աշխարհի մեջ, շարժվելով մարմնի, աչքի և հպարտության թելադրանքով։

 

Աստված այս առիթով ասում է․

15․ Մի՛ սիրեք աշխարհը և ոչ էլ այն, ինչ աշխարհի մեջ է։ 16․ Եթե մեկն աշխարհը սիրում է, Հոր սերը նրա մեջ չէ, որովհետև այն ամենը, ինչ աշխարհի մեջ է, մարմնի ու աչքերի ցանկություն է և այս կյանքի ամբարտավանություն, Հորից չէ, այլ աշխարհից։ 17․ Թե՛ աշխարհն է անցնում, թե՛ նրա ցանկությունը, բայց Աստծու կամքը կատարողը մնում է հավիտյան։

Ա Հովհաննես 2։15-17

 

Աստծու Խոսքը բացահայտում է․ Աստված հավատարիմ է և եթե մենք նույնիսկ այս ընթացքով գնանք, Աստված մեզ չի թողնի այլ մեզ կփորձի հետ բերել ճիշտ ճանապարհի վրա, սակայն կընդունենք Աստծու խրատը, կհանձնվենք Նրա ձեռքերի մեջ, թե կմնանք անդրդվելի դա մեր ազատ կամքն է․․․

 

Հիշենք, Աստված սիրող բայց նաև արդար Աստված է, և ամենքս պատասխանատու ենք մեր գործած մեղքերի համար, եթե դրանք չհանձնենք Հիսուս Քրիստոսին․

10․ Որովհետև մենք բոլորս պետք է ներկայանանք Քրիստոսի ատյանի առաջ, որպեսզի ամեն մեկն իր մարմնով ստանա իր արարքի հատուցումը՝ բարի կամ չար։

Բ Կորնթացիներին 5:10



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.