Քո վերջին օրը. Արմո Հովեյան

Հուլիսի 20, 2017թ.

Հաճախ մտածում եմ. ինչի՞ նման է մարդու կյանքը երկրի վրա: Իրականում՝ մի ակնթարթ, երբ հանգիստ ես ու դեռ սպասում ես ինչ-ինչ բաների քո կյանքում ու բացարձակ չես էլ մտածում, որ գուցե հաջորդ վայրկյանին կարող է պարզապես գոյություն չունենաս:

Օրինակ՝ Եգիպտոսում վթարի ենթարկված ինքնաթիռի մեջ եղած 224 մարդկանցից ո՞ր մեկը գիտեր, որ իր կյանքի վերջին օրն է: Ամեն մեկին իրենց տանը կամ օդանավակայանում սպասող կար, բայց նրանք չհասան տեղ. վերջացավ իրենց կյանքը:

Ցավալի է շատ:

Ոչ մի մարդ չգիտի, թե ե՞րբ, որտե՞ղ, կամ ինչի՞ց… Սակայն ես գիտակցում եմ, որ կա վերջ, իմ կյանքը մի օր պիտի ավարտվի: Երանի թե ամեն օր ապրեմ այնպես, ինչպես կապրեմ իմ կյանքի վերջին օրը՝ ոչ մեկին չեմ նեղացնի, չեմ նեղանա, չեմ բարկանա, բոլորին կսիրեմ, բոլորի հետ հաշտ կլինեմ:

Իսկ այդ օրը ես չգիտեմ ու ինձ չի թվում, որ մեկը գիտի իր վերջին օրը: Մեր կյանքի օրերից անտեղյակ լինելով, պետք է պատրաստ լինել կանգնելու Աստծո՝ Հիսուս Քրիստոսի առաջ: Եվ պետք է պատասխան տալ անցած ժամանակի ու ապրած կյանքի համար…

Սրա համար է պետք պատրաստվել, քանի որ այդ օրը մոտենում է, գուցե հետո շատ ուշ լինի: Իրականում առանց Տեր Հիսուսի փրկություն չկա, Նա է մեր Տերը, Աստվածը ու մեր Փրկիչը:

Խնդրում եմ, կարդացեք Նոր Կտակարան, կանչեք Տեր Հիսուսի անունը, զղջացեք ու ապաշխարեք, քանի որ մոտեցել է Աստծո Թագավորությունը: Տեր Հիսուսը մեր բոլորի համար է խաչվել, որպեսզի մեզ Իր Սուրբ Արյան շնորհիվ տա մեղքերի թողություն և նրա միջոցով ունենանք հավիտենական կյանք:

Ընդունիր Տեր Հիսուսին քո սրտի մեջ, քանի դեռ ուշ չէ: Տեր Հիսուսը քո սրտի դռան առաջ է ամեն վայրկյան, կյանքդ հանձնիր Աստծուն՝ Հիսուս Քրիստոս Փրկչին:



Նյութի սկզբնաղբյուր՝ Արմո Հովեյան (Արմո)