Բուժում նյարդերի գերլարումից

Հուլիսի 20, 2017թ.

Մի կին, ով տառապում էր նյարդերի գերլարումից, դիմում է բժշկի՝ բողոքելով իր նյարդերից, որոնք այլևս ենթակա չեն վերահսկման: Փորձառու բժիշկն ուշադիր լսում է նրան ու նշանակում մի շատ տարօրինակ բուժում. «Ուշադիր կարդացեք Աստվածաշունչը»:

Նա վիրավորվում է նման «անփույթ վերաբերմունքից իր լուրջ իրավիճակի հանդեպ», սակայն տուն վերադառնալով` հետևում է բժշկի խորհրդին: Մեկ ամիս անց նա ժպիտը դեմքին գալիս է բժշկի մոտ ու հարցնում, թե ինչու նա որոշեց խորհուրդ տալ իրեն ուշադիր կարդալ Աստվածաշունչը: «Սեփական փորձից ելնելով»,- պատասխանում բժիշկը:

Աստվածաշունչն այսկերպ «կիրառվում է» սերնդեսերունդ՝ տալով ամեն առանձին անհատի սեփական հոգսերի, կարիքների, փորձությունների և անձնական բնավորության գծերի մասին հստակ պատկերացումներ: Նա ասես սպասում է հնարավորության` ծանոթանալու Ադամի ամեն հետնորդի հետ՝ ցույց տալու այս կյանքի անապատում ճշմարիտ ճանապարհը, զգուշացնելու սպասվող վտանգների մասին և լինելու խորհրդական ամեն մեկին, ով չի մերժում իր օգնությունը:

Աստվածաշունչը զորություն ունի ներթափանցելու անգամ աննշան հոգևոր գիտելիք ունեցող մարդու էության մեջ` միայն թե բացի ու կարդա այն: Մարդը, ով կարդում է այն, տեսնում է ինքն իրեն այս Գրքի միջոցով: Այն ճշմարիտ հայելի է, որն անսխալ հստակությամբ արտացոլում է մեզ: Այն բացահայտում է մեր մտադրությունները, պարզում մեր կարիքները, խորհուրդ է տալիս, հանդիմանում է, ուղղում, թարմացնում, հաստատում ու լուսավորում:

«Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մեջ չի գնում, և մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում, և ծաղր անողների աթոռի վրա չի նստում: Այլ նրա կամքը Տիրոջ օրենքի մեջ է, և գիշեր ու ցերեկ նրա օրենքի վրա է մտածում: Եվ նա ջրերի գնացքումը տնկված ծառի պես կլինի, որ պտուղը տալիս է իր ժամանակին և նրա տերևը չի թափվում և ամեն ինչ որ անում է հաջողվում է նրան» (Սաղմոս 1.1-3):

Նյութի աղբյուր՝ Crossnews