Աստված ունի իր ժողովուրդը տարբեր երկրներում և տարբեր Եկեղեցիներում
4 0% 0
Հուլիսի 23, 2017թ. Տիգրան

Մի քահանա մտնում է սուպերմարկետ: Երբ մոտենում է դրամարկղին, լսում է, թե ինչպես է մի կին իր մեջքի հետևում փնթփնթում. «Մի սրան տեսեք, թե ինչեր է լցրել իր զամբյուղի մեջ… Ժողովրդին ինչե՜ր է սովորեցնում, իսկ ինքը ճոխ-ճոխ ապրում է….»: Դա 50-ամյա մի կին էր, ով դրանով չի հանգստանում և որոշում է հարձակման անցնել.


– Դե ի՞նչ, հավաքեցի՞ր՝ ինչ որ անհրաժեշտ է,- խայթող հայացքով հարցնում է կինը:

– Դե, այո՛, հավաքեցի,- պատասխանում է քահանան:

– Երևի մեկ ամսվա առևտուր ես անում:

– Ո՛չ, հարգելի տիկին, կարծում եմ հազիվ երկու օր բավականացնի:

– Այո՜, քո տեսքից երևում է, որ հազիվ կբավականացնի:

– Ճիշտ եք նկատել, չեմ կարող ուտելիքի մասին չմտածել:

– Հա՜, դեռ պանիր ու խոզապուխտ էլ ես վերցրել, իսկ ինքդ ծոմապահության մասին ես խոսում:

– Դե, այդպիսի «մեղք» էլ եմ գործում:

– Ճիշտ են ասում ձեր մասին… Այստեղ-այնտեղ եք գնում ձեր «մերսեդեսներով»:

– Այ, այդտեղ մի խնդիր կա… Մերսեդես ունեմ արդեն, բայց, ավելի լուրջ մեքենա եմ ցանկանում: «Կադիլակի» մասին եմ երազում, բայց ունեցածս ողջ գումարը կերակուրի վրա է գնում:

– Փաստորեն խոստովանում էլ ես: Ամոթ չունես: Ճիշտ են ասում ձեր մասին:

– Ճիշտ է, եթե ավելի լավ իմանային՝ ավելի վատ բաներ կասեին:

– Հա, ձեր նմանների առջև այլևս ի՞նչ իմաստ ունի մեղքեր խոստովանել:

– Ո՛չ, կարիք չկա, կարող եք Նրան՝ Աստծուն խոստովանել, մի՛ անհանգստացեք,- շարունակում է հանգիստ պատասխանել քահանան՝ մթերքը տոպրակների մեջ դասավորելով:

Կինը վերջապես լռում է: Չնայած, որ նրա դեմքը չէր փոխվել, երևում էր, որ նա արդեն իր սրտի ուզածի չափով խոսել էր և որոշակիորեն բավարարվել: Քիչ անց մի պապիկ է ներգրավվում խոսակցությանը.

– Դե ինչ, տիկի՛ն, մի փոքր թեթևացա՞ք:

Կինը ոչինչ չի պատասխանում, որովհետև մի փոքր զգուշանում է բարձրաձայնել իր հանգստությունը: Բայց այդ թեթևությունը երկար չի տևում:

Երբ այդ «մեղմ» կինը խանութից դուրս է գալիս, զարմանում է՝ տեսնելով, որ քահանան իր մեքենային է մոտենում դատարկաձեռն, ու բացի այդ էլ՝ մեքենան ամենևին էլ մերսեդես մակնիշի չէր, այլ խորհրդային հին մի մեքենա: Նա սկզբում չի հասկանում, թե այդ ինչ հնարք էր, չէ՞ որ նա խանութից դուրս եկավ չորս տոպրակները ձեռքին: Բայց հանկարծ ճանապարհին տեսնում է չորս անտունների, ովքեր ուրախությամբ ուսումնասիրում էին իրենց ձեռքերի տոպրակների պարունակությունը:

Այդ կնոջ ճշմարտությունը որոնելու «մխիթարությունը» միանգամից ասես ոտնահարվում է անհասկանալի ու գրեթե մոռացված մի զգացումով, որը մինչ այդ թաքնված էր նրա հոգու «նկուղներում»: Նրա ներսում միաժամանակ հանդիպում են իրար հակասող՝ մեղավորության, անհասկացողության, ուրախության և ինքնադատապարտման զգացումները, որոնք էլ դառնում են այդ «ճշմարտությունը որոնող» կնոջ առաջին քայլերը դեպի ապաշխարության ճանապարհը:

Այդ պահին 50-ամյա կինը մի բացահայտում է անում իր համար: Ճշմարիտ մխիթարությունը, ի տարբերություն շրջապատող մարդկանց քննադատությունից բխող բավարարությանը, ծնում է ապաշխարություն և մեղմացնում սիրտը:

Արդեն 7 տարի է անցել: Եվ հիմա քահանան ու այդ կինը ծիծաղով են հիշում խանութում տեղի ունեցած իրենց առաջին հանդիպումը:


Հ.Գ. Աստված ունի իր ժողովուրդը տարբեր երկրներում և տարբեր Եկեղեցիներում, պետք չէ մեկ Եկեղեցու մասին տարածված կարծրատիպերը բարդել դրա բոլոր անդամների վրա:


Աղբյուր՝ Crossnews