Վարդավառ: Ծես, թե՞ խաղ

Հուլիսի 18, 2020թ.

Ի՞նչ կապ ունի Աստղիկ չաստվածուհու պաշտամունքին նվիրված հեթանոսական վարդավառը մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության հետ:

Ի՞նչ կապ կարող է ունենալ իրար վրա ջուր լցնելու հեթանոսական պաշտամունքային արարողակարգը այն հրաշափառ իրադարձության հետ, երբ սարի վրա մեր Տերը այլակերպվում է, հայտնվում են Մովսեսն ու Եղիան, որտեղ հենց Աստված երկնքից լսելի ձայնով վկայում է Իր սիրելի Որդու մասին, որպեսզի բոլոր Նրան հավատացողները լսեն Իր Որդու Խոսքերը և հնազանդվեն Նրա ուսուցմանը:

 

1 Եւ վեց օրից յետոյ Յիսուսը իր հետն առաւ Պետրոսին եւ Յակոբոսին եւ Յովհաննէսին, եւ հանեց նորանց մինակ առանձին մի բարձր սար եւ այլակերպուեցաւ նորանց առաջին։ 2 Եւ նորա հանդերձները փայլուն եղան՝ ձիւնի պէս շատ սպիտակ, որ երկրի վերայ մի թափիչ չէ կարող այնպէս սպիտակացնել։ 3 Եւ երեւեցաւ նորանց Եղիան Մովսէսի հետ եւ խօսում էին Յիսուսի հետ։ 4 Եւ Պետրոսը պատասխանեց եւ ասեց Յիսուսին. Ռա՛բբի, լաւ է որ մենք այստեղ լինենք. Եւ երեք տաղաւար շինենք, մէկը քեզ եւ մէկը Մովսէսին եւ մէկը Եղիային։ 5 Որովհետեւ չ’գիտէր թէ ինչ խօսէր, որովհետեւ զարհուրել էին։ 6 Եւ մի ամպ նորանց վերայ հովանի եղաւ. Այն ամպիցը ձայն եկաւ՝ եւ ասեց, Դա է իմ սիրելի Որդին. Դորան լսեցէք։

Մարկոս 9․ 1 - 6



Աստված մեզ այսօր հարցնում է․

 

15 Եւ ի՞նչ միաբանութիւն ունի Քրիստոսը Բելիարի հետ. Կամ ի՞նչ բաժին ունի հաւատացեալն անհաւատի հետ։ 16 Կամ ի՞նչ համաձայնութիւն ունի Աստուծոյ տաճարը կուռքերի հետ. որովհետեւ դուք կենդանի Աստուծոյ տաճարն էք. Ինչպէս Աստուած ասեց թէ Նորանցում կ’բնակուեմ, եւ նորանցում ման կ’գամ. Եւ նորանց Աստուած կ’լինեմ, եւ նորանք իմ ժողովուրդ։ 17 Նորա համար՝ նորանց միջիցը դուրս գնացէք եւ բաժանուեցէք, ասում է Տէրը, եւ պիղծ բաների մի դպչիք։

2 Կորնթացիս 6․ 15 - 17


Քրիստոնյանե՛ր, բավական չէ՞ հեթանոսական պղծությունների վրա քրիստոնեական քող գցեք:

Չգիտե՞ք արդյոք, որ նեխած մսի վրա որքան էլ մաքուր ու սպիտակ ծածկոցներ գցեք, միևնույնն է, մի օր գարշություններն ի հայտ են գալու:

Չե՞նք կարող ուղիղ և արդար կերպով ի լուր համայն հայության բարձրաձայնել, որ Տիրն իր Տրնդեզով, Աստղիկն իր Վարդվառով ու մնացած հեթանոսական չաստվածներն ընդամենը կուռքեր են՝ մեր ազգի մոլորյալ ժամանակների չաստվածներ:

Չե՞նք կարող հստակ սովորեցնել մեր ժողովրդին, որ Աստվածաշունչը կուռքերի հետևում տեսնում է հենց Բելիար անվանված սատանայի ծառաներ հանդիսացող դևերին

 

19 Արդ ի՞նչ ասեմ. մի՞թէ կուռքը մի բան է, եւ կամ թէ կուռքերի զոհուածները մի բա՞ն են։ 20 Բայց այն որ հեթանոսները զոհում են, դեւերին են զոհում, եւ ոչ թէ Աստուծուն. Իսկ ես չեմ կամենում, որ դուք դեւերին մասնակից լինէք. չէք կարող Տիրոջ բաժակը խմել եւ դեւերի բաժակը. 21 Չէք կարող Տիրոջ սեղանիցը վայելել՝ եւ դեւերի սեղանիցը։

1 Կորնթացիս 10․ 19 - 21


Մինչև ե՞րբ պետք է մեր կիսաքրիստոնեությամբ-կիսահեթանոսությամբ Տեր Աստծո բարկությունը բերենք մեզ վրա, մեր ազգի ու մեր երկրի վրա:

 

15 Գիտեմ քո գործերը որ ոչ ցուրտ ես եւ ոչ տաք. Ո՛հ թէ ցուրտ լինէիր կամ տաք։ 16 Ուրեմն որովհետեւ գաղջ ես, եւ ոչ տաք եւ ոչ ցուրտ, քեզ պիտի փսխեմ իմ բերանիցը։ 17 Որովհետեւ ասում ես, թէ Ես հարուստ եմ եւ մեծացայ, եւ ոչ բանի կարօտ չեմ. Բայց չ’գիտես թէ դու թշուառ, եւ ողորմելի, եւ աղքատ, եւ կոյր, եւ մերկ ես։

Հայտնություն 3․ 15 - 17


Եվ այսօր՝ Վարդավառ կոչված իրար վրա ջուր լցնելու կռապաշտական տոնի նախօրեին, յուրաքանչյուր հայ և յուրաքանչյուր հայաստանցի պետք է որոշի հետևյալ հարցի պատասխանը իր կյանքում․

 

21 Եւ Եղիան մօտեցաւ բոլոր ժողովրդին եւ ասեց. Մինչեւ ե՞րբ պիտի դուք կաղաք երկու կողմի վերայ. Եթէ Եհովան է Աստուածը, նորա ետեւից գնացէք, եւ եթէ Բահաղն է, նորա ետեւից գնացէք. Եւ ժողովուրդը նորան մի բան պատասխան չտուաւ։

3 Թագավորաց 18․ 21

 


Աստղի՞կ, թե՞ Բահաղ՝ նույն կուռքերն են ու նույն դևերը: Մենք ընտրում ենք Քրիստոսին և մերժում հեթանոսական պաշտամունքն ու հեթանոսական կուռքերին:
 

ԴԻՏԵ՛Ք ԱՅՍՕՐ ՎԱՐԴԱՎԱՌԻ ԵՎ ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՔԱՐՈԶԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՍԿԱՑԵՔ ՏԻՐՈՋ ԿԱՄՔԸ։ ԴԻՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍԵՂՄԵՔ [ԱՅՍՏԵՂ]: