Ո՞վ պատմեց քեզ, թե դու մերկ ես, Ադա՛մ
3 0% 0
Հունիսի 24, 2020թ. Տիգրան

«Ո՞վ պատմեց քեզ, թե դու մերկ ես» (Ծննդոց 3.11):

Հարց, որը մի քանի հազար տարի առաջ Ադամին լիակատար շփոթության մատնեց, և որի պատասխանը մեզ համար այսօր էլ կարևոր է:

Հոգևոր մերկությունը ստիպում է մեզ թաքնվել թփուտներում՝ թզենու տերևներ որոնելով: Սեփական ամոթից վախեցած կամ որոշակի հանգամանքներից «այրվածքներ» ստացած՝ մենք ջղաձգորեն փորձում ենք արդարացումներ «հագնել»՝ փախչելով Աստծուց:

«Ադա՛մ, Ադամ… մի՞ թե դու կարծում ես, որ այդ մի քանի տերևները իրապես կկարողանան հանգստություն բերել քո հոգուն: Մի՞ թե դու իսկապես համոզված ես, որ դրանք կբժշկեն քո ցավերը»: Մի անձրևը բավական է, որպեսզի մեր այդ ինքնագործ հանդերձները վերածվեն ցնցոտիների:

«Ո՞վ պատմեց քեզ, թե դու մերկ ես»: Դու կրկին ճաշակե՞լ ես այդ ծառից: Կասկածների ու ցավի ծառից: Անցյալի փորձառության ծառից:

Դե ինչ, այսօր ամեն Ադամ իր ծառն ունի: Եվ ամեն ծառի կողքին աճում է իր թզենին ու իր թփուտները: Կա մի բան, ինչով կարող կլինես ծածկել քեզ, և կա վայր, որտեղ կկարողանաս թաքնվել: Միայն մեկ խնդիր կա. Ադամից լավ դերձակ չի ստացվի, և կտորն էլ այն չէ:

«Ո՞վ պատմեց քեզ, թե դու մերկ ես»:

Կա մի լավ լուր քեզ համար, Ադա՛մ: Թզենու տերևների ու կաշվե հագուստի ժամանակներն ավարտվել են 2000 տարի առաջ: Տիեզերքի լավագույն Դերձակը կանգնած է Իր գողգոթյան ծառի կողքին և իր ձեռքում նոր հարդերձներ ունի: Ո՛չ այն հանդերձները, որոնց համար վիճակ էին գցում Նրան խաչած զինվորները, ո՛չ: Նա փոխարինել է դրանք ճերմակ հանդերձներով, և դրանք հենց քո չափին համապատասխան են: Ո՛չ, չի փոխարինել: Նա Ինքն է շինել դրանք՝ ասեղի փոխարեն մեխեր և թելերի փոխարեն հռոմեական մտրակներ օգտագործելով:

Չկա այլևս պատճառ ամաչելու: Այլևս չկա մերկ ու անպաշտպան հոգի: Մի կողմ գցիր ամեն ցնցոտիներ քո սրտից և բա՛ց թող Ադամին: Այլևս չկա մերկություն:



Աղբյուր՝ Crossnews