Աստծու նպատակը քո կյանքում
4 0% 0
Հունիսի 17, 2020թ. Տիգրան

Մեր կյանքը նման է վառվող մոմի, ինչը կամաց-կամաց հալվում է։ Մեզանից ոչ ոք չգիտի՝ ինչքան ժամանակ է մնացել ապրելու։ Անկասկած, պարզ է, որ յուրաքանչյուր անցնող օր մոտեցնում է մեզ կյանքի վախճանին, իսկ եթե փորձենք հաշվել մեր կյանքի մնացած օրերը, դա կտանի մեզ հուսալքության։ Մարդը առնչվելով այս տեսակի տրտմության հետ, փորձում է լեցնել իր կյանքը այս աշխարհի զվարճություններով և հաճույքներով՝ մտքի ու սրտի ուզածի չափ: Սակայն արդյո՞ք սրանք տալիս են երջանկություն, պատասխանը ո՛չ է, տալիս են, բայց՝ թմրություն, այլ ոչ երջանկություն: Դրանք նման են ցավազրկողների, որոնք ազդում են մի ակնթարթ, սակայն հաջորդ առավոտ կրկին վերսկսվում է ցավը: Մի՛ ժխտիր, ամեն հաջորդող առավոտ դու ունես նույն առաջվա տրտմությունը և դա անցողիկ չէ: Որոշները այս բացը փորձում են լռեցնել ընտանիք կազմելով, կամ իրենց երեխաների ու թոռների երջանկությունը տեսնելու համոզմունքով, բայց տարիներն անցնում են երեխաները մեծանում, իսկ այս դատարկությունը մնում է բաց:

Իրականում այս դատարկությունը ավելի հին է քան կարող եք պատկերացնել և դուք այն ժառանգաբար եք կրում Ձեր մեջ:

17 Եւ Ադամին ասաց. Որովհետեւ դու լսեցիր քո կնոջ խօսքին, եւ կերար այն ծառիցը, որի համար պատուիրեցի քեզ՝ ասելով՝ Նորանից չուտես, անիծեալ լինի երկիրը քո պատճառովը, նեղութիւնով ուտես նորանից կեանքիդ բոլոր օրերումը։ 18 Եւ նա փուշ ու տատասկ բուսցնէ քեզ համար, եւ դաշտի խոտն ուտես։ 19 Երեսիդ քրտինքովը հաց ուտես, մինչեւ որ ետ դառնաս դէպի երկիրը, որովհետեւ նորանից առնուեցար. Նորա համար որ հող էիր դու, եւ դէպի հողը դառնաս։

Ծննդոց 3. 17 - 19

Աստվածաշնչի այս համարներում ներկայացված է քո մեջ եղող դատարկության պատճառը, մարդը անհնազանդ գտնվեց օրենքին՝ Աստծու միակ պատվիրանին որ տրվեց Ադամին և ԵՎային, ու ստացավ այս ամեն անեծքը իր վրա: Մարդու հոգևոր գիտությունը խավարեց, իսկ աչքերը կուրացան, ամենավատը՝ մարդը զրկվեց Աստծուն դեմ առ դեմ տեսնելու շնորհից: Աստված մարդուն զգուշացրել էր, որ երբ ուտի արգելված պտուղը կմեռնի: Ադամը և ԵՎան արգելված պտուղը ուտելուց հետո չունեցան ակնթարթային մահ, սա ավետարանում է Աստծու նոր ծրագիրը մեղավոր մարդու կյանքում:

21 Եւ Եհովայ Աստուածն Ադամի եւ նորա կնոջ համար կաշուց հանդերձներ շինեց, եւ հագցրեց նորանց։

Ծննդոց 3. 21

Առաջին անգամ մարդկության պատմության մեջ կատարվեց` զոհ, կենդանի մորթվեց մարդու փոխարեն, ինչը խորհրդանիշն էր գալիք լավագույնի, ինչպես այդ օրը կենդանի մորթվեց մարդու փոխարեն, այդպես գրեթե 4000 տարի հետո ամենակարող Աստված մարդու մարմնի մեջ երկիր գալով, ու անմեղ կյանք ապրելով նրա մահապատիժը իր վրա կրեց: Այո՛, Աստծու վրա դրվեցին բոլոր մեղքերը մարդկության և նա ինքը վճարեց դրա համար՝ իր արյամբ:

4 Ամեն ով որ մեղք է գործում, նա անօրէնութիւն էլ է անում, եւ մեղքն է անօրէնութիւնը։ 5 Եւ գիտէք որ նա յայտնուեցաւ որ մեր մեղքերը վեր առնէ. Եւ նորանում մեղք չ’կայ։

1 Հովհաննես 3. 4 - 5

Մարդու փրկության համար վճարվեց, և նա ով հավատա, թե Աստված իր փրկության համար մարդու մարմնով՝ Հիսուս Քրիստոսի անձով եկավ երկիր, մարդու մեղքերը խաչի վրա իր վրա վերցրեց, տանջալից մահ ունեցավ, 3-րդ օրը հարություն առավ, ու ի նշան իր հավատքի սեփական բերանով էլ կխոստովանի իր մեղավոր լինելը, կստանա հավիտենական կյանք, կներվեն նրա բոլոր մեղքերը, կազատվի դատապարտությունից, կլեցվի նրա մեջ եղած դատարկությունը ու կդառնա Աստծու մի զավակը:

9 Սորանով Աստուծոյ սէրն երեւեցաւ մեզանում, որ Աստուած իր միածին Որդուն ուղարկեց աշխարհք, որ նորանով կեանք ունենանք։ 10 Սորանում է սէրը, որ ոչ թէ մենք սիրեցինք Աստուծուն, այլ որ նա սիրեց մեզ, եւ ուղարկեց իր Որդուն քաւութիւն մեր մեղքերի համար։

1 Հովհաննես 4. 9 - 10

Ամեն բան այսքան հեշտ է, պետք չէ փնտրել քեզ փրկող մարդկանց կամ կառույցներ, ՔԵԶ ՓՐԿՈՂԻ ԱՆՈՒՆԸ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ Է, ով այնքան սիրեց քեզ որ Երկիր եկավ սահմանափակված մարդկային կերպարանքում: Նրան կանչի՛ր, եթե անհասկանալի է քեզ այս ամենը, նրա՛ն խնդրիր ու Նա քեզ կօգնի: Դիմիր Աստծուն, քանի դեռ ժամանակ ունես, որովհետև չգիտես քո հաջորդ շունչը լինելու է թե ոչ:

2 Որովհետեւ ասում է. Ընդունելի ժամանակում լսեցի քեզ, եւ փրկութեան օրումն օգնեցի քեզ. Ահա հիմա է ընդունելի ժամանակ. Ահա հիմա է փրկութեան օր։

2 Կորնթացիս 6. 2

Ահա հիմա է ընդունելի ժամանակը, հիմա է փրկության օրը։ 1 քայլ արա և Աստված դեպի քեզ ևս 100 քայլ կանի, ով հավատա Տեր Հիսուս Քրիստոսին, նա կստանա փրկություն և կժառանգի երկնային թագավորությունը։ Սիրե՛լի բարեկամ քո այս քայլով դու կլրացնես քո կյանքի ամենամեծ առաքելությունը, քո կյանքի ամենամեծ վախը կհեռացվի քեզանից ու դու կստանաս Աստվածային խաղաղություն, որ երբեք դեռ չես կարողացել զգաս ոչ մի բանում:

9 Հիմա ուրախ եմ, ոչ թէ նորա համար որ տրտմեցիք՝ այլ որ տրտմեցիք ապաշխարութեան համար. Որ դուք Աստուծոյ ուզած կերպով տրտմեցիք, որ մեզանից ոչ մի բանով չ’վնասուիք։

2 Կորնթացիս 7. 9