Գեղեցիկ հոգևոր բանաստեղծություն հրապարակված՝ Լիա Թորոսյանի կողմից։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Սիրելի ընկերներ, խնդրում եմ չձանձրանաք, որ հաճախ իմ էջում տեղադրում եմ հոգևոր թեմայով գործեր, անկեղծ ասած, դա իմ տարերքն է, ես առանց Աստծո, մի վայրկյան անգամ չեմ կարող ապրել, կուզեի, որ բոլորը ճաշակեին Երկնային Տիրոջ քաղցրությունը...
ՀԻՄԱ ՄՈՏ ԵՄ ՔԵԶ
Քանի դեռ փակ էին աչքերն իմ հոգու,
Տե՜ր, Դու թվում էիր` յոթ սարի ետև,
Բայց երբ բացվեցին դրանք լիովին՝
Քեզ տեսա ուղիղ աչքերիս առջև...
Այնժամ Դու այնքա՜ն մոտեցար անձիս,
Որ քո կենարար ու տաքուկ շնչից
Հալվեցավ իսկույն սառույցը հոգուս
Ու բոցավառվեց կանթեղը սրտից...
Կարծես լույսի շող կաթեց երկնքից.
Հարթվեցին ճամփիս խութերը բոլոր
Լուսավորվեց իմ ուղին անցնելիք
Ու նորոգվեցին քայլերս մոլոր...
Հավատքս դարձավ հաղթության վահան՝
Կամքս թրծվեց հողմերի բովում,
Ինձնից հեռացավ տագնապն հոգեհան,
Ու վերագտա ինձ այս պայքարում...
Հիմա շա՜տ մոտ եմ Աստվա՛ծ իմ ես Քեզ,
Հոգիս խոսքովդ է սնվում անապակ,
Գիտեմ, որ էլ ինձ երբեք չես թողնի`
Կողքիս կլինես ամեն ժամանակ...
Արդ գոհանում եմ, Տե՜ր իմ Քեզանից,
Որ անարժանիս եղար կարեկից՝
Օգնեցիր մեղքի բեռից ազատվել
Եվ ճշմարտության Սուրբ ճամփով քայլել...
__ Լ.Թորոսյան..»։