Ի՞նչպես Աստված մեզ սիրեց
85 2% 2
Օգոստոսի 28, 2020թ. Տիգրան

Մարդկային սերը կախված է հանգամանքներից։ Մարդը սիրում է նրան ով կատարում է իր սրտի փափագները, սակայն այս սերը շատ հեշտ փոխվում է ատելության, երբ դիմացինը չի փոխադարձում նման վերաբերմունքով, կամ չի կատարում դիմացինի սպասելիքները։

Ամուսնական զույգերը խոստանում են իրար սիրել, սակայն կյանքի ընթացքում հանդիպելով տարաբնույթ կենցաղային և ոչ կենցաղային խնդիրների, սկսում են փնտրել սեփական եսը։

Ծնողները սիրում են երեխաներին, սակայն երեխայի հասունացմանը հետ միասին հաճախ նկատում են՝ անհնազանդության, եսասիրության և այլ բնավորության գծերի ի հայտ գալը։ Իսկ այսպիսի ընթացքի շարունակական բնույթի դեպքում, դադարում առաջվա չափ սիրել իրենց զավակին։

 

Այսպիսի սիրուն հակառակ, Աստված իր խոսքում՝ Աստվածաշնչում, մեզ ներկայացնում է իր սերը, որով սիրեց մարդուն։ Այս սերը գործնական սեր է, այլ ոչ միայն շուրթերի խոսք։ Աստված ասաց, որ սիրում է Մարդուն և այդտեղ չկանգնեց, մարդը Եդեմական պարտեզում մեղք գործեց ու դատապարտվեց հավիտենական մահվան, բայց Բարի Աստված մարդու փոխարեն նրա մահը կրեց՝ մարդու մեղքերը իր որդու վրա դնելով, չարչարվելով ու խաչվելով։

 

4․ Բայց Աստված, որ հարուստ է ողորմությամբ, իր առատ սիրո համար, որով մեզ սիրեց, 5․ մինչ մեռած էինք մեղքերի հետևանքով, մեզ Քրիստոսի հետ կյանք տվեց։ Դուք շնորհով եք փրկված։

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ 2․ 4 - 5

 

Մեղավոր մարդը իր մեջ կրում է բոլոր տեսակի մեղքերը, որոշները արդեն գործված տեսքով, իսկ որոշները չարտահայտված՝ պարարտ հող չլինելու պատճառով։ Աստված ատում է մեղքը, սակայն սիրում է մեղավորին։ Աստված ցանկանում է փրկել մեղավոր մարդուն ում համար իր կյանքը դրեց։ Սակայն ի՞նչ պետք է անի Աստված, եթե մարդը չի ցանկանում Աստծու ներկայությունը իր կյանքում։

 

4․ Սերը հանդուրժող է, սերը բարի է. սերը չի նախանձում, չի գոռոզանում, չի մեծամտանում։ 5․ Անամոթություն չի անում, սեփական շահը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի մտածում, 6․ անիրավության վրա չի ուրախանում, այլուրախանում է ճշմարտության հետ, 7․ ամեն բան հանդուրժում է, ամեն բանի հավատում, ամեն բանի հանդեպ հույս ունի, ամեն բանի համբերում է։ 8․ Սերը երբեք չի անհետանում. մարգարեությունները կանհետանան, լեզուները կլռեն, գիտությունը կխափանվի։

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 13․ 4 - 8

 

Կորնթացիներին գրած առաջին թղթում Պողոս առաքյալը գրում է Աստվածային սիրո մասին, ներկայացնում այնպիսի կատարյալ սեր, որ վեր է իրավիճակներից ու երևույթներից։

Աստվածային սիրուն մասնակից լինելու, հավիտենական կյանք ստանալու, մեղքերի թողություն և դժոխքի դատապարտությունից ազատվելու համար, Աստված մարդուն մեղքերից ազատելու համար տվեց իր որդուն՝ Հիսուս Քրիստոսին, փոխարենը պահանջելով միայն հավատք և ի նշան հավատքի անձնական խոստովանություն։ 

 

3․ Այս է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ իբրև միակ ճշմարիտ Աստծու և նրան, որին ուղարկել ես՝ Հիսուս Քրիստոսին։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 17․ 3

 

16. Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ 17. Որովհետև Աստված իր Որդուն աշխարհ չուղարկեց՝ դատելու աշխարհը, այլ որպեսզի նրա միջոցով աշխարհը փրկվի։ 18. Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծու միածին Որդու անվանը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 3. 16 - 18

 

Հիսուս այսօր քո փրկիչն է և խաչվել ու հարություն է առել քեզ քո մեղքերից ազատելու նպատակով, եթե ընդունես Աստծուն կունենաս հավիտենական կյանք, իսկ եթե մերժես կդատապարտվես հավիտենական մահվան, խելացի ընտրություն արա և ընտրիր Աստծուն։

 

15. Վստահության և ամենայն ընդունելության է արժանի այն խոսքը, որ Քրիստոս Հիսուսն աշխարհ եկավ փրկելու մեղավորներին, որոնցից առաջինը ես եմ։

Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ 1. 15

 

Երբ մենք  ցանկանում ենք  ստանալ Աստծո ձրի պարգևը`  մեղքերի թողություն ու հավիտենական կյանք, կարող ենք պարզ աղոթքով Աստծուն դիմել, խոստովանելով մեր մեղավոր վիճակը, որ ես էլ մեղքեր եմ գործել մեծ ու փոքր, ես էլ ունեմ քո կարիքը, խնդրում եմ արի իմ կյանք ևս ու փոխիր այն քո կամքի համեմատ: Ահա նման մի աղոթքի օրինակ կարող եք լսել, սեղմելով [ԱՅՍՏԵՂ]: