Համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս

1844 0% 6
Նոյեմբերի 4, 2020թ. Տիգրան

1․ Արդ մենք, հավատով արդարացած լինելով, Աստծու հետ խաղաղություն ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ 2․ Նրա միջոցով հավատով ընդունել ենք այս շնորհը, որի մեջ մտել ենք ու կանք և պարծենում ենք Աստծու փառքի հույսով։ 3․ Եվ ոչ միայն այսքանը, այլ նաև նեղությունների մեջ ենք պարծենում՝ գիտենալով, որ նեղությունը համբերություն է բերում, 4․ համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս։ 5․ Իսկ հույսը չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ։

Հռոմեացիներին 5․ 1 - 5

Նոր կտակարանի թղթերից (գրքերից) շատերն են գրվել Պողոս առաքյալի գրչով, անշուշտ հասկանում ենք թեև գրվել է առաքյալի կողմից, սակայն հեղինակը (ներշնչողը) Սուրբ Հոգին է թե՛ այս, թե՛ մյուս թղթերի։

Հռոմեացիներին գրված թուղթը նույնպես գրվել է նրա կողմից, շուրջ 55-57 թթ-ին։ Նամակի հիմնական նպատակն է՝ բացահայտել հավատի և շնորհի դերը քրիստոնյա մարդու կյանքում։ Թղթի նախորդ գլուխներում խոսվում է փրկության ծրագրի մասին, իսկ 5-րդ գլխից ներկայացվում Քրիստոսով նոր կյանքը։ Պատահական չէ որ սկզբից տեղադրեցինք հիշյալ գլխի 1-5 համարները, քանի որ շատ արդիական է ներկա իրականության մեջ, ուստի պետք է կարդալ, սովորել, գործադրել։

 

Աստծու խոսքի առանցքային ճշմարտություններից է՝ Հիսուս Քրիստոսի շնորհով մարդկության փրկությունը։

Մարդը, որ մեղանչել էր Եդեմական պարտեզում ու անհնազանդ գտնվել իր արարչին, ստացավ հնարավորութուն՝ մահվան պատիժը Աստված կրեց։ Եթե շարունակենք վերոհիշյալ համարների շարունակությունը կարդալ սրանում պիտի համոզվենք։

6․ Որովհետև երբ մենք դեռ տկար էինք, Քրիստոսը որոշված ժամանակին մեռավ ամբարիշտների համար։ 7․ Քանի որ հազիվ թե մեկը արդարի համար մեռնի, բայց բարի մարդու համար գուցե մեկը համարձակվի մեռնել։ 8․ Աստված մեր նկատմամբ իր սերը հայտնեց. երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ։ 9․ Հապա որքա՜ն առավել հիմա, երբ նրա արյունով արդարացած ենք, նրա բարկությունից փրկված կլինենք։ 10․ Որովհետև եթե այն ժամանակ, երբ թշնամի էինք Աստծուն, նրա հետ հաշտվեցինք իր Որդու մահով, ապա որքա՜ն առավել կփրկվենք նրա կյանքով, երբ հաշտվել ենք։ 

Հռոմեացիներին 5․ 6 - 10

Եվ պետք չէ Աստծուն ստախոս հանել՝ մտածելով թե դու մեղք չունես ու անբարիշտ չես։ ԲՈԼՈՐԸ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ, ՔԱՆԻ ՈՐ ԱՅՆ ԺԱՌԱՆԳԱԲԱՐ ՓՈԽԱՆՑՎՈՒՄ Է ԱԴԱՄԻՑ ՄԻՆՉ ԱՅԺՄ։

8․ Եթե ասենք, թե մեղք չունենք, ինքներս մեզ ենք խաբում, և մեր մեջ ճշմարտություն չկա։ 9․ Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից։ 10․ Եթե ասենք, թե մեղք չենք գործել, նրան ստախոս ենք հանում, և նրա խոսքը մեր մեջ չէ։

Ա Հովհաննես 1․ 8 - 10

Այո՛ հավատացել ենք Հիսուսի փրկիչ լինելուն, խոստովանել՝ մեր մեղավոր վիճակը, ու փրկվել հավիտենական դատաստանից։ Հիմա բոլոր նրանք ովքեր Տիրոջն են եկել ունեն հաշտություն Աստծու հետ, մենք այս աշխարհից չենք այլևս, թեև ապրում ենք ֆիզիկապես աշխարհում։

Ապրելով աշխարհում, մենք չենք ունենալու հանգիստ կյանք, հակառակը՝ նեղություններ, դժվարություններ, քանի որ այդպես հայտնեց Տերը։ 

Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթել եմ աշխարհին»։

Հովհաննես 16․ 33

 

Հռոմեացիներին գրված թղթի 5․3-5-ում ներկայացվում է ինչպիսի դիրք պետք է մենք ունենանք այդ ամենի հանդեպ։

3․ Եվ ոչ միայն այսքանը, այլ նաև նեղությունների մեջ ենք պարծենում՝ գիտենալով, որ նեղությունը համբերություն է բերում, 4․ համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս։ 5․ Իսկ հույսը չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ։

Հռոմեացիներին 5․ 3 - 5

 

Նեղությունների մեջ պարծենալ․ անհավատների համար այս գաղափարը հիմարություն կարող է հնչել, սակայն մենք պետք է գիտակցենք, որ դրանցից յուրաքանչյուրը մեզ մոտեցնում է ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՍԱԿԻՆ։

ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ > ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ > ՀՈՒՅՍ

Ու՞մ է պետք անհույս ապրող մարդը, նա նման է քամու մեջ ընկած տերևի, որ գալարվում է կյանքի հարվածներից, չիմանալով իր վերջաբանը։ ՍԱԿԱՅՆ ՄԵՆՔ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆՔ, ինչը ստացել ենք փորձառությամբ, որն էլ իր հերթին համբերությամբ։

 

Այս 3-ը անհնար է իրապես ունենալ երբ Աստծու զավակ չես, քանի որ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ՝ մյուսների սկիզբը, Սուրբ Հոգու պտուղն է։

22․ Հոգու պտուղն այս է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, քաղցրություն, բարություն, հավատ, 23․ հեզություն, ժուժկալություն։ Այսպիսի բաների դեմ օրենք չկա։

Գաղատացիներին 5․ 22 - 23

Անհավատը նույնպես համբերում է, բայց այդ համբերությունը վիճակից ու վիճակի ծանրությունից է կախված և ՉԿԱ ՀԱՐԱՏԵՎ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ։

 

ՀՈՒՅՍԸ ՉԻ ԱՄԱՉԵՑՆՈՒՄ․

Այո՛, մենք բազմիցս վկա ենք եղել Աստծու սքանչելի գործերին և այսօր ևս հույս ունենք, որ շատերը այս ցավերի մեջ Տիրոջը կգան,  հույս ունենք և գիտենք չենք ամաչելու, քանի որ մեր հույսը ՏԻՐՈՋ ԿԱՄՔԻ ՎՐԱ Է ՀԻՄՆՎԱԾ․․․



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.