Ապրել որպես լույսի որդիներ

294 1% 3
Սեպտեմբերի 5, 2020թ. Տիգրան

Սիրե՛լի քրիստոնյաներ, յուրաքանչյուրիս պարտականությունն է մեր հավատքի գալուց հետո ապրել սրբության կյանք։ Ապրել այնպիսի կյանք, որպեսզի ամոթահար չլինենք Տիրոջ մեծ օրը, երբ կկանգնենք Քրիստոսի ատյանի առաջ։

 

1․ Արդ Աստծուն նմանվե՛ք որպես սիրելի որդիներ։ 2․ Եվ սիրո՛վ վարվեք, ինչպես որ Քրիստոսն էլ մեզ սիրեց ու իրեն մեզ համար ընծա և զոհ մատուցեց Աստծուն՝ որպես անուշահոտություն։ 3․ Պոռնկության, ամեն պղծության կամ ագահության անունն անգամ թող չտրվի ձեր մեջ, ինչպես վայել է սրբերին, 4․ ինչպես նաև գռեհիկ կամ հիմար խոսքերը, կամ խեղկատակությունը, այլ հատկապես գոհություն թող մատուցվի Աստծուն։ 5․ Որովհետև մի բան իմացե՛ք, որ ոչ մի պոռնիկ կամ պիղծ կամ ագահ, որ կռապաշտ է, Քրիստոսի և Աստծու արքայության մեջ ժառանգություն չունի։

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ 5․ 1 - 5

 

Ինչպես կարդացիք այս համարում Աստված խստորեն հանդիմանում է, որպեսզի իր զավակները չլինեն կռապաշտների հատկանիշներով, այլ նմանվեն Աստծուն՝ Հիսուս Քրիստոսին, և սրբության կյանք ապրեն։

Այո՛, Տերը ատում է մեղքը, ուստի իր զավակները նույնպես պետք է ատեն այն և պայքարեն դրա դեմ կատաղի կերպով, որպեսզի սատանայի և նրա պիղծ արբանյակների չար որոգայթները մեր կյանքի համար փշրվեն։

 

Մշտապես հիշենք ևս մեկ հանգամանք, մեր անզգույշ ասված մի խոսքը, կամ կատարած գործ, որ չնչին բան է մեզ թվում, սատանան կարող է մեծ որոգայթի պատճառ դարձնել, նենգափոխելով և օգտագործելով այն մեր դեմ։ Ուստի ի՞նչ անենք, ամեն ատեն Տիրոջ խոսքով քննենք և հասկանանք արդյոք մեր մեջ եկած միտքը Տիրոջ փառքի համար է ծառայելու, թե ունայն մի գործ է, ապա նոր այն ի գործ դնենք։

 

15․ Արդ ուշադրությո՛ւն դարձրեք ձեր վարքին. վարվե՛ք ոչ թե անխելքների պես, այլ իմաստունների. 16․ ճի՛շտ օգտագործեք ժամանակը, որովհետև օրերը չար են։ 17․ Դրա համար անմիտ մի՛ եղեք, այլ իմացե՛ք, թե որն է Տիրոջ կամքը։

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ 5․ 15 - 17

 

Մարդու օրերը սլանում են շատ արագ կերպով, ո՞րքան է նրա օրերը՝ 70, 80, եթե բացառություններ կազմող դեպքերում ավելի շատ, ապա դրանց վարձը աշխատանք և ցավ է։

Մեզ հիասքանչ հնարավորություն է Աստված այսօր տվել, մենք երկրի վրա ենք ու ունենք հիանալի հնարավորություն Տեր Հիսուսի փառքի մասին մարդկանց խոսել, խոսի՛ր քո ընկերոջ, հարևանի՛դ, բարեկամի՛դ հետ։ Ուստի իմաստուն կերպով գործածենք մեր ժամանակը, չնմանվելով հեթանոսներին։

 

16․ ճի՛շտ օգտագործեք ժամանակը, որովհետև օրերը չար են։ 17․ Դրա համար անմիտ մի՛ եղեք, այլ իմացե՛ք, թե որն է Տիրոջ կամքը։

Եփեսացիներին 5․ 16  - 17

 

15․ Մարդու օրերը խոտի նման են. ինչպես դաշտի ծաղիկը, այնպես ծաղկում է.

ՍԱՂՄՈՍՆԵՐ 103․ 15

 

Հռչակենք մեր Տիրոջ բարի լուրը, Աստված մարմնով հայտնվեց, որպեսզի մարդու մեղքերի դատաստանը ինքը ընդունի, հնարավորություն տալով հավիտենական կյանք ստանալ բոլոր նրանց, ովքեր կհավատան և իրենց պարզ աղոթքով Տիրոջը կհանձնեն սեփական կյանքը։

 

Եթե հավատացյալները կարիք ունեն ապրելու Տիրոջ կամքի համեմատ, ապա աշխարհիկ մարդը նախ կարիք ունի Տիրոջը հանձնել իր կյանքը։ Այս “կյանքը Հիսուսին հանձնել” ասվածը չի նշանակում՝ փախչել լեռները, կամ դառնալ ծայրահեղական մարդ, այլ նշանակում է խոստովանել որ մեղավոր ես ու մեծ կամ փոքր մեղքեր գործել ես։ Եթե ասես չեմ գործել, ապա ստախոս կանվանես Աստծուն, քանի որ Տերը ասում է` բոլորը մեղավոր են (Ա Հովհաննես 1․ 8 - 10), սակայն եթե խոնարհվես ու խնդրես, որ Տեր Հիսուս ների քեզ ու փոխի քո կյանքը, քեզ էլ մաքրի քո մեղքերից ու հավիտենական կյանք տա, կդառնաս Աստծո զավակը և Նա հավատարիմ է ու քեզ նոր կյանք կտա, նոր սիրտ, նոր ցանկություններով։

 

16 Որովհետեւ դու պատարագ չես ուզում. Եթէ ոչ՝ ես կտայի քեզ. Եւ ողջակէզներին չես հաւանում։ 17 Աստուծոյ ընդունելի պատարագները կոտրուած հոգին է. Կոտրուած ու փշրուած սիրտը դու չես անարգիլ, ով Աստուած։

Սաղմոս 51. 16 - 17

 

Աղոթիր այժմ քո իսկ բառերով, որովհետև չգիտես արդյոք վաղը կարթնանաս, ի՞սկ եթե ոչ, ապա մահիցդ հետո որտեղ կբացես քո աչքերը, դրախտու՞մ, թե՞ դժոխքում։ 

Տիրոջը քո սիրտը հանձնելու պարզ աղոթքի օրինակ դու կարող ես լսել սեղմելով [ ԱՅՍՏԵՂ ], Տերը մարդու սիրտն է քննում, և կարևորություն չի տալիս քո ճոխ բառերին, այլ հոժար սրտերին օգնություն անում՝ հավիտենական կյանք նվիրելով։

 

13. Բայց հիմա Յիսուս Քրիստոսի ձեռովը դուք՝ որ ժամանակով հեռաւոր էիք, մօտաւոր եղաք Քրիստոսի արիւնովը։ 14. Վասնզի նա է մեր խաղաղութիւնը որ երկուսին մէկ արաւ եւ մէջ տեղի բաժանող պատը՝ թշնամութիւնը քանդեց իր մարմնովը. 15. Հրամաններով դրած պատուիրանքների օրէնքը խափանելով. որ իրանով երկուսին մէկ նոր մարդ ստեղծէ, խաղաղութիւն անելով. 16. Եւ երկուսին մէկ մարմնով հաշտեցնէ Աստուծոյ հետ՝ իր խաչովը, թշնամութիւնը նորանով սպանելով։

Եփեսացիս 2․ 13 - 16

 

16. Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ։ 17. Որովհետեւ Աստուած իր Որդին չ’ուղարկեց աշխարհքը, որ աշխարհքին դատէ, այլ որ աշխարհքը նորանով փրկուի։ 18. Նորան հաւատացողը չի դատապարտուիլ, իսկ չ’հաւատացողն արդէն դատապարտուած է. Որովհետեւ չ’հաւատաց Աստուծոյ միածին Որդու անունին։ 19. Եւ սա է դատաստանը, որ լոյսն եկաւ աշխարհքը, եւ մարդիկ խաւարն աւելի սիրեցին քան թէ լոյսը, որովհետեւ նորանց գործերը չար էին։

 Հովհաննես 3․ 16 - 19

 

Իսկ մենք՝ հավատացյալներս, որ Տիրոջն ենք եկել, վարվենք այս հոդվածի վերնագրի նման՝ ապրելով, որպես լուսո որդիներ։ Սպասելով այն մեծագույն խոստումին որ Տերը տվեց, ասելով․ որ շուտով գալու է իր հարսը կազմող եկեղեցու հետևից։



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.