Հաճույքով համբերելով նեղություններին

1038 0% 4
Սեպտեմբերի 22, 2020թ. Տիգրան

Յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյայի կյանքում անպակաս չեն փորձություններն ու նեղությունները։ Հետաքրքիր համեմատականությամբ ասենք, որ այն մարդիկ ովքեր չեն ճանաչում Աստծուն, հաճախ շատ ավելի հանգիստ կյանք են ունենում, բայց մեր Աստված՝ Հիսուս Քրիստոսը, ոչ միայն զգուշացրեց հնարավոր փորձությունների մասին, այլ նաև քաջալերեց դրանց մեջ հաստատ գտնվելու համար, որովհետև այն բնական ընթացք է անհավատ ու պիղծ աշխարհում ապրող հավատացյալների համար։

 

33․ Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթել եմ աշխարհին»։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 16․ 33

 

Փորձությունների բացատրական իմաստներից են՝ քննություն, զննություն բառերը։ Սրանք բոլորն էլ նկարագրում են այն իրավիճակը, որով անցնում է հավատացյալը։

Փորձությունները ու նեղությունները կարող են նաև ունենալ տարատեսակներ, շատերը հավատացյալի հոգևոր աճին են նպաստում, որոշներն էլ գործված սխալների կամ մեղքերի հետևանքով են առաջ գալիս։ Դրանք կարող են նաև տարանջատվել իրենց բարդություններով, շատ հավատացյալներ գլխատվում ու այրվում են՝ Տեր-Հիսուսի անվան համար, իսկ որոշները չարչարվում իրենց աշխատանքի վայրում՝ հոգեբանորեն։

 

13․ Ոչ ոք փորձության մեջ լինելիս թող չասի՝ «Աստծուց եմ փորձվում», որովհետև Աստված չարից չի փորձվում, ինքն էլ ոչ մեկին չի փորձում։ 14․ Յուրաքանչյուրը փորձվում է՝ իր իսկ ցանկությունից հրապուրվելով ու խաբվելով։ 15․ Այնուհետև ցանկությունը հղանալով մեղք է ծնում, իսկ մեղքը հասունանալով ծնում է մահ։

ՀԱԿՈԲՈՍ 1․ 13 - 15

 

Այո՛, ինչպես ասացինք փորձություններ կան, որոնք հասնում են հավատացյալներին՝ մեր իսկ ցանկություններից հրապուրվելու պատճառով, և մեզ հարկավոր է խուսափել այսպիսի փորձություններից, սրանք առաջ են գալիս, երբ հավատացյալը խոտորվում է Աստծո ճանապարհից, ապա կրում իր սխալների հետևանքները։

 

Ասացինք նաև, որ գոյություն ունի փորձության բարդություն։ Շատ հաճախ փորձության մեջ գտնվող քրիստոնյաների համար իրենց փորձությունները դժվարին են թվում, բայց Աստված նաև դրանց սահմանն է դրել ու հայտնում է այդ ամենը իր խոսքում։

 

13․ Ձեզ ուրիշ փորձություն չի պատահել, բացի մարդկային փորձությունից։ Բայց Աստված հավատարիմ է. նա ձեզ չի թողնի ձեր կարողությունից առավել փորձվելու, այլ փորձության հետ ելքն էլ կպատրաստի, որ կարողանաք դիմանալ։

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 10․ 13

 

Փորձությունները հաճախ պատճառ են դառնում ճշմարիտ քրիստոնյաների, անվանական քրիստոնյաներից տարանջատելու համար։

 

16․ Այդպես էլ քարքարոտ տեղում սերմանվածները նրանք են, որոնք երբ խոսքը լսում են, ուրախությամբ իսկույն ընդունում են այն։ 17․ Բայց իրենց մեջ արմատ չունեն և ժամանակավոր են։ Հետո երբ այդ խոսքի համար նեղություն կամ հալածանք է լինում, իսկույն հրաժարվում են։ 

ՄԱՐԿՈՍ 4․ 16 - 17

 

Ամփոփելով հիշենք, որ ճշմարիտ քրիստոնյաների երկրավոր կյանքի անբաժանելի մասն է՝ ֆիզիկական ու հոգեբանական հալածանքները։ Անհավատները կամ անվանական քրիստոնյաները՝ ովքեր իրապես չեն ճանաչել Աստծուն, նման հալածանքների գալուց վերադառնում են իրենց հեթանոս վիճակին, իսկ մենք պետք է համբերատարությամբ ու հաստատուն մնանք այդ ամենի ընթացքում։

Փորձությունների մի հսկա շղթայով անցավ նաև Պողոս առաքյալը, ով վկայեց՝ եթե պետք է պարծենալ, իմ տկարություններով (ունեցած փորձություններով) պետք է պարծենամ, որոնց մեջ ավելի զորանում եմ։

 

28․ Մյուս նեղություններից զատ ինձ վրա է կիտվում բոլոր եկեղեցիների ամենօրյա հոգսը։ 29․ Ո՞վ է տկարանում, և ես նրա հետ չեմ տկարանում, ո՞վ է գայթակղվում, որի համար ես չեմ այրվում։ 30․ Եթե պարծենալ պետք լինի, իմ տկարությամբ կպարծենամ։

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 11․ 28 - 30

 

10. Ուստի հանուն Քրիստոսի հաճույքով համբերում եմ տկարությունների, նախատինքների, վշտերի, հալածանքների և նեղությունների, որովհետև երբ տկարանում եմ, այն ժամանակ զորանում եմ։

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 12. 11

 

Եթե հավատացյալները տարատեսակ փորձություններով են անցնում, իսկ անհավատները կամ անվանական քրիստոնյաները շատ հաճախ ունեն առավել հանգիստ կյանք, արդյո՞ք լավ է իրենց վիճակը։

Այս հարցին ևս կարող ենք պատասխանել Աստծու խոսքով։

 

11․ Տեսա մի սպիտակ մեծ գահ ու նրա վրա նստողին, որի երեսից երկինքն ու երկիրը փախան, և նրանց համար տեղ չգտնվեց։ 12․ Եվ գահի առաջ կանգնած մեծ ու փոքր մեռելներ տեսա։ Գրքեր բացվեցին, և մի ուրիշ գիրք էլ բացվեց, որ է կենաց գիրքը։ Եվ մեռելները դատվեցին ըստ այդ գրքերում գրվածի՝ իրենց գործերի համաձայն։ 13․ Եվ ծովն իր մեջ եղած մեռելներին տվեց, մահն ու դժոխքը՝ իրենց միջի մեռելներին, և յուրաքանչյուրը համաձայն իր գործերի դատվեց։ 14․ Մահն ու դժոխքը հրե լիճը գցվեցին. սա է երկրորդ մահը։ 15․ Եվ ով կենաց գրքի մեջ գրված չգտնվեց, նա հրե լիճը գցվեց։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 20․ 11 - 15

 

Այսպիսի ավարտ ունեցան բոլոր նրանք ովքեր մինչև իրենց երկրավոր կյանքի ավարտը անարգեցին Հիսուս Քրիստոսի քավչարար արյունը, ստանալով հավիտենական դատապարտություն՝ ծծումբով այրված կրակե լճում։ Հիսուս այսօր առաջարկում է բոլորին հավիտենական կյանք, իսկ նրանց ովքեր Տիրոջը կդառնան, Հիսուսը կլինի ուղեկիցը իրենց բոլոր փորձությունների մեջ։

 

Աստծուն գալու, և Տիրոջ զավակը դառնալու, հավիտենական կյանք ու մեղքերի թողություն ստանալու, 2-րդ մահից խուսափելու և 1-ին հարությանը մասնակցելու համար, հարկավոր է սրտով հավատալ, որ Հիսուս Քրիստոս քո մեղքերի համար եկավ այս աշխարհ, չարչարվեց ու քո համար մեռավ, որպեսզի եթե դու հավատաս հավիտենական կյանք ունենաս։

Դու կարող ես այսօր ընդունել Աստծուն հավատալով այս ամենին և ի նշան քո հավատքի՝ սեփական բերանով Տիրոջը խոստովանել այդ։

Քո պարզ բառերով աղոթիր Տիրոջը և Նա քո սիրտը կքննի ու քեզ կդարձնի Իր զավակը, եթե չգիտես ինչպես փրկությունդ ստանալու համար աղոթել, լսիր աղոթքի օրինակ սեղմելով [ԱՅՍՏԵՂ]։

ԱՍՏՎԱԾ ԹՈՂ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՏԱ ՔԵԶ ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԻ ՎՐԱ ԾՆՎԵԼՈՒԴ ՆՊԱՏԱԿԸ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ։



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.