Նախորդ հոդվածներից մեկում հնարավորություն ունեցանք կարդալ Հռոմեացիներին գրված թղթից, տեսանք ինչպես է Աստված մեզ տվել փրկության ապահովություն, այսինքն՝ փրկված ենք Տեր Հիսուսի հանդեպ մեր ունեցած փրկարար հավատքի միջոցով, այլ ոչ կատարած գործերի։
1․ Արդ մենք, հավատով արդարացած լինելով, Աստծու հետ խաղաղություն ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ 2․ Նրա միջոցով հավատով ընդունել ենք այս շնորհը, որի մեջ մտել ենք ու կանք և պարծենում ենք Աստծու փառքի հույսով։
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 5․ 1 - 2
Այս հոդվածի մեջ պետք է կարդանք ու մեկնաբանենք Եբրայեցիներին գրված թղթից, որպեսզի հասկանանք ինչ է նշանակում ամուր պահել դավանությունը։ Չէ որ մեր փրկությունը ապահովագրված է, ուստի ի՞նչ կարիք կա ամուր պահելու այն։
Նյութի առանցքային համարը գտնվում է վերոհիշյալ թղթի 4-րդ գլխում, ուստի նախ կարդանք այն։
14․ Արդ ունենք երկինքներով անցած մեծ Քահանայապետ՝ Հիսուսին՝ Աստծու Որդուն, ուստի ամուր պահենք դավանությունը։
ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 4․ 14
Քրիստոսով մեզ հասած փրկությունը ընդունելուց հետո, մենք մտանք հոգևոր պատերազմի մեջ՝ սատանայի ու նրա արբանյակների դեմ։ Սատանան շատ լավ տեղյակ է, որ ինքը ոչինչ չունի հավատացյալների վրա ու չի կարող խլել մեր հավիտենական կյանքը, սակայն այդ անօրենը տարատեսակ եղանակներ ունի՝ վիճակի մեջ հավատացյալների դեմ պայքարելու համար, դրանցից մեկը հավատացյալի դավանությունն ու փրկության ապահովությունը կասկածի տակ դնելն է։
8․ Զգո՛ն եղեք, արթո՛ւն եղեք, որովհետև ձեր թշնամին՝ սատանան, մռնչացող առյուծի պես շրջում է և փնտրում, թե ո՛ւմ կուլ տա։ 9․ Դիմադրե՛ք նրան՝ հավատով հաստատուն լինելով և իմանալով, որ ձեր եղբայրներն էլ աշխարհում նույն չարչարանքներն են կրում։
Ա ՊԵՏՐՈՍ 5․ 8 - 9
Վերոհիշյալ համարը հանդիսանում է ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 4․ 14 -ին բացատրություն տվող համարներից մեկը։ Այո,՛ սատանան չունի ոչ մի իշխանություն մեր հավիտենական կյանքի վրա, սակայն ունի հնարավորություն կուլ տալու՝ այսինքն հավատքի կյանքի ընթացքից գցելու, հավատացյալներին։
Եվս մեկ հետաքրքիր փաստ, Աստված իր զավակներին խորհուրդ է տալիս սատանայի դեմ պայքարելիս գործածել հոգու սուրը (ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ 6. 17), սակայն այս պարագայում Տերը պատվիրում է պատերազմի ժամանակ Քրիստոսի հանդեպ դավանությունը ամուր բռնել, և սա ճշմարտություն է։
Հավատացյալը չի կարող պատերազմել սատանայի դեմ, անկախ իր ունեցած հոգևոր գիտությունից, եթե չունի սերտ կապ Տեր-Հիսուսի հետ։ Այս սերտ կապը կամ դավանությունը ամուր բռնելը նշանակում է ապրել հոգևոր կյանք՝ մշտապես աղոթքի, պաշտամունքի, սերտողության կյանք, համաձայն այն կոչման որ ստացանք։ Հետաքրքրական է, որ հունարեն բնագրում դավանություն բառի փոխարեն օգտագործված է մնանք մեր եկած համաձայնության (պայմանավորվածության) մեջ բառակապակցությունը։
Եթե հավատացյալներից Աստված սպասում է՝ հաստատուն մնալ իրենց կոչմանը, ապրել հոգևոր կյանք, հասնել մինչև իսկ Տեր-Հիսուսի հոգևոր հասակին, ապա աշխարհիկ մարդուց Տերը պահանջում է իրեն գալ, որպեսզի դժոխք չնետվի դատաստանի օրը։ Աստված այսօր բոլորին է հրավիրում ճանաչել իրեն, իսկ անհրաժեշտ քայլը ինքն է կատարել՝ անարգ խաչի մահը կրելով։ Ուստի անհրաժեշտություն է ամեն անգամ հիշեցնել, որ ոչ ոք չի կարող փրկվել առանց Հիսուս Քրիստոսի արյան արժանիքի։
Աստծուն գալու, և Տիրոջ զավակը դառնալու, հավիտենական կյանք ու մեղքերի թողություն ստանալու, 2-րդ մահից խուսափելու և 1-ին հարությանը մասնակցելու համար, հարկավոր է սրտով հավատալ, որ Հիսուս Քրիստոս քո մեղքերի համար եկավ այս աշխարհ, չարչարվեց ու քո համար մեռավ, որպեսզի եթե դու հավատաս հավիտենական կյանք ունենաս։
Դու կարող ես այսօր ընդունել Աստծուն հավատալով այս ամենին և ի նշան քո հավատքի՝ սեփական բերանով Տիրոջը խոստովանել այդ։
Քո պարզ բառերով աղոթիր Տիրոջը և Նա քո սիրտը կքննի ու քեզ կդարձնի Իր զավակը, եթե չգիտես ինչպես փրկությունդ ստանալու համար աղոթել, լսիր աղոթքի օրինակ սեղմելով [ԱՅՍՏԵՂ]։
ԱՍՏՎԱԾ ԹՈՂ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՏԱ ՔԵԶ ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԻ ՎՐԱ ԾՆՎԵԼՈՒԴ ՆՊԱՏԱԿԸ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ։