Ի՞սկ մեր հույսը ում վրա է

295 1% 3
Օգոստոսի 28, 2022թ. Տիգրան

Մեր հայրենիքում տեղի ունեցող վերջին իրադարձություններով պայմանավորված նախկին հոդվածներից շատերում խոսել ենք հաճախ տրվող հարցերի մասին, սակայն այսօր ևս մեկ անգամ քննարկման թեմա պետք է դարձնենք դրանք, խոսելով մեր՝ հավատացյալներիս, հույսի մասին։ Այն շատ արդիական է այսօրվա համար, քանի որ քիչ չեն հույս ներշնչող օգնության կոչերը, սակայն մնում է հարցական, պե՞տք է դրանց հուսալ։

 

Քննարկման նյութի հիմքը պետք է կազմեն այն հարցադրումները, որոնք մենք սովորաբար ունենում ենք, կամ կարող ենք ունենալ․ ի՞նչին պետք է հուսալ, իսկ ինչին ո՛չ, ի՞նչպիսի վարքագիծ է Աստված պահանջում մեզանից նեղությունների ժամանակ, ի՞նչպես ազատվել շարունակական սթրեսային վիճակից։

Ինչպես ասացինք, աշխարհիկ մարդկանց կողմից հուսադրող հայտարարությունները քիչ չեն, սակայն դրանք մեծ մասամբ հուսախաբ են անում։

 

Գոյություն ունի 2 ծայրահեղական գաղափարներ․

 1) արհամարել բոլոր տեսակի մարդկային օգնությունները և հուսալ գերբնական օգնության կամ միջնորդության,

 2) կենտրոնանալ միայն մարդկային օգնությունների վրա, չվստահել սեփական կյանքը Աստծուն։

 

2 տարբերակներն էլ ծայրահեղ են, ուստի մեզ պետք է խուսափել 2-ից էլ։ Աստված իր օգնությունը հաճախ կարող է հասցնել մարդկանց գործածելով, նման մի օրինակ կարող ենք կարդալ Ծննդոց 14 գլխում, այն տեղի ունեցավ Ղովտի հետ, երբ Աստված փրկեց նրան Աբրահամին գործածելով։

 

14․ Երբ Աբրամը լսեց, որ իր եղբայրը գերի է տարվել, դուրս բերեց իր տանը ծնված իր երեք հարյուր տասնութ ծառաներին և թագավորներին հետապնդեց մինչև Դան։ 15․ Ինքն իր ծառաների հետ գիշերով գունդ-գունդ հարձակվեց նրանց վրա, հաղթեց նրանց և քշեց նրանց մինչև Կոբա, որ Դամասկոսի հյուսիսային կողմում է։ 16․ Եվ ամբողջ ավարը ետ բերեց. իր եղբորորդի Ղովտին էլ, նրա ունեցվածքն էլ ետ բերեց, կանանց և ժողովրդին էլ։

ԾՆՆԴՈՑ 14․ 14 - 16

 

Մարդկային օգնության տարբերակը չարժեզրկելով, անառարկելի է, որ պետք չէ հույսը դնել մարդու վրա՝ այլ Աստծու, ով նաև կարող է իր օգնությունը ուղարկել մարդուն գործածելով։

 

25․ Վախը մարդուն որոգայթի մեջ կգցի, բայց Տիրոջն ապավինողը ապաստան կունենա։

ԱՌԱԿՆԵՐ 29․ 25

 

Անհավատ կամ միայն անունով քրիստոնեաների վիճակը սարսափելի է, քանի որ նրանք հույս չունեն հաստատված Աստծո խոսքի վրա, սակայն մենք՝ հավատացյալներս, պետք չէ թուլանանք, այլ մխիթարվենք Տիրոջ խոսքերով։

 

13․ Ձեզ ուրիշ փորձություն չի պատահել, բացի մարդկային փորձությունից։ Բայց Աստված հավատարիմ է. նա ձեզ չի թողնի ձեր կարողությունից առավել փորձվելու, այլ փորձության հետ ելքն էլ կպատրաստի, որ կարողանաք դիմանալ։

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 10․ 13

 

Իրապե՛ս, ահա սքանչելի մեծ հույս մեզ համար, նրանք ովքեր հավատքով Աստծո զավակը չեն դարձել, կարող են անգամ ինքնասպանության հասնել՝ ընկնելով սթրեսային իրավիճակների մեջ, բայց Աստված իր զավակներին խոստում է տալիս․ ․․․Աստված հավատարիմ է. նա ձեզ չի թողնի ձեր կարողությունից առավել փորձվելու․․․

 

Մենք պետք է Տիրոջը հուսանք, բայց չպարտադրենք մեր կամքը։ Մենք պետք է ամեն բան Տեր-Հիսուսի ձեռքերի մեջ դնենք ու մենք հաշվի նստենք Աստծու կամքի հետ, այլ ոչ հակառակը ստիպենք։

 

15․ Կանչի՛ր ինձ նեղության օրը, ու ես կազատեմ քեզ, և դու կփառաբանես ինձ»։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 50․ 15

 

Այսօր անհավատների հետ միասին զոհվում են նաև հավատացյալներ, բայց միմիայն Աստծո թույլատվությամբ։ Աստծո օգնությունը իր զավակներից մեկի համար հավիտենականություն մտնելն է, իսկ մյուսի դեպքում դեռևս երկրի վրա ապրելը։

 

1․ «Արդարը կորչում է, և ոչ ոք իր սրտում չի մտորում. բարի մարդիկ վերացվում են առանց մեկի իմանալու, թե արդարը վերացվեց գալիք չարիքի պատճառով։ 2․ Նա մտնում է խաղաղության մեջ։ Նրանք, ովքեր ուղիղ ճանապարհով են ընթանում, հանգստություն պիտի գտնեն իրենց մահճում։

ԵՍԱՅԻ 57․ 1 - 2

 

Հիշենք ևս մեկ կարևոր փաստ, մեզ՝ հավատացյալներիս, խոստացված է մեռելներից հարություն, ուստի ուրախ լինենք ամեն ժամանակ, ու չնայենք մեր ոտքերի տակ եղող ալիքներին, այլ մեր առջև գտնվող՝ խաչյալ ու հարությալ Քրիստոսին։

 

54․ Եվ երբ այս ապականացու մարմինը անապականությամբ զգեստավորվի, և այս մահկանացու մարմինը՝ անմահությամբ, այդ ժամանակ կկատարվի այն խոսքը, որ գրված է.

«Մահը հաղթության մեջ ընկղմվեց (Ես. 25.8)։

55․ Ո՛վ մահ, ո՞ւր է քո խայթոցը,

գերեզմա՛ն, ո՞ւր է քո հաղթությունը (հմմտ. Ովս. 13.14)»։

56․ Մահվան խայթոցը մեղքն է, իսկ մեղքի զորությունը՝ օրենքը։ 57․ Բայց շնորհակալություն Աստծուն, որ մեզ հաղթություն տվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ 58․ Ուրեմն, իմ սիրելի՛ եղբայրներ, եղե՛ք հաստատուն և անսասան, Տիրոջ գործի մեջ ամեն ժամ ավելի՛ առաջ գնացեք, իմացե՛ք, որ Տիրոջով ձեր աշխատանքը զուր չէ։

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 15․ 54 - 56

 

Չճանաչելով մեր փրկչին՝ Հիսուս Քրիստոսին, կյանքի հարվածներին չդիմանալով մարդը կարող է անգամ ինքնասպան լինելու միտք ստանալ, ասում ենք ստանալ, քանի որ դրա հեղինակը սատանան է, սակայն եթե Տեր-Հիսուս Քրիստոսին խնդրենք, խոստովանեք մեր մեղավոր լինելը (Աստծո խոսքը ասում է, բոլորը իմ առաջ մեղք գործել են), ու խնդրեք օգնություն Աստծուց, Տերը ինքը կհոգա մեր հոգևոր ու անգամ մարմնավոր հոգերը, կդարձնի մեզ իր զավակը, ներկա ու ապագա մեր մեղքերը կների չհիշելու պայմանով ու կտա հավիտենական կյանք։

 

8․ Եթե ասենք, թե մեղք չունենք, ինքներս մեզ ենք խաբում, և մեր մեջ ճշմարտություն չկա։ 9․ Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից։ 10․ Եթե ասենք, թե մեղք չենք գործել, նրան ստախոս ենք հանում, և նրա խոսքը մեր մեջ չէ։

Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ 1․ 8 -10

 

28․ Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ։

ՄԱՏԹԵՈՍ 11․ 28

 

Դու կարող ես այսօր ընդունել Աստծու կողմից տրվող հավիտենական կյանքը՝ խոստովանելով, որ ինքդ էլ մեղավոր ես ու տարբեր մեղքեր կյանքիդ ընթացքում գործել ես։ Հավատա, որ Աստծու միակ որդին՝ Հիսուս Քրիստոսը, քո մեղքերի համար մեռավ ու 3-րդ օրը հարություն առավ քեզ արդարացնելու համար։

 

Ի նշան քո հավատքի՝ սեփական բերանով Տիրոջը խոստովանի այդ ամենը ու կփրկվես։

 

Քո պարզ բառերով աղոթիր Տիրոջը և Նա քո սիրտը կքննի ու քեզ կդարձնի Իր զավակը, եթե չգիտես ինչպես փրկությունդ ստանալու համար աղոթել, լսիր աղոթքի օրինակ սեղմելով [ԱՅՍՏԵՂ]։

 

14․ և իմ ժողովուրդը, որի վրա իմ անունն է դրված, խոնարհվի, աղոթի, իմ երեսը փնտրի ու ետ դառնա իր չար ճանապարհներից, այն ժամանակ ես երկնքից կլսեմ, կներեմ նրա մեղքը և կբժշկեմ նրա երկիրը։

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 7:14



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.