Խաղաղություն անկախ վիճակից

260 0% 1
Հոկտեմբերի 27, 2020թ. Տիգրան

Մարդկային կյանքի բնականոն ընթացքի ծանրացման հետ զուգահեռ, առաջ են քաշվում՝ տագնապի, վախի, անորոշության, անհուսության զգացումները։ Խիստ դժվար է (առանձին դեպքերում անհնարին) կենտրոնանալ, զբաղվել որևէ օգտակար գործողությամբ, երբ նայում ես քո իրավիճակին։

 

Աշխարհիկ գիտությունը, մասնավորապես հոգեբանությունը, այս ամենը քննել է և անգամ անվանակոչել (դեպրեսիա), սահմանումներ տվել, բուժման տարբերակներ առաջարկել և այլն։ Ստորև ներկայացված է նման բացատրության օրինակ, բերված վիքիպեդիա ազատ հանրագիտարանից․

 

Դեպրեսիա, ցածր տրամադրության վիճակ և գործունեությունից խուսափում, որը կարող է ազդել մարդու մտքերի, վարքի, հակումների, զգացումների և լավ ինքնազգացողության վրա։ Տրամադրության այս շեղման սիմպտոմներն արտահայտվում են տխրությամբ, անակտիվությամբ, մտածելու և կենտրոնանալու դժվարությամբ և ախորժակի նկատելի աճով/կորստով և քնելու վրա ծախսված ժամանակով։

Մեծ թվով մարդիկ ունենում են դաժանության, անհուսության, երբեմն նաև ինքնասպանության զգացումներ։ Դա կարող է լինել կա՛մ կարճաժամկետ, կա՛մ երկարաժամկետ՝ կախված մարդու վիճակի ծանրությունից։ Ընկճված տրամադրությունը նորմալ ժամանակավոր արձագանք է կյանքի իրադարձություններին, ինչպիսիք են, օրինակ, սիրելիին կորցնելը։

 

Սակավաթիվ ուսումնասիրություններ կատարելուց հետո պարզեցի, որ բժշկության լավագույն լուծումը (ռիսկ-օգուտ հարաբերությամբ) այս բանից խուսափելու համար՝ ֆիզիկական ակտիվությունն է (հիմնականում մեղմ դեպրեսիաների դեպքում)։

 

Որքանով են առաջարկվող տարբերակները օգտակար, թողնում ենք կիրառության մեջ դնողների հայեցակետերին։ Սակայն մեզ՝ հավատացյալներիս, համար կարևոր է իմանալ Աստծո կամքը այս պարագայի մեջ, և այն գործադրության մեջ դնել պարագան գալու դեպքում։  

 

4. Միշտ Տիրոջով ուրա՛խ եղեք. դարձյալ ասում եմ՝ ուրա՛խ եղեք։

ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ 4. 4

 

Աստծո խոսքը ասում է ուրախ եղեք, մի՛շտ (πάντοτε), այսինքն անկախ իրավիճակներից։ Նման մի առաջարկ անել անհավատ մարդուն, նա նվազագույնը մտքի մեջ կվիրավորի Ձեզ, ի՞սկ Աստծո զավակները ինչպես պետք է վարվեն Տիրոջ կամքը կարդալով։

 

Քրիստոսի մեջ իր զավակները ունեն՝ մեղքերի թողություն, մեռելներից հարության հույս, որդիական իշխանություն, հավիտենական կյանք և այլ շատ չպատմված իրողություններ։

Քրիստոսի մեջ մենք գիտենք, որ հաղթություն ունենք մահի վրա, ուստի չնայենք մեր արտաքին չնչին նեղություններին։

 

16․ Որովհետև եթե մեռելները հարություն չեն առնում, ապա Քրիստոսն էլ հարություն չի առել։ 17․ Եվ եթե Քրիստոսը հարություն չի առել, ձեր հավատն ունայն է, ու դեռ ձեր մեղքերի մեջ եք։ 18․ Ուրեմն նրանք էլ, ովքեր Քրիստոսով ննջեցին, կորան։ 19․ Եթե միայն այս կյանքում Քրիստոսի վրա հույս ունենք, բոլոր մարդկանցից ավելի ողորմելի ենք։ 20․ Բայց ոչ. Քրիստոսը ննջեցյալներից առաջինը եղավ, որ մեռելներից հարություն է առել։ 21․ Քանի որ մահը մարդով եղավ, մեռելների հարությունն էլ մարդով եղավ։ 22․ Ինչպես Ադամով բոլորը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով բոլորը կկենդանանան՝ 23․ յուրաքանչյուրն իր հերթին. նախ Քրիստոսը՝ առաջին պտուղը, հետո՝ Քրիստոսին պատկանողները նրա գալստյան ժամանակ։

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 15․ 16 - 23

 

Եթե ընդունել ենք հավատքով ու բերանով խոստովանել ենք, որ մեղավոր ենք, գործել ենք մեծ ու փոքր շատ մեղքեր, կարիք ունենք Տեր-Հիսուսի՝ միակ մարդկության փրկչի, ու գիտակցաբար պարզ աղոթքով հանձնել ենք մեր կյանքը Հիսուս Քրիստոսին, ապա մենք ստացել ենք Սուրբ Հոգին, և սրա ապացույցը մեր ամենօրյա փոփոխվող կյանքն է։

 

Անհավատ մարդու համար նեղությունների մեջ շարունակական մնալը կարող է բերել ինքնասպանության, իսկ մենք որ ունենք Սուրբ Հոգին պետք է տրվենք Նրան և գործադրենք այն ուրախությունը, որ ստացել ենք Աստծո կողմից ՆՎԵՐ։

 

22․ Հոգու պտուղն այս է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, քաղցրություն, բարություն, հավատ,

Գաղատացիներին 5․ 22

 

Իսկ հավատացյալը, եթե անգամ կորցրել է իր ամենա սիրելի մարդուն, կամ սեփական մահն է մոտենում, կարող է ուրախ լինել, եթե գործածի տրված Քրիստոսի միտքը։ Ի՞նչպես, կարդալով, լսելով և գործադրության դնելով Աստծո խոսքը ։

Բոլորն են Աստծո մասին տեղեկանում, սակայն փնտրում են նրանք, ովքեր ցանկանում են ճանաչել Տիրոջը։

 

6․ Որովհետև ըստ մարմնի խորհելը մահ է, իսկ ըստ Հոգու խորհելը՝ կյանք ու խաղաղություն։

Հռոմեացիներին 8․ 6

 

Եթե դու նույնպես այսպիսի իրավիճակներով ես անցնում, ու չգիտես ինչու, ինչն է քո նեղությունների պատճառը․ դա 2 բան է նշանակում, կա՛մ դու լավ չես տիրապետում Աստծու խոսքին, կամ դու վերստին ծնունդ չունես։

 

Վերստին ծնունդ նշանակում է հանձնել կյանքը Աստծուն, որպեսզի Աստված ինքը քո կյանքի ընթացքը կառավարի, վերստին ծնունդ նշանակում է ընդունել որ մեղավոր ես ու կարիքը ունես Հիսուս Քրիստոսի օգնության, եթե ասես մեղավոր չեմ ստում ես, քանի որ բոլորն են Աստծու առաջ մեղավորներ։

 

8․ Եթե ասենք, թե մեղք չունենք, ինքներս մեզ ենք խաբում, և մեր մեջ ճշմարտություն չկա։ 9․ Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից։ 10․ Եթե ասենք, թե մեղք չենք գործել, նրան ստախոս ենք հանում, և նրա խոսքը մեր մեջ չէ։

Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ 1․ 8 - 10

 

Դու կարող ես այսօր ընդունել Աստծու կողմից տրվող հավիտենական կյանքը՝ խոստովանելով, որ ինքդ էլ մեղավոր ես ու տարբեր մեղքեր կյանքիդ ընթացքում գործել ես։

Հավատա, որ Աստծու միակ որդին՝ Հիսուս Քրիստոսը, քո մեղքերի համար մեռավ ու 3-րդ օրը հարություն առավ քեզ արդարացնելու համար։

 

Ի նշան քո հավատքի՝ սեփական բերանով Տիրոջը խոստովանի այդ ամենը ու կփրկվես։

 

Քո պարզ բառերով աղոթիր Տիրոջը և Նա քո սիրտը կքննի ու քեզ կդարձնի Իր զավակը, եթե չգիտես ինչպես փրկությունդ ստանալու համար աղոթել, լսիր աղոթքի օրինակ սեղմելով [ԱՅՍՏԵՂ]։

 

14․ և իմ ժողովուրդը, որի վրա իմ անունն է դրված, խոնարհվի, աղոթի, իմ երեսը փնտրի ու ետ դառնա իր չար ճանապարհներից, այն ժամանակ ես երկնքից կլսեմ, կներեմ նրա մեղքը և կբժշկեմ նրա երկիրը։

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 7:14



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.