Տոնելու ե՞ս halloween-ը։ ԿԱՐԴԱ ՄԻՆՉ ՈՐՈՇԵԼԴ

1713 0% 2
Հոկտեմբերի 29, 2020թ. Տիգրան

Աստվածաշնչում քիչ չեն ուղղակի կամ անուղղակի արգելքները՝ այս կամ այն երևույթի, գործողության համար, սակայն կան նաև արգելքներ, որոնց մասին առանձնահատուկ գրված չէ՝ ժամանակային համապատասխանության համար (օր․՝ ծխել, մոլախաղի մեջ լինել և այլն), սակայն երբ վերլուծում ենք դրանց էությունը, Աստծո Հոգին վկայում է այդ ամենի մեղսալից լինելը։

 

Հոկտեմբերի 31 -  նոյեմբերի 1։ Այդ գիշեր շատ երկրներում, նաև արդեն տևական ժամանակ է Հայաստանում, նշում են Halloween կոչվածը։ Բավական այս նյութի մասին տարբեր աղբյուրներ խոսել են և գուցե իմաստ չէր ունենա նույն նյութի մասին կրկին խոսել, եթե չլիներ մեր ծանր կյանքը․ մահտարաժամ, պատերազմ, աղքատություն, այո՛ քիչ չեն մեզ վրա հասած պատուհասները, սակայն մենք դրանց մեջ լինելով կարևոր վկայություն ունենք տալու։

Աստծո խոսքը խստագույնս արգելում է՝ ստել, կախարդություններ անել, չարախոսել, հարաբերվել հոգիների հետ, մասնակցել կամ կրկնօրինակել հեթանոսների ծեսերը ու սովորությունները։

 

10․ Ձեր մեջ չպիտի գտնվի իր տղային կամ աղջկան կրակից անցկացնող կամ կախարդությամբ զբաղվող, գուշակող ու հմայող և կամ հավահմա, 11․ նաև կախարդ կամ վհուկ, կամ բախտասաց կամ ոգեհարցուկ, 12․ որովհետև այս բոլոր բաներով զբաղվողը գարշելի է Տիրոջ աչքին, և այդպիսի գարշելի բաների պատճառով քո Տեր Աստվածը նրանց հալածում է քո առջևից։

Բ ՕՐԵՆՔ 18․ 10 - 12

23․ Մի՛ հետևեք այն ազգերի սովորույթներին, որոնց պիտի քշեմ ձեր առջևից, որովհետև նրանք արեցին այս բոլոր բաները, և ես զզվեցի նրանցից։  

ՂԵՎՏԱԿԱՆ 20․ 23

 

Օրենքի մեջ ամեն բան այնքան խիստ էր այն ժամանակ դրված, որ նման բոլոր մարդիկ մահվան էին դատապարտված․

 

27․ Տղամարդ թե կին, եթե նա վհուկ կամ ոգեհմա է, անպատճառ պիտի մեռցվի. պիտի քարկոծեն նրանց։ Նրանց արյան մեղքն իրենց վրա լինի”»։

ՂԵՎՏԱԿԱՆ 20․ 27

 

Ի՞սկ ինչ է իրենց ներկայացնում այս «տոնը».

Պատմաբան Նիկոլաս Ռոջերսը, ուսումնասիրելով Հելոուինի ակունքները, նկատել է, որ չնայած դրա առաջացումը հին հռոմեական Պարենտալիաներ տոնի հետ կապելու ջանքերին, Հելոուինի նախատիպը ամենից հավանական է, որ միայն առաջացել է կելտական հեթանոսական Սամայն տոնից, որի բնութագիրը իռլանդական հին գրականության մեջ հայտնվել է 10-րդ դարից սկսած: Այս տոնի անվանումը առաջացել է հին իռլանդերեն Samhain բառից, որը նշանակում է «ամռան ավարտ» և հետևաբար դարձել է նոյեմբեր ամսվա իռլանդական անվանումը: Խորհրդանիշների մեծամասնությունն ունի երկար պատմություն։ Օրինակ՝ լուսատու դդումների պատրաստման ավանդույթը առաջացել է լապտերներ պատրաստելու կելտական ավանդույթից, որի միջոցով ըստ ավանդության հոգիները գտնում էին մաքրագործման ուղին: Տոնի գլխավոր խորհրդանիշը այսպես կոչված Ջեքի լապտերն է (անգլ.՝ Jack-o'-lantern)։ Այն դդում է, որի վրա փորագրված է չար, բայց միևնույն ժամանակ ծիծաղելի դեմք, իսկ դդմի ներսում տեղադրված է վառվող մոմ։ Համարվում էր, որ Բոլոր սրբերի օրը տան մոտ դրված այդպիսի բանջարեղենները վանում են չար ուժերին: Երբ Հելոուինի տոնման սովորույթը տարածվեց Ամերիկայում, Ջեքի ճրագը սկսեցին պատրաստել դդմից, որն ավելի հասանելի էր և էժան:

 

Այսպիսի բնութագրում գտա վիքիպեդիա ազատ հանրագիտարանից, կարող եք ավելի մանրամասն ընթերցել այնտեղ։

 

Այսպիսով, մենք՝ հայերս, տոնելով այս տոնը, Աստծուն մեր վարվելակերպով ևս մեկ անգամ ստիպում ենք ապացուցել, որ Տերը արդար Աստված է․․․  

 

Աստված սեր է։ Աստված բացի այն, որ սիրո աղբյուրն է նույնչափ արդար է։ Աստծո երկրավոր ժողովուրդը՝ Իսրայելը, շատ անգամներ է սեփական կաշվի վրա զգացել, թե՛ Աստծո արդար լինելու հանգամանքը և թե՛ սիրող լինելու հանգամանքը։

Երկար գերությունից դուրս գալու համար, Տերը բազմաթիվ հարվածներ բերեց Եգիպտոսի վրա (հարվածները՝ ԵԼՔ 7-11 գլուխներում), որպեսզի իր ժողովորդին ազատություն տրվի։ Աստված իրենների համար ծովը կիսեց և անցկացրեց մի ամբողջ ժողովուրդ՝ դրա միջով, փարավոնի զորքից փրկելու նպատակով։

 

21․ Մովսեսը մեկնեց իր ձեռքը ծովի վրա։ Տերն արևելյան սաստիկ քամիով ամբողջ գիշեր քշեց ծովը և ցամաքեցրեց այն, ու ջրերը ճեղքվեցին։ 22․ Իսրայելի որդիները ծովի միջով ցամաքով գնացին։ Ջրերը նրանց աջ և ձախ կողմերից պարիսպ դարձան։

ԵԼՔ 14․ 21 - 22

 

Այո՛, անչափ շատ են բնական և գերբնական օգնությունները, որոնք ցույց են տալիս Աստծո սերը, սակայն դրանցից մեծագույնը մարդու փրկության համար Աստծու Որդու մահն է։ Աստված փրկության հնարավորություն տվեց մարդուն, որպեսզի ով հավատա չմեռնի այլ հավիտենական կյանք ունենա։

 

16․ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ 17․ Որովհետև Աստված իր Որդուն աշխարհ չուղարկեց՝ դատելու աշխարհը, այլ որպեսզի նրա միջոցով աշխարհը փրկվի։ 18․ Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծու միածին Որդու անվանը։ 19․ Եվ ահա այս է դատաստանը. լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին։  

ՀՈՎՀԱՆՆԵՍ 3․ 16 - 19

 

Ինչպես ասվեց․ Աստված հավասարաչափ նաև արդար է, և սա միանշանակ ճիշտ է, քանի որ սերը առանց արդարության շահագործական է դառնում։

Աստված ազատեց իր ժողովուրդը, սակայն նրանք Տիրոջը պաշտելու փոխարեն կուռք շինեցին և սկսեցին հորթի երկրպագել, ինչին հաջորդեց Աստծո արդար դատավճիռը՝ նրանցից շատ շատերը մեռան։

 

1․ Ժողովուրդը, տեսնելով, որ Մովսեսն ուշացավ լեռից իջնելու, հավաքվեց Ահարոնի մոտ և ասաց նրան. «Վե՛ր կաց, մեզ համար աստվածնե՛ր շինիր, որպեսզի մեր առջևից գնան. որովհետև այդ մարդը՝ Մովսեսը, որ մեզ դուրս հանեց Եգիպտոսի երկրից, չգիտենք, թե ի՛նչ եղավ»։ 2․ Ահարոնն ասաց նրանց. «Ձեր կանանց, ձեր որդիների և ձեր աղջիկների ականջներից հանե՛ք ոսկե օղերը և բերե՛ք ինձ մոտ»։ 3․ Ամբողջ ժողովուրդն իր ականջներից հանեց ոսկե օղերը և բերեց Ահարոնի մոտ։ 4․ Նա դրանք վերցրեց նրանց ձեռքից և քանդակագործի գործիքով ձև տալով դրան՝ կերտեց մի ձուլածո հորթ։ Եվ ասացին. «Սա է քո աստվածը, ո՛վ Իսրայել, որ քեզ հանեց Եգիպտոսի երկրից»։

ԵԼՔ 32․ 1 - 4

 

35․ Եվ Տերը հարվածեց ժողովրդին պատրաստված այն հորթի համար, որ շինել էր Ահարոնը։

ԵԼՔ 32․ 35

 

Աստծո խոսքը մարդուն բացահայտում է մեղքի իրողությունը, ներկայացնում, որ մարդը կարող է երկինք գնալ միմիայն Հիսուս Քրիստոսի միջոցով, երբ ընդունի իր մեղավոր վիճակը, հավատա անկեղծ սրտով Տեր-Հիսուսի կատարած գործին ու իր բերանով խնդրի Տիրոջ օգնությունը։

 

Դու կարող ես այսօր ընդունել Աստծու կողմից տրվող հավիտենական կյանքը՝ խոստովանելով, որ ինքդ էլ մեղավոր ես ու տարբեր մեղքեր կյանքիդ ընթացքում գործել ես։

Հավատա, որ Աստծու միակ որդին՝ Հիսուս Քրիստոսը, քո մեղքերի համար մեռավ ու 3-րդ օրը հարություն առավ քեզ արդարացնելու համար։

 

Ի նշան քո հավատքի՝ սեփական բերանով Տիրոջը խոստովանի այդ ամենը ու կփրկվես։

 

Քո պարզ բառերով աղոթիր Տիրոջը և Նա քո սիրտը կքննի ու քեզ կդարձնի Իր զավակը, եթե չգիտես ինչպես փրկությունդ ստանալու համար աղոթել, լսիր աղոթքի օրինակ սեղմելով [ԱՅՍՏԵՂ]։

 

14․ և իմ ժողովուրդը, որի վրա իմ անունն է դրված, խոնարհվի, աղոթի, իմ երեսը փնտրի ու ետ դառնա իր չար ճանապարհներից, այն ժամանակ ես երկնքից կլսեմ, կներեմ նրա մեղքը և կբժշկեմ նրա երկիրը։

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 7:14

 

Նրանք ովքեր այս ամենը կատարել են ունեն հավիտենական կյանք, սակայն դեռ կա նաև սրբության կյանք ապրելու պատգամ, ուստի պետք չէ անհոգ գտնվենք, թեև փրկված ենք, այլ Աստծու Հոգիով քննենք մեղքը և դրանից փախչենք։

 



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.