Զորություն նեղության մեջ

1851 0% 2
Հոկտեմբերի 31, 2020թ. Տիգրան

Զորություն նեղության մեջ։ Առաջին հայացքից այս երկու բառերը արդեն իրար հակասող են թվում, սակայն դա միայն առաջին հայացքից։ Անժխտելի իրողություն է, որ թե՛ անհավատ մարդիկ և թե՛ հավատացյալները ունենում են նեղություններ, դրանք կարող են լինել չնչին կենցաղային հարցերից մինչև ահարկու, կյանքը վտանգող։

Նեղության տեսակներից է նաև մտատանջությունը, այսինքն՝ պատուհասը կարող է լինել ոչ միայն քո աչքերի առաջ, այլ անգամ մտքումդ։ Ինչպես հոդվածի հենց սկզբում ասվեց, հավատացյալներին նեղություններից ապահովագրման թյուր կարծիքը ճշմարտություն չէ։

Այս հոդվածի ընթացքում քննարկման առարկա չպիտի հանդիսանա մեր նեղությունների մեջ լինել կամ չլինելը, այլ դրանց մեջ գտնվելիս այն զորությունը, որը անհասանելի է Աստծու Հոգին չունեցողների համար։

9․ Իսկ նա ինձ ասաց. «Քեզ իմ շնորհը բավական է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում»։ Արդ ավելի հոժարությամբ իմ տկարություններով կպարծենամ, որպեսզի Քրիստոսի զորությունն իմ մեջ բնակվի։ 

Բ Կորնթացիներին 12․ 9

Խոսքը ասվեց Պողոս առաքյալին, երբ նա խնդրում էր Աստծուն ազատել իրեն՝ սատանայի հրեշտակի հարվածից, խոսքը նաև արդիական է այսօր, վաղը և հավիտյան։

Աստծու զորությունը մարդու տկարությանը հաղթում է, երբ մարդը Սուրբ Հոգուն է հանձնվում, և իրապես երբ մենք տանջվում ենք մարմնով, ավելի զորավոր հոգևոր կյանք ենք ապրում, քանի որ դադարում ենք մարմնի գործերի մասին խորհելը։

Գիտակցենք, որ «1 ժամ» անց պետք է անվերադարձ ավարտվի մեր երկրավոր կյանքը, ուստի մնում է գործերի քննությունը, եթե այս մտածումը ունենանք, եթե ամեն ժամը համարենք վերջինը (խոսքը միանշանակ անմիտ ծախսված ժամերին է վերաբերվում, այլ ոչ բնական պետքերին), ապա դրանք կծառայեցնենք Աստծու փառքի համար։

17․ Որովհետև մարմինը հոգու հակառակն է ցանկանում, իսկ հոգին՝ մարմնի հակառակը։ Եվ քանի որ սրանք իրար հակառակ են, չանե՛ք այն, ինչ կամենում եք։

Գաղատացիներին 5․ 17

 

Իսկ ինչու՞ է տկարության մեջ Աստծո զորությունը առավել զորանում, որովհետև այդ ժամանակ ենք սկսում մեր ժամանակը գնահատել։

Բայց ինչու՞ այսպես ապրել, ինչու՞ չենք տրամադրում մեր ժամանակից մեծ մասը Աստծուն, եթե ասենք հնարավոր չէ ստում ենք, քանի որ դու կարող ես այդ բանը անել, եթե ցանկանում ես։ Սուրբ գիրքը կարդա մինչ աշխատանքի գնալը, եթե կարիք կա արթնացիր 1 ժամ շուտ, քնիր 30 րոպե ուշ, լսիր ճանապարհին։ Շատ միջոցներ կան այս բաները անելու համար, եթե փնտրենք Աստված կօգնի մեր ջանքերին։

 

Զավեշտալի է, երբ միայն քրիստոնյա անունը կրող, սակայն Աստծու խոսքից անտեղյակ, վերստին ծնունդ չունեցած, անձնավորություններն են փորձում Աստծուն հաճոյանալ իրենց նեղությունների մեջ, ասենք․ Աստծու Հոգով արված աղոթքն է հասնում Աստծուն, իսկ մեղավոր մարդը նախ պետք է ապաշխարհի, որպեսզի Տիրոջ Հոգին ստանա։

18․ որովհետև նրանով երկուսս մեկ Հոգով Հորը մոտենալու արտոնություն ունենք։ 19․ Ուրեմն այսուհետև այլևս օտար ու պանդուխտ չեք, այլ սրբերի համաքաղաքացիներ և Աստծու ընտանիքի անդամներ՝

Եփեսացիներին 2․ 18 - 19

 

Սիրե՛լի ընթերցող, եթե ցանկանում ես ունենալ մեծագույն օգնականին այս կյանքում, դիմիր՝ Աստծուն։ Աստված մեղավոր մարդուց ոչ մի բարի գործ չի սպասում։ Դու պետք ունես քո կյանքը հանձնել Տեր֊Հիսուսին։

Աստծու խոսքը մարդուն բացահայտում է մեղքի իրողությունը, ներկայացնում, որ մարդը կարող է երկինք գնալ միմիայն Հիսուս Քրիստոսի միջոցով․ երբ ընդունի իր մեղավոր վիճակը, հավատա անկեղծ սրտով Տեր-Հիսուսի կատարած գործին ու անձին, իր բերանով խնդրի Տիրոջ օգնությունը։

 

Դու կարող ես այսօր ընդունել Աստծու կողմից տրվող հավիտենական կյանքը՝ խոստովանելով, որ ինքդ էլ մեղավոր ես ու տարբեր մեղքեր կյանքիդ ընթացքում գործել ես։

Հավատա, որ Աստծու միակ որդին՝ Հիսուս Քրիստոսը, քո մեղքերի համար մեռավ ու 3-րդ օրը հարություն առավ քեզ արդարացնելու համար։

Ի նշան քո հավատքի՝ սեփական բերանով Տիրոջը խոստովանի այդ ամենը ու կփրկվես։

Քո պարզ բառերով աղոթիր Տիրոջը և Նա քո սիրտը կքննի ու քեզ կդարձնի Իր զավակը, եթե չգիտես ինչպես փրկությունդ ստանալու համար աղոթել, լսիր աղոթքի օրինակ սեղմելով [ԱՅՍՏԵՂ]։

14․ և իմ ժողովուրդը, որի վրա իմ անունն է դրված, խոնարհվի, աղոթի, իմ երեսը փնտրի ու ետ դառնա իր չար ճանապարհներից, այն ժամանակ ես երկնքից կլսեմ, կներեմ նրա մեղքը և կբժշկեմ նրա երկիրը։

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 7:14

Նրանք ովքեր այս ամենը կատարել են ունեն հավիտենական կյանք, սակայն դեռ կա նաև սրբության կյանք ապրելու պատգամ, ուստի պետք չէ անհոգ գտնվենք, թեև փրկված ենք, այլ Աստծու Հոգիով քննենք մեղքը և դրանից փախչենք։

 



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.