«Իշխանություններին և պետություններին մերկացնելով, հայտնապես խայտառակեց ու նրանց հաղթանակեց իրենում»: Կող. 1:15
15-րդ խոսքը սկսվում է այսպիսի հայտարարությամբ՝ «Քրիստոսը՝ իշխանություններին ու պետություններին մերակցրեց», ռուսերեն տարբերակում գրված է՝ «Խլեց նրանց ուժը»:
Նախորդ թեմայի մեջ խոսել ենք այդ մասին, որ իշխանություններն ու պետությունները այստեղ նկատի ունի հրեշտակներին: Արդեն խոսել ենք այն մասին, թե ինպես է Քրիստոսը հրեշտակներին զորացնում, իսկ այստեղ՝ խոսքը վերաբերում է չար հրեշտակներին: Բայց ինչպե՞ս Նա մերկացրեց կամ խլեց նրանց ուժը:
Բնագրում «ուժը խլեց» բառի փոխարեն գրված է «զրկեց», այլ կերպ ասած «զինաթափ» արեց: Նա թշնամուն՝ սատանային զինաթափ արեց, զրկեց իր զենքից, մեր մեղքերի պարտամուրհակը խաչին գամելով: Սա նշանակում է, որ մինչև Քրիստոսի մահը, սատանան օգտագործել է այս փաստաթուղթը՝ Աստծու առջև, մարդկանց մեղադրելու համար:
Հայտնության 12:10-ում այս պատկերը հստակ է երևում՝ «Վայր նետվեց մեր եղբայրների չարախոսը, որ չարախոսում էր նրանցից՝ Աստծու առջև, գիշեր ու ցերեկ»: Նա իր չարախոսություններով փորձել է Աստծու բարկությունը բորբոքել մարդ արարածի վրա: «Որ փրկեց մեզ խավարի իշխանությունից, ու փոխադրեց իր սիրելի Որդու արքայության մեջ»:
Կող.1:13
Ուշադրության արժանի է նաև Պողոսի՝ Հռոմեացիների թղթում կատարած մեկնաբանաությունը:
«Որովհետև հաստատ գիտեմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ զորությունները, ո՛չ ներկա բաները, ո՛չ գալու բաները, ո՛չ բարձրություն, ո՛չ խորություն, ու ո՛չ մի ուրիշ ստեղծված բան՝ կարող է մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսում է»: Հռոմ. 8:38-39
Առաքյալն այստեղ խոսում է այն մասին, որ չար հրեշտակները ամեն կերպ փորձում են խանգարել և բաժանել հավատացյալներին՝ Աստծու սիրուց:
Նրանք ժամանակին մեր մեղքերին վերաբերող փաստաթուղթը օգտագործել են որպես զենք, որպեսզի մարդկանց կարողանան պահել իրենց իշխանության տակ: Բայց Քրիստոսը կարողացավ իր մահով զինաթափ անել նրանց, և այս փաստաթուղթը գամել խաչին:
Հիսուսի մահը, զրկեց սատանային՝ մարդկանց մեղադրելու իրավունքից: Ավելին, Նա ոչ միայն զինաթափ արեց նրանց, այլև խայտառակեց՝ Աստծու, հրեշտակների, մարդկության առաջ՝ «մերկացնելով, հայտնապես խայտառակեց ու նրանց հաղթանակեց իրենում»: Նա այդ հաղթանակն անձամբ իր անձով տարավ և հենց իրենում խայտառակեց նրանց: Բնագրի ուղիղ թարգմանությամբ՝ «հաղթանակեց» բառը նշանակում է՝ «գերեվարել ու հաղթական երթի ելնել»:
Նույն տերմինը հին աշխարհում օգտագործել են որևէ զորավարի նկատմամբ, երբ հաղթանակից հետո, երթով մտել է քաղաք: Հաղթողը, իր կառքով գնալով առջևից, առաջնորդել է բանակին՝ քաղաքի փողոցներով դեպի հրապարակ: Նրանց հետևից քարշ են տվել շղթաներով կապված գերիներին՝ որոնց թվում եղել են և պարտված թագավորներն ու իշխանները:
Այստեղ առաքյալը հենց նույն տեսարանն է նկարագրում՝ Քրիստոսի տարած հաղթանակի վերաբերյալ: Նա հաղթանակից հետո ի ցույց ամբողջ տիեզերքի խայտառակեց թշնամուն, ամբողջությամբ զինաթափելով նրան: Այս հաղթական շքերթի զորավարը Տեր Հիսուսն է, փա՜ռք, Նրան...
Խաչը Նրա կառքն է, իսկ գերեվարվածները, որոնք խայտառակ եղած քարշ են եկել Տեր Հիսուսի հետևից, չար հրեշտակներն են: Այս տեսարանը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Տերը կախված է եղել խաչափայտից: Արտաքինից խաչը եղել է Հիսուսին նսեմացնող գործիք, սակայն իրականում այն եղել է Նրա «հաղթական կառքը»:
Գերեվարված դևերին դատաստան է սպասվում, և սա նրանք գերազանց գիտեն: Վաղորոք խոսել ենք այն մասին, որ Քրիստոսը իշխում է ամբողջ ստեղծագործության, այդ թվում և իշխանությունների ու տերությունների վրա, որովհետև ամեն բան ստեղծված է Նրանով ու Նրա համար:
Խաչի վրա տարած հաղթանակով, Նա իր իշխանությունը տարածեց ամբողջ ստեղծագործության վրա և չկա այնպիսի մի ուժ, որ կարողանա ընդիմանալ Նրան:
Նյութի սկզբնաղբյուր՝ Մարատ Զաքարյան