Սեր։ Կախումնավոր կամ Անձնազոհ

108 1% 1
Հուլիսի 20, 2020թ. Տիգրան

Աշխարհում ամենափափագելի բաներից մեկը սերն է։ Ծնողները փափագում են երեխաների, ամուսինները միմյանց, դեռահասները հասակակիցների սերը ստանալ։ Մարդկային տրամաբանությամբ առաջնորդվելիս շատ անգամ սերը նույնականացվում է փոխադարձ հարգանքի հետ։ Այն համարվում է՝ մարդուն բնորոշ զգացմունք, բնորոշվում է իբրև՝ խորը, անձնուրաց նվիրվածություն այլ մարդու կամ օբյեկտի նկատմամբ։

 

Սիրո ձևերի դասակարգումը ներկայացվում է նաև անտիկ հունա-հռոմեական մշակույթում։ Առանձնացվում էին սիրո չորս տեսակներ.

  • «Էրոս» (հին հուն․՝ έρως) — տարերային զգացմունքային խանդավառ սեր՝ ուղղված սիրո առարկայի նկատմամբ պաշտամունքի,
  • «Ֆիլիա» (հին հուն․՝ φιλία) — ընկերային սեր կամ սեր-մտերմություն ըստ գիտակցված ընտրության,
  • «Ստորգե» (հին հուն․՝ στοργή) — գորովալից ընտանեկան սեր,
  • «Ագապե» (հին հուն․՝ ἀγάπη) — զոհական սեր։

 

Բացի այս բերված սիրո տեսակներից, աշխարհում կա մեկ այլ ասացվածք էլ սիրո մասին։

ՇԱՏ ՄԻ՛ ՍԻՐԻՐ, ԱՏԵ՛Լ ԿԱ․․․

 

Այո՛, այսպիսին է մարդու մեջ եղած սերը, այն կախված է պարագաներից, սակայն գոյություն ունի սիրո տեսակ, որը հակառակ է մեզ ծանոթ սիրուն` 180 աստիճանով։ Հենց այս ամբողջովին տարբեր սիրո մասին է, որ ցանկանում եմ խոսել։

 

Աստված այդ սերը նկարագրում է հետևյալ կերպով․

 

4 Սէրը երկայնամիտ է՝ քաղցր է. Սէրը չէ նախանձվում, չէ գոռոզանում, չէ հպարտանում։ 5 Չէ լրբանում, իրը չէ որոնում, չէ գրգռվում, չարը չէ մտածում. 6 Անիրաւութեան վերայ չէ ուրախանում, բայց ուրախանում է ճշմարտութեան հետ. 7 Ամեն բանի դիմանում է. Ամեն բան հաւատում է, ամեն բանի համար յոյս ունի, ամեն բանի համբերում է։

1 Կորնթացիս 13. 4 - 7

 

 Աստվածային սերը գործնական է, կախված չէ իրավիճակներից և այն նման չէ այս աշխարհում եղած սիրուն, Այն չի ենթարկվում «սիրիր որ սիրեմ» կանոնին։ Աստված մեզ սիրեց առաջ ամեն բանից, դեռ այն ժամանակ, երբ մենք Աստծու դեմ էինք գործում։

 

 10 Սորանում է սէրը, որ ոչ թէ մենք սիրեցինք Աստուծուն, այլ որ նա սիրեց մեզ, եւ ուղարկեց իր Որդուն քաւութիւն մեր մեղքերի համար։

1 Հովհաննես 4․ 10

 

Աստված մարդուն սիրեց, դեռ այն ժամանակ երբ նա մեղքի մեջ էր՝ Եդեմում։ Աստված Ադամին և Եվային կաշվե հագուստներ հագցրեց, խորհրդանշելով այն մահը, որ նրանց վրայից պիտի տեղափոխի իր վրա։

 

21 Եւ Եհովայ Աստուածն Ադամի եւ նորա կնոջ համար կաշուց հանդերձներ շինեց, եւ հագցրեց նորանց։

Ծննդոց 3․ 21

 

 Աստված մարդուն ցույց տվեց իր գործնական սերը, թողնելով իր փառքը, երկնքի անսահմանությունը, Նա մեր համար սահմանափակվեց մարդկային մարմնում, ժամանակի ու տարածության մեջ, որ ով խոնարհվի ու խոստովանի, թե ինքն էլ ունի Տիրոջ օգնության կարիքը, խնդրի որ Աստված իրեն էլ տա Հիսուսի արյունով վճարված մեղքերի թողությունը։ Հավիտենական կյանք ստանա։

 

8 Որովհետեւ շնորհքով էք փրկուած հաւատքի ձեռովը. Եւ սա ոչ թէ ձեզանից է, այլ Աստուծոյ պարգեւն է. 9 Ոչ թէ գործերից, որ մէկը չ’պարծենայ։

Եփեսացիս 2. 8

4 Յիրաւի՜ նա մեր ցաւերը վեր առաւ, եւ մեր վիշտերը բեռնեց իր վերայ, բայց մենք նորան պատուհարուած էինք համարում, Աստուածանից զարկուած եւ նկուն եղած։ 5 Բայց նա մեր մեղքերի համար վիրաւորուեցաւ, եւ մեր անօրէնութիւնների համար հարուածուեցաւ, մեր խաղաղութեան պատիժը նորա վերայ եղաւ, եւ նորա վէրքերովը մենք բժշկուեցանք։  6 Մենք ամենքս աչխարների պէս մոլորուեցանք, իւրաքանչիւրն իր ճանապարհին դառաւ. Եւ Տէրը նորա վերայ դրաւ մեր ամենի մեղքը։ 7 Նա անիրաւութիւն կրեց եւ չարչարուեցաւ, բայց իր բերանը չբացաւ, ինչպէս մի ոչխար որ մորթուելու է տարվում, եւ ինչպէս մի մունջ մաքի իր խուզողների առաջին, այնպէս իր բերանը չբացաւ։

Եսայիա 53. 4 - 7

 

Երբ մենք հավատում ենք այս ամենին ու ցանկանում ենք  ստանալ Աստծո ձրի պարգևը, Նրա գործնական սիրո պարգևները մեր կյանքում, ինչպես նաև մեղքերի թողություն ու հավիտենական կյանք, կարող ենք պարզ աղոթքով Աստծուն դիմել, խոստովանելով մեր մեղավոր վիճակը, որ ես էլ մեղքեր եմ գործել մեծ ու փոքր, ես էլ ՏԵՐ ունեմ քո կարիքը, խնդրում եմ արի իմ կյանք և այն նույնպես փոխիր քո կամքի համեմատ: Ահա նման մի աղոթքի օրինակ, կարող եք լսել ու կրկնել, սեղմելով [ԱՅՍՏԵՂ]։ Աստված չի նայում Ձեր ճոխ նախադասություններին, այլ Ձեր սրտի ցանկությանը։



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.