Շարունակում ենք Ի՞նչպես հավիտենական կյանք ստանալ հոդվածների շարքը, նախորդ 2 մասերում խոսեցինք այն մասին, թե ինչպես մարդը, ով անմեղ և հավիտենական էակ էր, դարձավ մեղսալի անձնավորություն։ Խոսեցինք ինչպես Աստված մարդկությանը տվեց օրենքը, ինչով մարդը պետք է հասկանար իր մեղավոր լինելը, սակայն կեղծավորւթյամբ սկսեց ցույց տալ, թե պահում է այն և ինքը կատարյալ է։
3-րդ մասը կարդալուց առաջ անպայման խորհուրդ եմ տալիս կարդալ 1-ին և 2-րդ մասերը՝ սեղմելով համապատասխան թվերի վրա։
Այս մասում խոսելու ենք, այն հիասքանչ լուծման մասին՝ ինչը պատրաստեց Աստված, մեղքով վարակված մարդու համար, սիրելով մեզ դեռ այն ժամանակ երբ մեռած էինք մեր մեղքերի մեջ, սկսած Ադամից և Եվայից։ Գուցե շատերի համար տարօրինակ թվա, թե ինչու ենք մեռած մեղքերի մեջ, չէ որ հավատում ենք Աստծուն և Եկեղեցի ենք գնում, սակայն Աստված այսպիսի բնորոշում է տալիս բոլոր նրանց ովքեր չեն ընդունել Մեսիային իբրև իրենց կյանքի Տեր և Փրկիչ, քանի որ Քրիստոնյա դառնում են անհատապես, այլ ոչ ուրիշների հավատքով։ Քրիստոնյա երկրում ծնվածը Քրիստոնյա չէ, Քրիստոնյա ծնողներ ունեցողը Քրիստոնյա չէ։ Քրիստոնյա դառնում են անհատապես։
4 Յիրաւի՜ նա մեր ցաւերը վեր առաւ, եւ մեր վիշտերը բեռնեց իր վերայ, բայց մենք նորան պատուհարուած էինք համարում, Աստուածանից զարկուած եւ նկուն եղած։ 5 Բայց նա մեր մեղքերի համար վիրաւորուեցաւ, եւ մեր անօրէնութիւնների համար հարուածուեցաւ, մեր խաղաղութեան պատիժը նորա վերայ եղաւ, եւ նորա վէրքերովը մենք բժշկուեցանք։ 6 Մենք ամենքս աչխարների պէս մոլորուեցանք, իւրաքանչիւրն իր ճանապարհին դառաւ. Եւ Տէրը նորա վերայ դրաւ մեր ամենի մեղքը։ 7 Նա անիրաւութիւն կրեց եւ չարչարուեցաւ, բայց իր բերանը չբացաւ, ինչպէս մի ոչխար որ մորթուելու է տարվում, եւ ինչպէս մի մունջ մաքի իր խուզողների առաջին, այնպէս իր բերանը չբացաւ։
Եսայիա 53․ 4 - 7
Ո՞ւմ մասին է գրված այս համարներում։ Եսայի մարգարեն խոսում էր գալիք Մեսիայի վերաբերյալ, ով բոլոր մարդկանց, բոլոր Երկիր մոլորակի վրա ապրած և ապագայում ապրող մարդկանց մեղքերը իր վրա վերցրեց, որպեսզի ով հավատա և բերանով Տիրոջը իր կյանք հրավիրի նա փրկվի գործած մեղքերից դառնալով Աստծո որդի։
28 Եւ ետ դառնալիս իր կառքումը նստած կարդում էր Եսայիա մարգարէի գիրքը։ 29 Հոգին էլ Փիլիպպոսին ասեց. Մօտեցիր եւ հասիր այդ կառքին։ 30 Եւ Փիլիպպոսն առաջ վազելով լսեց որ Եսայիա մարգարէի գիրքն էր կարդում, եւ ասեց. Հասկանո՞ւմ ես արդեօք կարդացածդ։ 31 Նա էլ ասեց՝ Ի՞նչպէս կ’կարողանամ, եթէ մէկը չ’առաջնորդէ ինձ. Եւ Փիլիպպոսին աղաչեց, որ վեր ելնէ նստէ նորա հետ։ 32 Եւ գրքի պարունակութիւնն որ կարդում էր՝ այս էր. Ինչպէս ոչխար տարուեցաւ մորթուելու. Եւ ինչպէս գառն իր խուզողի առաջ լուռ կացած՝ այնպէս չէ բանում իր բերանը։ 33 Նորա խոնարհութիւնովը նորա դատաստանը վեր առնուեցաւ, նորա ցեղն ո՞վ պիտի պատմէ. Որովհետեւ նորա կեանքը երկրիցս վեր է առնվում։ 34 Եւ ներքինին պատասխանեց Փիլիպպոսին եւ ասեց. Աղաչում եմ քեզ, մարգարէն սա ո՞ւմ համար է ասում. Իրա՞ն համար, թէ մի ուրիշի համար։ 35 Փիլիպպոսն էլ իր բերանը բացաւ, եւ այս գրքիցը սկսած՝ Յիսուսն աւետարանեց նորան։
Գործք առաքելոց 8․ 28 - 35
Ինչպես տեսնում եք այս համարից խոստացված Մեսիան՝ Հիսուս Քրիստոսն էր, ով մարդու համար ծնվեց, ինքը ամենակարող Աստված լինելով և համայն մարդկության ստեղծիչը լինելով ծնվեց մարդուց, անվանվելով մարդու որդի, որպեսզի փրկի մարդկությանը, և այս փրկությունը կատարվեց խաչի վրա։
4 Վասնզի օրէնքի վախճանը Քրիստոսն է ամեն հաւատացողի համար դէպի արդարութիւն։
Հռովմայեցիս 10․ 4
Աստված լրացրեց օրենքը, իր վրա վերցնելով մահվան դատապարտությունը մարդու վրայից՝ հայտնվեց Հիսուս Քրիստոսի անձով ու չարչարվելով խաչը ելավ։ Մարդուց պահանջվում է հավատալ և բերանով խոստովանել որ մեղավոր է, փոքր ու մեծ մեղքեր գործել է, և կարիք ունի փրկչի, մեկի ով կազատի իր մեղքերից։
Օրենքը պահանջում է ջանք թափել, պատվիրաններ պահել, սակայն Հիսուս ասում է կատարեցի հավատա, որ դժոխք չգնաս։
28 Ուրեմն համարում ենք, որ մարդը հաւատքով է արդարանում առանց օրէնքի գործերի։
Հռովմայեցիս 3․ 28
9 Որովհետեւ եթէ բերանովդ Յիսուսին Տէր դաւանես, եւ սրտումդ հաւատաս թէ Աստուած յարութիւն տուաւ նորան մեռելներից, կ’ապրես։ 10 Քանզի սրտով հաւատում ենք արդարանալու համար, եւ բերանով դաւանում ենք փրկուելու համար։ 11 Որովհետեւ գիրքն ասում է. Ամեն ով որ հաւատայ նորան՝ չի ամաչիլ։
Հռովմայեցիս 10․ 9 - 11
Եթե ցանկանում եք ավելի մանրամասն և մատչելի հասկանալ Աստծո փրկության ծրագիրը, դիտեք հետևյալ տեսանյութը, սեղմելով [ ԱՅՍՏԵՂ ]