ԻՆՉՈՒ՞ ԵՆՔ ԽԱԽՏՈՒՄ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ

181 1% 2
Ապրիլի 10, 2021թ. Տիգրան

Մարդը իր կյանքի ընթացքում բազմաթիվ անգամ մեղանչում է։ Մենք ստում ենք, չարախոսում, բամբասում կամ սպանում, շնանում, գողանում։ Այո՛ մենք թեպետ խախտում ենք Աստծու պատվիրանները, սակայն ինքնաարդարացումներ ենք գտնում՝ համարելով մեկ պատվիրանը մյուսից պակաս կարևոր։

Ադամը և Եվան վռնդվեցին դրախտից, նրանք խախտեցին Աստծու պատվիրանը ու թե՛ իրենք, թե՛ իրենց սերունդները դատապարտվեցին մահվան։ Երբևէ մտածել ե՞ք ինչ պատվիրաններ էին խախտել նրանք․ մեր նախածնողները ընդամենը 1 պատվիրանի էին անհնազանդ գտնվել՝ կերել էին արգելված պտուղը, սակայն այդ 1 պատվիրանը խախտելով նրանք խախտեցին ամբողջ օրենքը։
 

10․ Որովհետև ով ամբողջ օրենքը պահի և մեկ բանում սայթաքի, ամբողջ օրենքին պարտական կլինի.

Հակոբոս 2։10


 

Խնդիրը նրանում է, որ երբ մարդը չհնազանդվեց Աստծուն ու կատարեց առաջին մեղքը՝ մարդկային սերունդը դարձավ անկարող այլևս պահելու ԱՍՏԾՈՒ ՍՈՒՐԲ ՕՐԵՆՔԸ։

 

Այսպիսով Աստծու օրենքը եթե չկատարենք կմեռնենք՝ այսինքն դժոխք կգնանք, և մյուս կողմից մենք չենք կարող կատարել Աստծու Սուրբ օրենքը, քանի որ ձախողելով այն մեկ անգամ, դարձանք մեղավորներ՝ այլևս կորցնելով այն պահելու կարողությունը։ Երբ այս ամենը համակարգում ենք, մի բան է դառնում հասկանալի․ մարդը ծնվելով խախտում է Աստծու օրենքը, մահանում ու պիտի դժոխք գնա, անկախ թե ինչպիսի մարդ էր գթասիրտ, թե՛ չարամիտ։ 
 

Եթե չենք կարող կատարել Աստծու օրենքը, ապա ինչու՞ է այն տրվել մեզ, այս հարցումների պատասխանը կարդում ենք Աստծու Խոսքից։

5․ Որովհետև քանի դեռ մարմնի մեջ էինք, մեղսավոր կրքերը, որ օրենքի պատճառով էին, զորանում էին մեր անդամների մեջ, որպեսզի մենք պտղաբեր լինենք մահվան համար։

Հռոմեացիներին 7։5

 

7․ Արդ ի՞նչ ասենք. օրենքը մե՞ղք է. քա՛վ լիցի։ Բայց ես մեղքը չէի ճանաչի, եթե ոչ օրենքի միջոցով, և ցանկությունն էլ չէի ճանաչի, եթե օրենքը չասեր՝ «Մի՛ ցանկացիր»։ 8․ Պատվիրանը առիթ դարձավ մեղքի, իմ մեջ ամեն տեսակ ցանկություն առաջացրեց, որովհետև առանց օրենքի մեղքը մեռած է։ 9․ Ես էլ մի ժամանակ ապրում էի առանց օրենքի, բայց երբ պատվիրանը եկավ, մեղքը վերակենդանացավ։ 10․ Իսկ ես մեռա, և այն պատվիրանը, որ կյանքի համար էր, ինձ համար մահվան պատճառ դարձավ, 11․ որովհետև մեղքը պատվիրանով առիթ գտավ, ինձ խաբեց ու դրանով սպանեց։

Հռոմեացիներին 7։7-11


 

Այո՛ մարդը անկախ իր կամքից մեղանչում է ու դատապարտվում մահվան և Աստծու Սուրբ օրենքը մեզ սպանում է, քանի որ մենք Սուրբ չենք այլ մեղավորներ․․․

19․ Որովհետև անում եմ ոչ թե բարին, որ ուզում եմ, այլ անում եմ չարը, որ չեմ ուզում։ 20․ Ուրեմն եթե անում եմ այն, ինչ ես չեմ ուզում, այլևս ե՛ս չեմ անում, այլ իմ մեջ բնակվող մեղքը։

Հռոմեացիներին 7։19-20

 


 

ԼՈՒԾՈՒՄԸ․

Մարդու համար Աստված այս վիճակից դուրս գալու ճանապարհ պատրաստեց։ ՄԻ ԱՆՄԵՂ ՄԵՌԱՎ ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ, ՈՐՊԵՍԶԻ ՄԱՐԴԸ ԿԱՐՈՂԱՆԱ ԱՐԴԱՐԱՆԱԼ ԱՌԱՆՑ ԱՆՁԱՄԲ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՍՈՒՐԲ ՕՐԵՆՔԸ։
 

26․ Մեզ այսպիսի քահանայապետ էր պետք՝ սուրբ, անմեղ, անարատ, մեղավորներից զատված ու երկնքից վեր բարձրացած, 27․ որը, ինչպես ուրիշ քահանայապետներ, պետք չունի ամեն օր նախ իր մեղքերի համար զոհ մատուցելու և հետո՝ ժողովրդի մեղքերի համար, քանի որ նա մեկ անգամ կատարեց այդ՝ ինքն իրեն պատարագ մատուցելով։ 

Եբրայեցիներին 7։26-27


 

Հիսուս Քրիստոսը չարչարվեց խաչի վրա մեզ համար, մեր մեղքերի ու անօրենությունների համար նրան չարչարեցին, խաչեցին, բայց երբ մեռավ 3-րդ օրը հարություն առավ և այսօր բարեխոս է իրեն եկածների մեղքերի համար, իսկ մենք Աստծու արդարներն ենք՝ Հիսուս Քրիստոսի արյան արժանիքով։

 

11․ Իսկ Քրիստոսը՝ գալիք բարիքների Քահանայապետը, եկավ՝ անցնելով ավելի մեծ, կատարյալ և անձեռակերտ խորանով, այսինքն՝ ո՛չ այս աշխարհի արարածների կողմից պատրաստված 12․ և ո՛չ էլ նոխազների ու զվարակների արյունով, այլ իր իսկ արյամբ մեկ անգամ այն սրբարանը մտավ ու հավիտենական փրկություն ստացավ։ 13․ Որովհետև եթե ցուլերի, նոխազների արյունը և երինջների մոխիրը շաղ տալով՝ մաքրում են պղծվածների մարմինը, 14․ որչա՜փ ևս առավել Քրիստոսի արյունը, որ հավիտենական Հոգով ինքն իրեն անարատ զոհ մատուցեց Աստծուն, կմաքրի ձեր խիղճը այն մահացու գործերից, որպեսզի կենդանի Աստծուն պաշտեք։

Եբրայեցիներին 9։11-14


 

 

Այսօր Աստված մարդկությանը ասում է․

22․ Խոսքը կատարողնե՛ր եղեք և ոչ միայն լսողներ, որ ինքներդ ձեզ խաբեք։

Հակոբոս 1:22 


 

Տեր Հիսուս իր կյանքը հենց քեզ համար տվեց, բայց բավարար չէ միայն իմանալ այդ մասին, եթե ցանկանում ես որ Տերը քո կյանքի մեջ էլ գա ու իր արյամբ մաքրի մեղքերդ, նախ դու պետք է խնդրես Նրան այդ մասին։
 

ՊԱՐԶ ԱՂՈԹՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՏԵՐ ՀԻՍՈՒՍԻՆ ԴԻՄԻՐ ՈՒ ԿՅԱՆՔԴ ՀԱՆՁՆԻՐ ԱՍՏԾՈՒՆ, ՈՐՊԵՍԶԻ ՍՏԱՆԱՍ ՄԵՂՔԵՐԻ ԹՈՂՈՒԹՅՈՒՆ, ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔ ԵՎ ԱՅՆ ՍՔԱՆՉԵԼԻ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ, ՈՐ ՏՐՎԱԾ ԵՆ ԱՍՏԾՈՒ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ։


 

Ահա նման աղոթքի մի պարզ օրինակ․

«Երկնավոր հայր, շնորհակալ եմ որ ինձ համար Տեր Հիսուսի արյունն ես թափել խաչի վրա, խնդրում եմ Տեր ներիր ամեն գործած մեղքերս և ջնջիր դրանք իմ Փրկչի արյամբ։ Ես ընդունում եմ Տեր Հիսուսին որպես իմ կյանքի Տերը և Աստվածը, խնդրում եմ որ Քո խոստումի համաձայն իմ կյանք ևս գաս և փոխես այն քո կամքի համաձայն։ Այս ամենը Տեր Հիսուսի թանկագին անունից եմ խնդրում։ Ամեն։»


 

18. Հիմա եկե՛ք վիճաբանենք,- ասում է Տերը,- եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն. եթե դրանք որդան կարմիրի նման են, բրդի պես սպիտակ կդառնան։

ԵՍԱՅԻ 1. 18

 

Աստված քննում է մարդկանց սրտերը և չի նայում նրանց ճոխ նախադասություններին, եթե հավատքով աղոթեցիր ապա Տերը հավատարիմ է՝ քո մեղքերը ներեց և հավիտենական կյանք տվեց ու շնորհեց Իր Սուրբ Հոգին։



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.