Անարդարություն։ Մարդկային մեղքի հետևանքը

127 1% 1
Հոկտեմբերի 17, 2021թ. Տիգրան

24․ Կան մարդիկ, որոնց մեղքերը հայտնի են դատաստանից առաջ, իսկ ոմանց մեղքերն էլ հետո են ի հայտ գալիս։  

Ա Տիմոթեոսին 5:24

Աստված սուրբ է, հավատարիմ, բարի, Աստված արդար է։ Ինչպես Տիրոջ սրբությունը և հավատարմությունը նույնպեսև Նրա արդարությունը քննարկման ենթակա չէ։

Աստված արդար է և չի հանդուրժի մեղքը, չի հանդուրժի աշխարհի շարունակական մեղսալից ընթացքը, չի արտոնի իր զավակներին ամենաթողություն։

 

Այս ամենը լավ հասկանալով շատերը հարցում են տալիս․ «ինչու՞ է աշխարհը այսչափ անարդար, ինչի՞ համար են այս մահտարաժամերը, անարդարությունները, պատերազմները, ինչու՞ է Աստված թույլատրում այս ամենը», այո՛ հարցումը շատերն ունեն, սակայն քչերն են հետամուտ լինում հարցման պատասխանը որոնելուն։

 

Կարևոր է հասկանալ, որ Աստծու և մարդու միջև երկխոսություն տեղի է ունենում աղոթքի և Աստվածաշնչի ընթերցանության համադրմամբ, ուստի փնտրելու համար այս հարցումների պատասխանը պետք է կարդանք Տիրոջ Խոսքը։

12․ Ուստի ինչպես որ մեկ մարդու միջոցով մեղքն աշխարհ մտավ, մեղքի միջոցով էլ՝ մահը, այդպես էլ մահը բոլոր մարդկանց վրա տարածվեց, որովհետև բոլորը մեղանչեցին։

Հռոմեացիներին 5:12  

 

Խոսքը հստակ բացատրում է, որ մեղքը/անեծքը/տառապանքը աշխարհ մտավ մեկ մարդու՝ Ադամի միջոցով, ուստի մարդկությունը ժառանգելով նախածնողներից մեղքի բնությունը՝ ժառանգում են նաև ցավ, տառապանք ու մահ։

 

Հենց սկզբից խոսեցինք Աստծու արդարության մասին, իսկ հիմա ասում ենք․ մարդիկ տառապում են իրենց նախածնողներից մեղքի բնությունը ժառանգելու պատճառով, առաջին հայացքից այս ամենը հակասական է թվում, սակայն դա այդպես չէ։ Մարդը անհնազանդ գտնվեց Աստծուն և վաստակեց տառապանք՝ սեփական կամքով, թե՛ իր, թե հաջորդ սերունդների համար, բայց Աստված ամեն բան այսպես չթողեց, այլ ազատման ճանապարհ բացեց մարդու համար՝ մի մեծ Զոհի միջոցով։

 

16․ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ 17․ Որովհետև Աստված իր Որդուն աշխարհ չուղարկեց՝ դատելու աշխարհը, այլ որպեսզի նրա միջոցով աշխարհը փրկվի։ 18․ Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծու միածին Որդու անվանը։  

ՀՈՎՀԱՆՆԵՍ 3։16-18

Աստված Իր Որդին զոհեց մարդկության համար, Հիսուս Քրիստոսը չարչարված և մահացավ խաչի վրա, իբրև մի չարագործ Տերը սեպվեց, որպեսզի իր փոխանորդական մահով կյանք պարգևի հույսից կտրվածներին։

 

Աստված ասում է․ հավատա և խոստովանիր մեղավոր լինելդ, որպեսզի քո Փրկչի արյամբ թողություն ստանաս։

5․ Բայց նա մեր հանցանքների համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց. պատիժը, որ մեզ բարօրություն բերեց, նրա վրա ընկավ, և նրա վերքերով մենք բժշկվեցինք։ 6․ Մենք բոլորս մոլորվեցինք ոչխարների պես, յուրաքանչյուրն իր ճանապարհով գնաց, բայց Տերը նրա վրա դրեց մեր բոլորի անօրենությունը։ 7․ Նա ճնշվեց ու չարչարվեց, բայց չբացեց իր բերանը, ինչպես մի գառ, որ մորթվելու է տարվում, և մի մունջ ոչխարի պես, որ կանգնում է իրեն խուզողների առաջ, այնպես էլ նա չբացեց իր բերանը։

ԵՍԱՅԻ 53։5-7

 

Աստված բոլորին է հրավիրում փրկության։ Փրկություն նշանակում է ազատագրվել մեղքից ու դրա դատապարտությունից։

Մեկ միջոց ու փրկություն կա այդ ամենից և նա հենց Հիսուս Քրիստոսն է։ Դու կարիք ունես Տեր Հիսուսին դիմելու։

Աստծուն կյանքը հանձնելու համար պետք է պարզապես մի պարզ աղոթք անել, խնդրելով որպեսզի Տերը Քո կյանքի մեջ էլ գա ու փոխի այն իր կամքի համեմատ։

 

Ահա նման աղոթքի պարզ օրինակ․

«Տեր֊Հիսուս ես ընդունում եմ, որ մեղավոր եմ։ Խնդրում եմ ներիր իմ մեղքերը, արի իմ կյանքի մեջ և փոխիր այն քո կամքի համեմատ։ Տեր ի՛մ դարձրու ինձ քո որդին, և օգնիր որ ճանաչեմ որ դու իմ Փրկիչն ու Աստվածն ես։ Այս ամենը քո թանկագին անունից եմ խնդրում։ Ամեն»։

18. Հիմա եկե՛ք վիճաբանենք,- ասում է Տերը,- եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն. եթե դրանք որդան կարմիրի նման են, բրդի պես սպիտակ կդառնան։

ԵՍԱՅԻ 1. 18  

 

Աստված քննում է մարդկանց սրտերը և չի նայում նրանց ճոխ նախադասություններին, եթե հավատքով աղոթեցիր ապա Տերը հավատարիմ է՝ քո մեղքերը ներեց և հավիտենական կյանք տվեց ու շնորհեց Իր Սուրբ Հոգին։



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.